«5 տարի առաջ, երբ այս դատավարությունը սկսվեց, անկեղծ չէի էլ կասկածում, որ սենց է լինելու, որ բավականին ձգվելու է և ունենալով փորձ, տեսնելով՝ ոնց է աշխատել մինչ ինձ, տենց համոզմունք ունեի, որ ձգելու են առավելագույնս և վերջում կամ համաներում է լինելու, կամ որ ինքը կռվել է ղարաբաղյան պատերազմում, դա հաշվի կառնեն և կարդարացնեն կամ բաց կթողնեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Լևոն Երանոսյանի գործով տուժող Զավեն Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը չարաշահելու հոդվածով, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով։
Զավեն Գրիգորյանը նշեց՝ ստացել էր ոտքի բաց կոտրվածք, այրվածք, երկու վիրահատություն է անցել․ «Հաշվի առնելով, որ այդ պահին, երբ դեպքը տեղի ունեցավ, ես արյան քաղցկեղի մեջ էի, և երբ դա տեղի ունեցավ, իմ առաջին վիրահատությունը ոչ մի արդյունք չտվեց, հետո արվեց երկրորդը ավելի լավ ընթացք ունեցա բուժման, սակայն երկրորդ վիրահատությունից հետո, երբ սերտաճեց ոտքս, նորից իմ հիվանդությունը կրկնվեց։ Ստացվեց, որ երկու տարի ես հիվանդանոցային վիճակի մեջ էի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք դեռ 2019-ին մեկնարկած դատական ընթացքը, Լևոն Երանոսյանի գործով տուժողը պատասխանեց․ «Ինչքան ներկա եմ եղել, ինձ համար ակնհայտ էր, որ դատավորը կողմնակալ է, ուզում է Երանոսյանին արդարացնել։ Մեկ անգամ դատական նիստը սկսելուց առաջ Երանոսյանը տեսնելով ինձ բացականչեց՝ տեսա՞ր, որ Նիկոլդ դավաճան է․ դատավորի ներկայությամբ, և ոչ մի արձագանք դատավորի կողմից։ Բնականաբար, ասացի, որ քո նախկին տերերն են դավաճան։ Ես տեսնում էի, որ դա միտումնավոր ձգձգվում է, ամեն անգամ ինձ զանգում, ասում են՝ այսօր այս ժամին լինելու է դատական նիստ, հետո հետաձգվում էր, ասում էի՝ ի՞նչն է պատճառը, ասում էին՝ գրավոր գրեք, կպատասխանենք, թե ինչու է հետաձգվում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի


















































