Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը մերժել է Մոլդովայի հետ միավորման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դա անտեղի է, քանի դեռ Մոլդովայի Հանրապետությունում նման կամք չկա», — հայտարարել է նա լրագրողներին Ֆոքշանի քաղաքում, որտեղ մասնակցում էր Միավորման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նախագահ Դանը նշել է, որ Ռումինիան աջակցում է հարևան երկրին Եվրոպական միություն անդամակցելու նրա ձգտման մեջ։
«Ռումինիայի հետ միավորման հարցը վերաբերում է բացառապես Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներին», — նրա խոսքն է մեջբերել «Աջերպրես» գործակալությունը։ – «…Մենք հարգում ենք Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների կամքը այն նպատակների վերաբերյալ, որոնք նրանք ընտրել են։ Եթե ինչ-որ պահի նրանց կարծիքը փոխվի, մենք կգործենք համապատասխան կերպով»։
Հարցը ծագել է այն բանից հետո, երբ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հունվարի 12-ին հայտարարել է, թե իր երկրի նուրբ դեմոկրատիան ռուսական ճնշումից պաշտպանելու նպատակով կողմ կքվեարկեր մոլդովական պետության լուծարմանը և Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ միավորմանը, եթե երկրում այդ հարցով հանրաքվե անցկացվեր։
Կարդացեք նաև
Ըստ Reuters-ի, նախագահ Սանդուն բազմիցս մեղադրել է Ռուսաստանին Մոլդովայի ներքաղաքական հարցերին միջամտելու մեջ։ Մոլդովան նախկին ԽՍՀՄ հանրապետություն է՝ մոտ 2.4 միլիոն բնակչությամբ, որտեղ առկա է ռումիներեն խոսող մեծամասնություն և ռուսախոս փոքրամասնություն։
Մոլդովայի հետ միավորման կոչերը առավել հաճախ հնչեցնում են Ռումինիայի քաղաքական գործիչները, որտեղ այդ գաղափարին աջակցում է բնակչության մեծամասնությունը։
Կառավարությունը Մոլդովայում, որտեղ հարցումների համաձայն Ռումինիայի հետ միավորմանն աջակցում է բնակչության ընդամենը մոտ մեկ երրորդը, որևէ կերպ չի արձագանքում Բուխարեստից և մոլդովական ունիոնիստական կուսակցություններից հնչող այդ կոչերին։
1859 թվականի հունվարին գնդապետ Ալեքսանդրու Իոան Կուզան (1820–1873) ընտրվել է միաժամանակ Վալախիայի և Մոլդովայի կառավարիչ, ինչը փաստացի նշանակում էր երկու իշխանությունների միավորում։
Ռումինական պատմագրության մեջ այդ իրադարձությունը ընդունված է անվանել «փոքր միավորում»՝ ի տարբերություն 1918 թվականին Տրանսիլվանիայի հետ տեղի ունեցած Մեծ միավորման։
Հունվարի 24-ը (Վալախիայում Կուզայի ընտրության օրը) Ռումինիայում նշվում է որպես Միավորման օր։
Հիշեցնենք՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն օրերս հայտարարել էր, թե «Ռուսաստանը Վրաստանին իր ուղեծիր է վերադարձրել»։
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան ի պատասխան նշել էր, թե
նախագահ Սանդուի կողմից ինքնիշխանության մասին հայտարարություն անելը անեկդոտային է:
«Սանդուն իր հայտարարություններով և գործողություններով պաշտոնապես վերացնում է իր երկիրը և նրա ինքնիշխանությունը։ Երբ նման մարդը նման հայտարարություն է անում ինքնիշխան անկախ երկրի մասին, դա ընդամենը անեկդոտային հատված է», – նշել էր Իրակլի Կիրցխալիան:


















































