Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. anvtangsnund.am

Օգոստոս 25,2025 11:20

anvtangsnund. Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք, պարզվում է, մենք կերել ենք այս տարիների ընթացքում խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

Սրան զուգահեռ, վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը 45%-ով ավելացել է. բժիշկները փաստում են՝ սննդի որակի և քաղցկեղի միջև կապ կա, գենետիկներն էլ հաստատում՝ սնունդն ազդում է գեների, այսինքն նաև՝ հետագա սերունդների առողջության և կյանքի որակի վրա։

Ինչպե՞ս են մշակվում դաշտերը, ո՞ր թունաքիմիկատներն են ամենաշատն օգտագործվում, և արդյոք դրանք ճիշտ են կիրառվում, ի՞նչ են մինչ օրս արել և անում պատասխանատու պետական մարմինները, և, վերջապես, ի՞նչ է իրականում հայտնվում մեր «առողջ» ափսեի մեջ։

Ամիսներ տևած այս հետազոտությամբ՝ գտանք այս և մի շարք այլ հարցերի պատասխանները։

«Պեստիցիդների մնացորդային քանակները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության համար». ՍԱՏՄ

2024թ. փետրվարի 26-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել՝ հրապարակելով 2019թ.-ին և 2021թ.-ին իրականցված պետական մոնիթորինգի արդյունքները, ըստ որի՝ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին «պեստիցիդների {թունաքիմիկատների} մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր»։

2019թ.-ին փորձաքննվել էր 17 տեսակի միրգ-բանջարեղեն, 2021թ-ին՝ 13, որոնց մի մասում հայտնաբերվել էին տարբեր թունաքիմիկատների գերազանցումներ։

«Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք։

Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինչպես նաև՝ սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից»,- հայտնել էին ՍԱՏՄից։

ՍԱՏՄ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության հետևանք է՝ հորդորելով ճիշտ, տեղին և ժամանակին կիրառել թունաքիմիկատները։

Ի վերջո, ինչո՞ւ է պետական վերահսկող մարմինն այս ամենի մասին հայտնում 3 և 5 տարի ուշացումով, երբ նշված մթերքը վաղուց արդեն սպառվել է։

Այս հարցերի պատասխանը, ՍԱՏՄ-ն, ցավոք, չէր տվել հաղորդագրության մեջ։

Բիֆենտրին՝ խաղողի բոլոր նմուշներում, դիմետոատ՝ խնձորի ամեն 2-րդ նմուշում. մոնիթորինգի իրական պատկերը

Այս հաղորդագրությունից հետո մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2 մոնիթորինգների արդյունքները, փորձաքննված միրգ-բանջարեղենի  ցանկը, նմուշների թիվն ու հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակները։

Ընդհանուր առմամբ՝ 2019թ. և 2021թ.ին իրականացված մոնիթորինգների ժամանակ փորձաքննել էր 340 նմուշ։

2019թ.-ին խախտումներ չեն հայտնաբերվել միայն ծիրանի, նռան և հնդկաձավարի նմուշներում։ 2021թ.-ին պատկերը վատացել է. փորձաքննված բոլոր տեսակի նմուշներում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ։

2 մոնիթորինգների ընթացքում փորձաքննվել էր 30-ից ավելի թունաքիմիկատ տարբեր նմուշներում։ Հերթով դրանք չթվարկելու համար՝ ներկայացնում ենք միայն առավել հաճախ հայտնաբերված թունաքիմիկատներն ու առավել խնդրահարույց միրգ-բանջարեղենը

Օրինակ, 2019թ. փորձաքննված խաղողի բոլոր 15 նմուշներում հայտնաբերվել է բիֆենտրին:

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Բիֆենտրինը մուտագեն հատկություններ է ցուցաբերել նաև մկների լիմֆոմայի փորձարկման ժամանակ։ 

Մտահոգիչ քանակությամբ բիֆենտրին է հայտնաբերվել նաև սալորի 7 նմուշներից 6-ում, ինչպես նաև՝ ձմերուկի ամեն 2-րդ նմուշում (ինչքան թիվը փոքր է, այնքան՝ վատ է, հեղ.)։

