«2024 թվականին կատարվածը հասկանալու համար հիշենք, որ 2023-ին վերջնականապես զոհաբերվեց Արցախը»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում, ամփոփելով անցնող 2024 թվականն, ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ուղղված էր դրան եւ նրանք դա համարյա չէին էլ թաքցնում մի շարք հրապարակային հայտարարություններով՝ ընդհուպ մինչեւ ասելով, որ Հայաստանն իրական անկախություն ձեռք բերեց 2023 թվականին՝ Արցախի պաշտպանության ուղղությամբ ոչինչ չանելով եւ Արցախը զոհաբերելով Ադրբեջանին։
«Ու այստեղ սկսվում է 2024 թվականը եւ մենք հասկանում ենք, որ Արցախը զոհաբերելով մենք չստացանք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանություն եւ անվտանգություն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ արդյունքում, 2024-ին, իրականում, մենք ստացանք սողացող պատերազմի տարի։
Նա նկատում է, որ նաեւ տավուշյան իրադարձությունների արդյունքում մենք տեսանք, որ՝ «մեզ խփում են եւ մենք զիջում ենք ու այդ գործընթացը որեւէ տեղ չի կանգնում»՝ հավելելով, միջազգային իրավունքն ավելի է թուլացել աշխարհում, բայց Փաշինյանը հերթական փայլատակմամբ ավետեց, որ Հայաստանը կլինի միակ պետությունը, որը հակառակ կգնա աշխարհին, կկառչի թուլացող միջազգային իրավունքից։
«2024-ը ես կկոչեմ Փաշինյանի խոստացած հեռանկարների տապալման տարի»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ նկատելով, որ այս ամենը գնալով ավելի է սաստկանում, քանի որ աշխարհում կա գլոբալ էսկալացիա, ինչը ազդում է մեր կյանքի վրա։ Խոսքը ռուս-ուկրաինական եւ Իսրայել-Իրան հակամարտությունների մասին է, դրանցից սպառնացող վտանգների, որոնք էլ ավելի են խորացել Սիրիայում՝ Ասադի ռեժիմի տապալմամբ, ինչի արդյունքում Թուրքիան տարածաշրջանում ուժեղացել է, իսկ ՌԴ-ն ու Իրանը՝ թուլացել։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում, բանախոսը նկատում է, որ այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսակցություններն ահագնանում են եւ հայկական կողմից հակադարձումներ չկան, ավելին, Փաշինյանը տուրք է տալիս ադրբեջանական հռետորաբանությանը՝ ընդունելով «Արեւմտյան Ադրբեջան» տերմինի գործածումը եւ այն մեկ հարթության մեջ դնելով «Արեւմտյան Հայաստան» տերմինի գործածման հետ․ մինչդեռ այդ տերմինը 1991-ից ի վեր Հայաստանում չի գործածել եւ ոչ մի իշխանություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Լեւոն Զուրաբյանը տարակուսած է․ նման բարդ իրավիճակում, մեր երկրի ղեկավարը դարձել է բլոգեր՝ «ընդ որում՝ վատ տեսակի բլոգեր»՝ դառնալով «Քարդաշյան ռեալիթի շոու» ու նրան չեն հետաքրքրում Հայաստանի շուրջ, Հայաստանից դուրս կատարվող իրադարձությունները։
Լեւոն Զուրաբյանը նաեւ կարծում է, որ ստեղծված իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը զբաղված է Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստությամբ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































