Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վաղարշապատում տեղի ունենային առանձին ընտրություններ, կառավարումը ավագանիում կլիներ կոալիցիայի ձեւավորմամբ. Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 18,2025 14:46

«Վաղարշապատ խոշորացված համայնքում, որը ներառում է նախկին Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, ընտրություններին մասնակցել է 31500 ընտրող, ընտրական մասնակցությունը մոտ 45 տոկոս է եղել, որը բավական բարձր թիվ է ՏԻՄ ընտրությունների համար»,- «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից արձանագրված ընտրախախտումները ներկայացնելիս նշեց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա ընդգծեց, որ եթե ընտրության արդյունքները բաժանվեն նախկին Վաղարշապատ եւ Խոյ համայնքների միջեւ, ապա կստացվի ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներից էապես տարբեր 2 պատկեր. «Խոյ համայնքում ՔՊ-ն ստացել է 59,2% ձայն, «Հաղթանակ» դաշինքը 21,2 %, «Մայր Հայաստանը» 10,5 %: Ընտրողների թիվը կազմել է մոտավորապես 12 հազար մարդ, ընտրական մասնակցությունն էլ 53% է եղել:

Եթե վերցնենք նախկին Վաղարշապատ համայնքը, ապա այստեղ պատկերը տրամագծորեն տարբեր է՝ ՔՊ-ն ստացել է 42% ձայն, «Հաղթանակ դաշինքը»՝ 38,5% , «Հանրապետությունը»՝ 5,2 % , «Ազատ դեմոկրատները»՝ 5% , «Հայրենիքը»՝ 4,8 %, իսկ «Մայր Հայաստանն» այստեղ չի հաղթահարել շեմը: Ընտրողների թիվը կազմել է շուրջ 19500 մարդ, ընտրական մասնակցությունը՝ 42%:

Փաստացի նախկին Վաղարշապատ համայնքում ընտրությունների պատկերը էապես տարբերվում է նախկին Խոյ համայնքում ընտրությունների պատկերից: Խոյ համայնքում անցել են 3 ուժեր, որոնք անցել են նաեւ ընդհանուր համայնքում, սակայն եթե վերցնում ենք 3 քաղաքական ուժ, որոնք են՝ «Հանրապետությունը», «Ազատ դեմոկրատները» եւ «Հայրենիքը», նրանք չեն հաղթահարել ընտրական շեմը ընդհանուր համայնքում եւ չեն անցել համայնքային ավագանի:

Այսինքն, եթե ընտրությունները տեղի ունենային միայն Վաղարշապատում, այս 3 ուժերն էլ կհաղթահարեին ընտրական շեմը: Ստացվում է՝ խոշորացված համայնքում 3 ուժ չի անցել, բայց կարող էին անցնել, եթե միայն Վաղարշապատում ընտրություններ տեղի ունենային: Սա լուրջ հարց է բարձրացնում, թե որքանով է ընդհանրապես հիմնավորված եղել այդ 2 համայնքների միավորումը, եթե այդ համայնքներում ապրող ընտրողները էապես տարբեր ընտրական նախապատվություններ եւ պատկերացումներ ունեն քաղաքական ուժերի վերաբերյալ:

Փաստացի Վաղարշապատ քաղաքում, ի տարբերություն Խոյի, որեւէ ուժ ընդգծված մեծամասնություն չունի, եւ եթե Վաղարշապատում տեղի ունենային առանձին ընտրություններ, այս արդյունքներով կառավարումը ավագանիում կլիներ կոալիցիայի ձեւավորմամբ»:

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի գրառմանը, որտեղ նա ազդարարել էր, թե Վաղարշապատ խոշորացված համայնքում ՔՊ-ի հաղթանակը եւ ընտրությունները հավելյալ լիցք կտան Մայր Աթոռը Վեհափառից ազատելու համար:

Մանրամասն տեսանյութում

«ՀայաՔվեի» վարչության անդամ Ատոմ Մխիթարյանը եւս ներկայացրեց իրենց 123 դիտորդներից ստացված տեղեկատվությունը եւ ընտրախախտումները, որոնց թվում էին բաց քվեարկությունները, մեկ ծրարում նույն ուժի 2 քվեաթերթիկ դրված լինելը: Ասաց, որ շատ են եղել դեպքերը, երբ քաղաքացին քվեարկել է ընտրախցիկից դուրս, ընտրողներին մոտեցել են այլ քաղաքացիներ եւ հուշումներ արել, թե ում ընտրի:

Մանրամասն՝ տեսանյութում

«ՀայաՔվե»-ի շտապի պետ Արամ Պետրոսյանը եւս փաստեց, որ բազմաթիվ տեղամասերում արձանագրվել են ընտրողների ուղղորդման դեպքեր, տարեցների դեպքում այլ անձինք փորձելով պատճառաբանել ընտրողի ֆիզիկական սահմանափակումները՝ փորձել են նրա հետ միասին մտնել ընտրախցիկ: Ի թիվս այլ խախտումների՝ նա անդրադարձավ հոսանքի անջատումներին, ինքնասոսնձվող դրոշմանիշերի՝ առանց կտրոնի ստանալուն, հանձնաժողովի որոշ նախագահների եւ անդամների իրավիճակին չտիրապետելուն:

Հայաքվեի ասուլիսն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաքվեի» դիտորդների թիմի լուսանկարը՝ «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930