Օրերս գրել էինք, որ Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատվել է Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարդան Ասատրյանը: Երեկ տեղեկացանք, որ նա վերադառնում է դպրոց, բայց ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, այլ՝ ուսումնական գծով փոխտնօրենի։
Մաթեմատիկայի 73-ամյա ուսուցիչը, որը 50 տարուց ավելի դպրոցում է աշխատում, չէր պատկերացրել, որ իրենց գյուղում քարոզարշավ իրականացնող ընդդիմադիր կուսակցությունից մեկի հավաքին ակամա մասնակից լինելու պատճառով կարող է հեռացվել պաշտոնից։ Հայթաղի դպրոցում ասացին՝ շաբաթ օր է եղել, ինքն էլ խանութ է գնացել՝ տնային հողաթափերով, դուրս է եկել ու հանդիպել քարոզարշավ անող խմբին, կանգնել է ու լսել։ «Նույնիսկ ոչ աշխատանքային օրով է մասնակցել քարոզարշավին, ինչ է` չի՞ կարելի։ Բա ծրագրերին ո՞նց ծանոթանա, ո՞նց կողմնորոշվի։ Մտավորական մարդ է, սրա-նրա ասածով ու ուղղորդմամբ չի առաջնորդվում։ Պետք է լսի, կշռադատի, որ ճիշտ ընտրություն կատարի»,- քննարկում են դպրոցում։
Թե ով է Ասատրյանին նկարել ու տեսագրությունն ուղարկել Արմավիրի մարզպետին, դպրոցում չեն ասում։ Ասատրյանն ինքն էլ է անակնկալի եկել, երբ մարզպետարանից կանչել, ցույց են տվել տեսագրությունն ու ասել, թե աշխատանքային օրերին զբաղվում է քարոզչությամբ։ Տեսագրության հիման վրա էլ տնօրենի ԺՊ-ի լիազորությունները դադարեցրել են, թեեւ տեղի ունեցածը բացարձակ ապօրինություն է։
Վաստակաշատ ուսուցչի նկատմամբ անարդար վերաբերմունքը զայրացրել է դպրոցի ողջ աշխատակազմին։ Ուսուցիչների խումբը հավաքվել` գնացել է մարզպետարան, հանդիպել մարզպետ Խաչատրյանի հետ, ինչից հետո որոշում է կայացվել՝ Վարդան Ասատրյանին ուղարկել արձակուրդ, իսկ վերադարձից հետո վերականգնել ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնում։
Կարդացեք նաև
Տարեց ուսուցչին սթրեսի ենթարկելուց հետո նրան կրկին կվերադարձնեն դպրոց։ Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի «սուրբ տեղը» դատարկ չի մնացել` Ասատրյանի գնալուց երկու-երեք օր հետո այդ պաշտոնին է նշանակվել տնօրենի հավակնություններով ու հավաստագրով՝ Փարաքարի դպրոցից գործուղված ուսուցչուհին։ «Փաստորեն, այս թատրոնը նոր տնօրենի համար էր։ Թող այդպես էլ ասեին, ոչ թե խեղճ Ասատրյանի գլխին սարքեին, թե քարոզարշավի է մասնակցել»,- ասացին դպրոցում։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