Բացի այդ, 2019-ի մոնիթորինգի արդյունքում սալորի գրեթե բոլոր նմուշներում (ամեն 1.4, հեղ.), ինչպես նաև՝ խնձորի ամեն 3-րդ, լոբու ամեն 5-րդ նմուշներում հայտնաբերվել է դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

2019թ. և 2021թ. մոնիթորինգների արդյունքում ամենաշատ հայտնաբերված թունաքիմիկատը (հետևաբար, Հայաստանում գյուղատնտեսության մեջ շատ կիրառվող ) եղել է քլորպիրիֆոսը. այն հայտնաբերվել է, օրինակ, դեղձի և վարունգի, սեխի ամեն 3-րդ նմուշում, ոլոռի ամեն 2-րդ, լոբու ամեն 4-րդ նմուշում։

2021-ին, ինչպես արդեն նշել ենք, պատկերն ավելի է վատացել։ Օրինակ,  փորձաքննվել է 10 թունաքիմիկատ խնձորի 18 նմուշում, և դրանցից 8-ը հայտնաբերվել է։ Կամ, խնձորի ամեն 3-րդ նմուշում հայտնաբերվել է քլորպիրիֆոս, ամեն 5-րդում՝ պրոպարգիտ,  ամեն 6-րդում՝ դիմետոատ։ Բացի այդ, 2021-ին խնձորի նմուշներում հայտնաբերվել է՝ մալաթիոն, ցինեբ, տրիֆլօքսիստրոբին, իմիդակլոպրիդ և թիամեթօքսամ։,

Լոլիկի 13 նմուշում նույնպես փորձաքննվել է 10 թունաքիմիկատ, որից 8-ը հայտնաբերվել է. քլորպիրիֆոս և ազոքսիստրոբին՝ ամեն 4-րդ, ցինեբ, իմիդակլոպրիդ և  լամբդա ցիհալոտրին՝ ամեն 7-րդ նմուշներում։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև պենկոնազոլ, դելտամետրին և տրիադիմեֆոն։

Պատկերը վատ է եղել նաև տաքդեղի դեպքում. փորձաքննվել է 10 տեսակի թունաքիմիկատ 6 նմուշում, որից 6-ը հայտնաբերվել է. մասնավորապես, քլորպիրիֆոս և պրոպարգիտ ամեն 2-րդ նմուշում, իմիդակլոպրիդ և տրիադիմեֆոն ամեն 3-րդ նմուշում և ֆենվալերատ և ֆոսալոն՝ 1-ական նմուշներում։

Նույն պատկերը սբմուկի դեպքում է. 10 տեսակի թունաքիմիկատից 6-ը հայտնաբերվել են փորձաքննված 7 նմուշում։ Մասնավորապես, ազոքսիստրոբին, քլորպիրիֆոս և ֆենվալերատ ամեն 4-րդ նմուշում, ինչպես նաև մեկական նմուշներում՝ իմիդակլոպրիդ, տրիադիմեֆոն և ցինեբ։

2021-ին քլորպիրիֆոս հայտնաբերվել է տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ, ձմերուկի, սեխի և սմբուկի՝ ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ նմուշում, խաղողի՝ ամեն 6-րդ նմուշում։

Դիմետոատ՝ խաղողի ամեն 3-րդ, սալորի ամեն 5-րդ նմուշներում. հարկ է նել, որ 2021թ.ին դիմեոտատը պարզապես քիչ է փորձաքննվել։ Սա ևս շատ կարևոր հանգամանք է, քանի որ շատ միրգ-բանջարեղեններում մի շարք թունաքիմիկատներ ոչ թե չեն հայտնաբերվել, այլ պարզապես չեն փորձաքննվել։

Ամփոփելով՝ փորձաքննված 34 թունաքիմիկատներից առնվազն 20-ը կամ 60%-հայտնաբերվել է առնվազն 1 նմուշում։ Արդարության համար պետք է ասել, որ մի շարք թունաքիմիկատներ տարբեր նմուշներում ոչ թե չեն հայտնաբերված, այլ պարզապես չեն փորձաքննվել։

Ռիսկերի հաշվարկն ու Հայաստանի կարևոր առանձնահատկությունները

Էպիգենետիկայում, որն ուսումնասիրում է, թե ինչպես են արտաքին գործոնները՝ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը և այլն ազդում մարդու գեների վրա, կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ թունաքիմիկատներ պարունակող սնունդը կարող  է ազդել այն գեների ակտիվացման վրա, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։

