Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ-­ը. երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, առաջնայինը, թե տվյալ ինստիտուտն ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել ընտրությունների համատեքստում. «Փաստ»

Հունվար 13,2026 10:39

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ-­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ-­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031