Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը հավաքական օրակարգ չունի»․ Ռուբեն Հակոբյան

Մայիս 05,2026 21:21 Share

Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները ճիշտ մարտավարական քայլ արեցին՝ չգալով Երևան, իսկ Եվրոպայի կերպարն այստեղ շատերի մոտ ոչնչացավ, ըստ ընդդիմադիր գործչի։

«Հավաքական ընդդիմությունն այսօր չունի իր օրակարգը, և այն, ինչ անում է այսօր օրվա իշխանությունը, ընդդիմությանը բաժին է հասնում դա քննադատելը։ Եթե հավաքական ընդդիմությունը օրակարգ ունենա, իսկ պետք է ունենա, հնարավոր կլինի իշխանության փսևդո-խաղաղության դեմն առնել։ Խաղաղություն, որին իրենց մեծ մասն էլ չի հավատում»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը իսկապես «պատմական» կամ գոնե զգայուն փուլ է հայ-ադրբեջանական գործընթացում, ապա ինչո՞ւ ընդդիմությունը չփորձեց դա դարձնել քաղաքական օրակարգի կենտրոն․ թե՞ պարզապես չեն ուզում ստանձնել պատասխանատվություն կամ վախ ունեն՝ հանրությանը բաց ասելու, որ իրենք էլ այլ լուծում չունեն։

Գոնե հիմա, ըստ մեր զրուցակցի, ընտրություններին մասնակցող հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, այնպիսի օրակարգ պետք է առաջ քաշեն, որ եթե իշխանությունը «ժողովրդի էմոցիաներ գողացող» քայլեր է անում, ինչպիսինն էր իր բնութագրմամբ Ադրբեջանի փոխվարչապետի այցը, հասկացվի, որ իշխանության քայլերը ծիծաղելի են։

«Ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, որոնք պայքարում են, որպեսզի ընդդիմությունը չհամախմբվի։ Եթե ընդդիմությունը մանրամասնորեն վերլուծեր այն ամենը, ինչ կատարվեց 2018-ին Հայաստանում, իսկ կատարվեց շատ վատ բան, ապա ես կարծում եմ, որ կան մարդիկ և ուժեր, որոնք այսօր պետք է ներողություն խնդրեին և դուրս գային քաղաքական դաշտից կամ առնվազն ընդդիմության կողքին լինեին»,- ասում է Ռուբեն Հակոբյանը՝ թեմայի վերաբերյալ մանրամասները թողնելով քարոզարշավի ընթացքում զրույցների համար։

Իրավիճակից ելք նա դեռ տեսնում է և դրա համար առաջարկում է ընդդիմության համակարգող խորհուրդ ձևավորել, որին մաս կկազմեն բոլոր այն ուժերը, որոնք իշխանության դեմ են պայքարում․ խորհուրդը պետք է մշակի գործողությունների ծրագիր՝ բոլոր իրավիճակների և, որ կարևորն է, իշխանության հեռացումը ապահովելու համար։

«Ես միշտ դեմ եմ եղել, որ հատկապես ընդդիմությունը վախեցնում է ժողովրդին, թե ամբողջ Եվրոպան Նիկոլ Փաշինյանի թիկունքին է․ դա այդպես չէ։ Պատկերացրեք՝ 70-80 հազարանոց հավաք է, ի՞նչ է՝ ՆԱՏՕ-ն պետք է այստեղ զորք բերի, ԵՄ-ն պետք է զորք բերի։ Այդպես որ ասում են՝ սխալ են անում։ Ամեն ինչ մեր ձեռքում է, և մեր միջի ներքին վախը, թե Եվրոպան իր թիկունքին է, ժողովրդին էլ է վախեցնում»,- ասում է մեր զրուցակիցը՝ չհամաձայնելով դիտարկմանը, որ Երևանում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովը  և Հայաստան-ԵՄ ֆորումը ցուցադրական միջոցառումներ էին՝ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի թիկունքը պահելու համար․ «Եվրոպայի կերպարն այստեղ շատերի մոտ ոչնչացավ։ Եվրոպան այսօր մեկ հարց է լուծում և իսկապես բարոյականությունից զուրկ մեկ հավաքական բան այսօր ցույց տվեց՝ իր խնդիրն այսօր ՌԴ-ին մեկուսացնելն է, իրենք եկել են, որպեսզի կարողանան Հայաստանին տրամադրել ՌԴ-ի դեմ։ Ռուսաստանի գովքը չեմ անում, ռեալ-պոլիտիկի դիրքերից եմ խոսում»։

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջին դեմքերը շատ ճիշտ մարտավարական քայլ արեցին, երբ չեկան Երևան՝ մասնակցելու ԵՄ գագաթաժողովին․ «Ալիևը եթե այդ նույն ելույթը  այստեղ ունենար, այդքան արժեքավոր չէր լինի, որքան եղավ, երբ հեռավար խոսեց»։

«Իրան-ԱՄՆ իրավիճակը եթե վաղն ավելի սրվի և դառնա անկառավարելի, Ադրբեջանը կանի այն, ինչ ուզում է։ Առավելագույնը, որ կանի Եվրոպան, մի կտրուկ հայտարարություն կլինի, որին բանի տեղ չեն դնի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը։ Էրդողանն ու Ալիևը ձեռք են առնում իրեն։ Եթե այսօր Էրդողանն այստեղ լիներ, նույնիսկ ես կասեի՝ չէ, իր քայլը մի հետագիծ թողել է։ Ալիևն ու Էրդողանը մեզ ասում են՝ դուք ունեք մի ղեկավար, որին մենք վերաբերվում ենք իբրև ծաղրածուի»,- ասում է ընդդիմադիր գործիչը։

Իսկ ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները Հայաստանի դեմ, կարծում է, որ լավ էլ հայտարարված են․ «Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ Պուտինը խոսում էր գազի գնի մասին, հենց դա էր ասում։ Պուտինն ասաց՝ հիմա ինչ էլ խոստանաս, չեմ հավատալու, իսկ ինքը գնացել էր բան խոստանալու։ Ասաց՝ իմացիր՝ համարժեք և կոշտ է լինելու պատասխանը։ Եվ շատ ավելի վատ արձագանք է լինելու այս հանդիպումից հետո»։

«Հայաստանի համար շատ ճակատագրական պահ է։ Նիկոլ Փաշինյանն արյունռուշտ կերպար է, նա կգնա ամեն ինչի, խնդիրն այն է, որ կարողանանք համակարգող խորհրդով ժողովրդին նախապատրաստել։ Ամեն մեկը եթե իր և իր ընտանիքի արժանապատվությունը պահի, գումարային կստացվի պետության արժանապատվությունը պահել։ Այս մարդը սրբություն չունի, թշնամին եկել, վայելում է մեր պետության ննջարանը և գիտի՝ ոնց վայելի։ Այս մարդն ասում է՝ քիչ է, պետք է առանձին ձեր բոլորի ննջարան մտնի։ Այս գիտակցումով պետք է գնալ ամսի 7-ի ընտրություններին։ Բայց եթե ժողովուրդն այս ամենը չընկալի, թե ինչ է կատարվում, ուրեմն մենք՝ մեր հավաքական կերպարով, արժանի ենք, որ ունենանք այսպիսի հրեշ ղեկավար»,- ասում է Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031