Հետևաբար, շատ կարևոր էր այս մոնիթորինգներից հետո հասկանալ՝  տեղական միրգ-բանջարեղենի սպառումը մեծացնո՞ւմ քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Հարցին պատասխանելու համար, ԳԱԱ «Էկոկենտրոնի» գիտնականներն ու հետազոտողները ոչ միայն առանձին-առանձին ուսումնասիրել և վերլուծել են 2019թ., 2021թ.-ի մոնիթորինգի արդյունքներով մրգերում ու բանջարեղենում հայտնաբերված թունաքիմիկատները, այլև հաշվի են առել դրանց համակցված ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հենց քաղցկեղի առաջացման տեսանկյունից։

Հաշվարկներն իրականացվել են 24- ժամյա տվյալների բազայի հիման վրա՝ հաշվի առնելով տեղական տարբեր առանձնահատկություններ, ինչպես օրինակ, դրանց սեզոնայնությունը (Հայաստանի համար կարևոր ցուցանիշ է, քանի որ ամառվա ամիսներին մարդիկ օգտագործում են միրգբանջարեղենի այլ տեսականի, ձմեռային ամիսներին՝ այլ և, համեմատաբար, ձմռանն ավելի քիչ է սպառումը, ամռանը՝ շատ) ու։ ամենակարևորը, միանգամյա օգտագործման չափաբաժինը։

Ձմերուկի օրինակով պարզ է դառնում, թե որքան կարևոր է հաշվի առնել այս ցուցանիշները։ Օրինակ, Վիճակագրական կոմիտեն ձմերուկի օրական միջին սպառումը Հայաստանում հաշվարկում է մեկ տարվա կտրվածքով՝ բաժանելով 365-ի և ստանում օրական 30-40գ, սակայն այստեղ անտեսվում է այն փաստը, որ ձմերուկի սպառումը Հայաստանում խիստ սեզոնային է. օրինակ, ամռան ամիսներին մի մարդու մեկանգամյա օգտագործման չափաբաժինը գերազանցում է 500գ (պատկերավորության համար՝ 500գը 1 դիլիմ ձմերուկի միջին քաշն է, հեղ.), իսկ ձմռանը սպառում գրեթե չկա։

«Մենք օրական միջին սպառման տվյալների բազայի հիման վրա (որը տրամադրում է Վիճակագրական կոմիտեն, հեղ.) չենք կարող իրականացնել սուր ռիսկերի գնահատում, իսկ արդեն այս տվյալը, որը մեզ տրամադրում է պորցիան՝ {մեկանգամյա օգտագործումը}, մեզ տրամադրում է սուր ռիսկերը։ Սուր ռիսկը ենթադրում է, որ, օրինակ, եթե մարդը 4 դիլիմ ձմերուկ ուտի, ինքը կթունավորվի»,-ասում է «Էկոկենտրոնի» լաբորանտ-հետազոտող Տարոն Կարեյանը, որը մասնակցել է ռիսկերի գնահատման հաշվարկներին։

Այսպիսով, Հայաստանի ամեն 5-րդ բնակիչ կամ 20%-ը քաղցկեղի զարգացման մտահոգության գոտում է

«Էկոնկենտրոնի» իրականացրած ռիսկի վերլուծությունների համաձայն՝ 2019թ. և 2021թ.-ի պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակներն իսկապես մտահոգիչ են Հայաստանի բնակչության համար՝ հատկապես քաղցկեղի զարգացման հավանականության մեծացման տեսանկյունից.

