Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈւՆԻՍԵՖ-ը և գործընկերները Հայաստանում ընդլայնում են ներառական նախադպրոցական ուսումնառության հնարավորությունները

Հուլիս 03,2025 17:17

Արտաշատ, հուլիսի 3, 2025 թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ համագործակցելով «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդ»-ի և Արտաշատի համայնքապետարանի հետ, հայտարարել է Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում երկու նոր վերանորոգված, կահույքով և անհրաժեշտ պիտույքներով ու խաղալիքներով հագեցված խմբասենյակների պաշտոնական բացման մասին։ Այս միջոցառումը եզրափակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի նախաձեռնած հանրապետական ծրագրի վերջին փուլը, որի նպատակն էր ընդլայնել ներառական վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը փախստական և ընդունող համայնքների երեխաների համար։

Չնայած Հայաստանում նախադպրոցական ուսումնական կենտրոններ հաճախող երեխաների թվի նկատելի աճին հատկապես 3–5 տարեկանների շրջանում, որտեղ ընդհանուր ընդգրկվածությունը 2023–2024 թվականներին աճել է 63.6 տոկոսից մինչև 68.6 տոկոս, դեռևս առկա են զգալի բացեր: Հիմնական խոչընդոտներից մեկը նախադպրոցական կենտրոնների սահմանափակ թիվն է, հատկապես գյուղական և քիչ բնակեցված համայնքներում, ինչը շարունակում է խոչընդոտել Հայաստանում բոլոր երեխաների համար ներառական և համընդհանուր վաղ մանկական ուսումնառության ապահովմանը։

Այս բացը լրացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2024 թվականից աջակցել է փախստական ընտանիքներ ընդունած համայնքներին Կոտայք, Արմավիր, Արարատ և Վայոց Ձոր մարզերում՝ հիմնադրելու և կահավորելու նոր խմբասենյակներ, ինչպես նաև կառուցելու սանհանգույցներ։ Արդյունքում՝ ութ մանկապարտեզներում հիմնադրվեցին 13 նոր խմբասենյակներ, որոնք հնարավորություն տվեցին 350 երեխայի, այդ թվում՝ 180 փախստական երեխայի ստանալ ներառական վաղ մանկական ուսումնառություն։

Նոր խմբասենյակների վերակառուցմանը զուգահեռ՝ 230 դաստիարակներ և խնամակալներ վերապատրաստում եմ անցել ներառական մանկավարժության, դրական ծնողավարման, հոգեբանական առաջին օգնության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության թեմաներով։ Վերապատրաստման մոդուլները հիմնված էին «Nurturing care» (Խնամքի բարենպաստ միջավայր) ձևաչափի վրա, որը մշակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի կողմից. այն շեշտադրում է առողջությունը, ճիշտ սննդառությունը, անվտանգությունը, վաղ ուսումնառությունն ու արձագանքող խնամքը։ Բացի այդ, տարիքին համապատասխան ուսումնական նյութեր տրամադրվել են ինչպես նոր բացված խմբասենյակներ հաճախող, այնպես էլ այլ նախադպրոցական խմբերում ընդգրկված երեխաներին՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով շուրջ 5,000 երեխայի։

«Այս նախաձեռնությունը միայն ենթակառուցվածքների մասին չէ։ Այն ներառականության ապահովման մասին է, ինչպես նաև յուրաքանչյուր երեխային վաղ մանկական ուսումնառություն ստանալու հնարավորության», — նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախակրթարան հաճախած երեխաները հետագայում ունենում են ավելի բարձր ակադեմիական և սոցիալական հաջողություններ։ Վաղ մանկական ուսումնառությունը յուրաքանչյուր երեխայի իրավունք է, որը պետք է իրացվի։ Ներդրումները հօգուտ վաղ մանկական ուսումնառության շահավետ են երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար»։

Արտաշատի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանն իր հերթին նշեց․ «Շատ ուրախ եմ, որ այսուհետ այս մանկապարտեզը կարող է ընդունել ավելի քան 50 նոր երեխայի։ Այս համագործակցության շնորհիվ Արտաշատում և այլ համայնքներում բազմաթիվ երեխաներ զգալի օգուտներ են ստանում, և դա հենց այն է, ինչի համար ամենաշատն եմ հպարտանում»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացավ միջոցառմանը։ «Մենք պետք է միասնաբար աշխատենք և միավորվենք այն գաղափարների շուրջ, որոնք նպաստում են երեխաների կյանքի որակի բարելավմանը և նրանց համար ավելի լավ զարգացման հնարավորությունների ստեղծմանը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ուսումնառություն ստանալու, աճի և զարգացման հնարավորության, և այսօր մենք ականատես եղանք այդ տեսլականին գործնականում։ Պատիվ ունեմ այս ճանապարհի կերտման գործում իմ մասնակցությունն ունենալ»,- նշեց Սերգեյ Սմբատյանը՝ նվագախմբի անդամներին հրավիրելով կատարել երեխաների սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունից հատվածներ՝ ընդգծելով երաժշտության դերը վաղ մանկական զարգացման գործում։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել