Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր ազգությամբ հայ կարդինալը՝ Հռոմի պապի հավանական թեկնածուն. Աշոտ Աղաբաբյանի բացահայտումները

Մայիս 12,2026 23:23 Share

Բեսթսելերների հեղինակ Աշոտ Աղաբաբյանի 12-րդ գիրքը՝ «Կարդինալը», ևս առանձնահատուկ է, այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով գաղտնի պահված աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոս 15–րդ Աղաջանյանի կյանքի ոդիսականը:

Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ․ Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների հատուկ օպերացիաների արդյունքում Հռոմի պապ չընտրվեց: Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958-1970 թթ․)՝ Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալում, Քեսաբը և 9 հայկական գյուղեր փրկվում են թուրքական ճիրաններից: Ի դեպ, նվիրյալ հոգևորականին որպես հակակոմունիստի ԽՍՀՄ-ն արգելել էր հայրենիքի հետ որևէ շփում ունենալ: Աշոտ Աղաբաբյանն այս վեպով ամբողջացրել է բացառիկ հոգևորականի տիեզերական կերպարը: Վեպում նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ են արվել:

«Կարդինալը» վեպի շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակի եղբայրը՝ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Նույն օրը բացվեց նաև նրա նկարների ցուցահանդեսը:

Նիկոլ Աղաբաբյանն ասաց, որ հաճելի է գրքի շնորհանդեսի առիթով մեծաթիվ ընթերցողների տեսնելը: «Աշոտի պահանջով եմ ներկա շնորհանդեսին, այն էլ նկարներով: Անակնկալ էր, որ այսքան հետաքրքրություն կա գրքի նկատմամբ»,- ասաց Նիկոլ Աղաբաբյանը։

Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ամեն նոր գրքի շնորհանդեսին միջոցառման կազմակերպիչները մտածում են՝ գուցե այս անգամ դահլիճը չլցվի, բայց 700-800 հոգանոց դահլիճը կրկին լցված է. «Ոտքի վրա մարդիկ կան, դրանից հոգիս փառավորվում է: Դուք ոչ միայն գրքերիս ընթերցողներն եք, այլև իմ համախոհները, հարազատները: Այստեղ նստածների մեծ մասը իմ բոլոր վեպերը կարդացել է, նշանակում է՝ ինձ ոտքից գլուխ ճանաչում է»:

Գրողը նշեց, որ շատ մարդիկ են օգնել իրեն այս գիրքը գրել. «Շատ բարդ էր, միանշանակ չէր ընդունվում հերոսը, այնքան դավեր են ժամանակին նյութվել, նրան համարել են հակասովետական: Ընդհանրապես նրա մասին, եթե գրվում էր, ապա միայն վատը: Ես բոլոր կողմերին եմ լսել, բոլորից հնարավորինս նյութեր եմ ձեռք բերել: Երբ պատմական փաստերի հետ գործ ունես, շատ զգույշ պետք է լինես:

Կուզենայի ավելի ազատ գրել ու ավելի գեղարվեստորեն շարադրել, բայց ես պարտավոր եմ այսինչ մարդուն սպանել, որովհետև այդ իրադարձությունը տեղի է ունեցել… Մարդն ամենից շատ անկեղծ է, երբ մտքում աղոթում է Աստծուն, ես երբեմն դա զգում եմ գրելիս, որպեսզի չշեղվեմ իրականությունից: Գրել եմ աղոթելու պես: Բայց դա ամբողջը չէ, ինչ վերաբերում է Կարդինալին, դեռ շատ փակ էջեր կան, թեև ես հնարավորինս օգտագործել եմ իմ ձեռքի տակ եղած նյութերը, որոնք բավարար են եղել, որ վեպը ստեղծվի… Սա 12-րդ գիրքն է, բայց ես սրտի թրթիռով եմ սպասել առաջին ընթերցողին՝ իմ «դաժան» խմբագրի կարծիքին»:

Գրքի խմբագիր, բանաստեղծ Ներսես Աթաբեկյանն ասաց, որ կարելի է ընթերցողներին համարել Աշոտ Աղաբաբյանի գրքերի համայնք կամ ընտանիք: «Արդեն որերորդ գրքի շնորհանդեսին այս սրահում ենք, և ես այսօր արդեն բազմաթիվ հարազատ դեմքերի տեսա, որոնց ծանոթ չես, բայց գրքերի միջոցով հարազատանում ես, դա նշանակում է, որ Աշոտ Աղաբաբյանի գիրքը մեզ կարողանում է հավաքել: Գիրքը նաև պիտի կարողանա միավորել: Աշոտ Աղաբաբյանի գրքերը դա էլ են կարողանում: Երբ ժամանակները խաղաղ են ու վերահսկելի, գիրքը պիտի հարցեր առաջացնի, իսկ երբ դառն են ու խուժդուժ, ինչպես հիմա է, գիրքը պետք է պատասխանի հարցերին: Եվ այդ հարցերի պատասխանները գտնելու համար մենք դիմում ենք Աշոտ Աղաբաբյանի գրքերին՝ սկսած «Ռեզիդենտից», մինչև «Կարդինալը»»:

Աթաբեկյանի ձևակերպմամբ. «Հետաքրքիր առանձնահատկություն ունեն Աշոտի գրքերը, իր հերոսները անվանական հայտնի են մեր ընթերցողին, մեր ժողովրդին… Աշոտ Աղաբաբյանի գրքերն անընդհատ գյուտ են, իսկ այդ գյուտի տակ դրված է ծանր, տքնաջան աշխատանք: Ես տեսել եմ՝ Աշոտն ինչպես է աշխատում ամբողջ փաստական նյութի հետ: Ի վերջո, երբ գեղարվեստական գիրք է գրվում, կարելի է նաև հորինել, հերոսին կարելի է սպանել, Աննա Կարենինան կարող է չընկնի գնացքի տակ, բայց երբ փաստական վեպ ես գրում, պիտի հետևես փաստին:

Աշոտ Աղաբաբյանը կարողանում է հստակ պահել պատմական գիծը և վավերականությունը՝ իհարկե հավելելով և համալրելով այնպիսի մանրամասնություններով, որ չէին կարող չլինել։ Օրինակ, այս վեպում շատ սիրելի էր կարդինալի՝ հայ մարդկանց աշխարհական շրջանակը… Շատ հնարավոր է, որ այդ բոլոր զրույցներն ուրիշ բառերով են եղել, շատ հնարավոր է, որ այստեղ ժպիտ է եղել, մի ուրիշ տեղ լաց է եղել, բայց ամենագլխավորն այն է, որ այդ մտերմությունը չէր կարող չլինել… Անկախ նրանից՝ եկեղեցուն կպատկանի, թե ոչ, աշխարհի որ անկյունում ես ապրում, ինչ կենսագրություն ես ունեցել, կարդինալ ես թե մարշալ, պիտի ծառայես այն ժողովրդին, որը քեզ այդպիսին ստեղծել է: Կարևոր չէ, որ հայաստանյան հայկական սոցիումում չես ձևավորվել, կարևորը հայկական գենն է»:

Հավելենք, որ երեկոն էլ ավելի ջերմացրեց ճանաչված քանոնահարուհի Մարիանա Գևորգյանը՝ իր գեղեցիկ կատարումներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031