«Մեր հետազոտությունների համաձայն, օրինակ` ամռանը` հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, որը տարվա 1/3–ն է մեր ազգաբնակչության 20 %–ը մտահոգության շեմում է, եթե թվային պատկերով՝ ամեն 5 քաղաքացուց 1–ը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից»,-ասում է «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

Մոնիթորինգների արդյունքների վերլուծության համաձայն, օրինակ, խնձորն «ապահովում է» մարդու օրական ընդունման չափաբաժնում քլորպիրիֆոսի ամենամեծ թույլատրելի չափաբաժնի  19,19 %-ը։ Հաջորդը  կարտոֆիլն է՝ 18,13 %։ Բացի այդ, ևխնձորի, ևկարտոֆիլի սեզոնայնությունն ավելի երկար է, և շատ են օգտագործում։ Այսինքն՝ միայն խնձորը և կարտոֆիլը միասին ապահովում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի չափաբաժնի գրեթե 40 %–ը։

Թեև վարունգը ևս շատ է օգտագործվում, սակայն քլորպրիֆոսի պարունակությունը խնձորի համեմատ շատ քիչ է (խնձորում՝ 0.07, իսկ վարունգում՝ 0.003)։ Լոլիկում նույնպես քլորպիրիֆոսը ցածր է եղելվարունգն ու լոլիկը միասին ապահովել են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի ընդամենը 1.05%-ը և 0.85 %-ը։

Եթե, օրինակ, հետագայում քլորպիրիֆոսի մի փոքր ավելի բարձր պարունակություն հայտնաբերվի վարունգի և լոլիկի մեջ, ռիսկը կմեծանա, քանի որ երկուսն էլ ունեն լայն սպառում։ 

«Դուք տեսնում եք՝ ընդամենը 10 մթերք ենք վերցրել, բայց այս 10 մթերքի հանրագումարում էլ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի իրենց օրական թույլատրելի շեմի 45,63 %–ը»,-ասում է սննդագետը։

2024թ.ին 2019 և 2021թ.ի մոնիթորինգի արդյունքները հայտնելը ՍԱՏՄ ինքնախոստովանական ցուցմունքն էր. այն հանգամանքը, որ պետական վերահսկողությունն իրականացնողն մոնթիորինգի արդյունքների մասին հայտնել է 3 և 5 տարի ուշացումով վկայում է «հանցավոր կոծկման մասին», ինչի հետևանքով տարեցտարի պատկերը  վատացել է։ Այս կարծիքին է սննդագետ Դ. Պիպոյանը.

«Այսինքն՝ սպասել են, որ ամբողջ թունաքիմիկատներով և անհամապատասխան սննդամթերքը սպառվի և իրազեկել են այդ մասին, երբ հանրությունն այլևս պաշտպանության որևէ գործիք չուներ»։

Բացի այդ, միրգն ու բանջարեղենն օգտակար սննդամթերքի խումբ են, որը առողջապահական ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել, սակայն այսօր ինքն էլ, լինելով սննդագետ, որը մինչ այս ևս խորհուրդ է տվել շատ միրգ և բանջարեղեն օգտագործել, այլևս զգուշություն է դրսևորվում.

«Մինչև ամբողջական, համալիր բոլոր թունաքիմիկատների ռիսկի գնահատումը չավարտես, դու չես կարող մարդկանց ասել՝ գիտե՞ք մրգի և բանջարեղենի օգտագործումը օգտակար է և շատ լավ է խրախուսվում է, ո’չ։ Դու պետք է իմանաս, որ քանակներն են, երբ սպառողներն օգտագործում են, և թունաքիմիկատները ռիսկը չի գերազանցում»։

Դավիթ Պիպոյանն ասում է, որ թեև ինքը ռիսկերի գնահատման մասնագետ է, սակայն, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և  բոլորի նման նման նույն տոնավաճառներից, նույն կրպակներից, նույն առևտրի կետերից է գնումներ կատարում, որտեղ չկա համապատասխանության գնահատման ենթարկված միրգ-բանջարեղեն (բուսասանիտարական սերտիֆիկատը պարտադիր պահանջ է, հեղ.).

«Ես ցանկանում եմ, որ մեր երկրում լուծվի այս խնդիրը, լինեն վայրեր, որտեղ ես ինքս կարող եմ գնալ և ձեռք բերել համապատասխանության գնահատած և պետական վերահսկողություն անցած, առանց թունաքիմիկատների գերազանցումների միրգ և բանջարեղեն։ Եվ վերջապես, կարողանամ սպառողներին, իմ ընկերներին, իմ հարազատներին խորհուրդ տալ՝ որ վայրերից ձեռք բերել միրգ և բանջարեղեն», – ասում է Դ. Պիպոյանը։

Անի Սարգսյան, Տաթև Խաչատրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031