Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով»

Հուլիս 16,2025 18:30

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում կրկին դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։ Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման, այլ պառակտման նպատակով, շարունակեց խաթարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը։ Այսօր հնչեցրած հայտարարությունները բացահայտ հակասում են Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։

Նման ելույթները արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն վերապահում է չափել հավատքի սահմանները։ Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։

Հայոց եկեղեցու պահպանության Համահայկական խորհուրդը դատապարտում է վարչապետի շարունակական հայտարարությունները, որոնք հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որտեղ հստակ շեշտվում է, որ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։ Այս թեմայով խորհուրդը մոտ օրերս հանգամանալից զեկույց կներկայացնի հասարակությանը:

Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031