Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մեղադրանքը լրիվ փուչիկ է՝ սկզբից մինչև վերջ»․ Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Հոկտեմբեր 02,2026 15:56 Share

«Մեղադրանքի մեջ «ակնհայտորեն» բառն անընդհատ շեշտվում է՝ «ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանը»․ մի քանի տեղ նշվում է։ Լա՛վ, «ակնհայտորեն» նշանակում է, որ բոլորի համար տեսանելի է, չէ՞․ ՀՔԾ-ում չհասկացան, չտեսան, Պաշտպանության նախարարությունը, իր ստորաբաժանումները չհասկացան, չտեսան, Կադաստրում օտարումը չտեսան․․․ Լա՛վ, մի կողմ դա։ 2021 թվականին ՀՔԾ քննիչը կարճում է գործը, գործով վարույթը կարճում է, ընդ որում ձևակերպում է տալիս, որ անգամ քրեական գործ պիտի չհարուցվեր, որովհետև հանցագործության դեպք առհասարակ չկա․ ոչ թե ինչ-որ մեկի արարքում հանցակազմ չկա, այլ հանցագործության դեպք գոյություն չունի։ ՀԿԳ քննիչն այդպիսի տեսակետ է հայտնում․ այսինքն՝ ՀԿԳ քննիչն այդ «ակնհայտությունը» չի տեսնում։ ՀԿԳ քննիչի անմիջական ղեկավարը՝ տվյալ ստորաբաժանման, եթե վարչություն է՝ վարչության պետի տեղակալը, չի տեսել, վարչության պետը չի տեսել, հսկող դատախազը չի տեսել, հսկող դատախազի վերադաս դատախազի տեղակալը չի տեսել, զոնալ դատախազները չեն տեսել․․․ Հանկարծ ինչ-որ մի պահ այդ «չտեսածը» դառնում է «ակնհայտ», չէ՞»,-  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով մեղադրանքին։

Ռուբեն Հակոբյան

Հիշեցնենք, նախագահ Սարգսյանի նկատմամբ հարուցված այս վարույթը վերաբերվում է Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի սեփականաշնորհման գործընթացին։ Դատախազը ներկայացրեց մեղադրանքը։

 

«Միայն այս բառը նշանակում է, որ այս մեղադրանքը լրիվ փուչիկ է՝ սկզբից մինչև վերջ։ Եվ մի հանգամանք էլ էր ինձ հետաքրքրում․ օրինակ՝ մեղադրանքն այն փաստաթուղթը չէ, որ այդպիսի բառեր ինչքան կարող են լցնեն, լրջացնեն էությունը։ Օրինակ՝ գործարար Հայկ Հայրապետյանի առջև որ դրել են «ռուսաստանաբնակ»․ ասենք, եթե, օրինակ, Ասիայից կամ ԱՄՆ-ում բնակվող լիներ, ինչո՞ւ են էլի շեշտադրումը կատարել «ռուսաստանաբնակ»։ Ինչ-որ բա՞ն է փոխում որտեղի գործարար լինելը մեղադրանքի բնույթում, այս շեշտադրումը չեմ հասկանում։ Ամբողջ մեղադրանքը ինձ համար նույնականացնող որևէ բաղադրիչ չունի։ Բոլոր դեպքերում, այս մեղադրանքը ինձ՝ քրեական գործերով զբաղվող փաստաբանի համար, անհասկանալի է և անհույս»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Դատախազը միջամտեց՝ ասելով, որ մեղադրանքի յուրաքանչյուր թե՛ բառը, թե՛ միտքը, թե՛ արտահայտություններն իրենց փաստական հենքն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել