ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ, վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՐՑԱԽՑՈՒ ՄԱՍԻՆ
Ես պաշտոնապես բազմիցս հայտարարել եմ, որ արցախցին ապրելու է Արցախում։ Միակ քաղաքական ուժն եմ, ի տարբերություն մյուսների, որ դա ասել եմ։ Հիմա էլ զգուշացնում եմ։ Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում սա ներառել։
Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ԴՕԿ կուսակցությունը պաշտոնապես արձանագրում է․
Կարդացեք նաև
Արցախցին փախստական չէ։
Արցախցին հյուր չէ։
Արցախցին ողորմություն խնդրող չէ։
Արցախցին հայ ժողովրդի արժանապատվության, պայքարի և պատմական հիշողության կրողն է։
Մեր նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է․ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան։
Սակայն միևնույն ժամանակ մենք պաշտոնապես հայտարարում ենք նաև հետևյալը․
Արցախցու բնական և պատմական բնակավայրը Արցախն է։
Այն հողը, որտեղ հայն ապրել է հազարավոր տարիներ, կառուցել եկեղեցի, դպրոց, ընտանիք, գերեզման ու հայրենիք։
Ուստի Վարդան Ղուկասյանի ծրագրով սկզբունքային և պարտադիր քաղաքական նպատակ է համարվում այն, որ արցախցին վերջնականապես պետք է ապրի Արցախում՝ իր հայրենի հողի վրա, ոչ թե մշտական տեղահանության և օտարության պայմաններում։
Մենք երբեք չենք ընդունելու այն քաղաքականությունը, որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը։
Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն։
Դա սոսկ տարածքի հարց չէ։
Դա ազգի գոյության հարց է։
Դա պատմության, արյան, հիշողության և արժանապատվության հարց է։
Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ
Հայաստանը պարտվածի հոգեբանությամբ չի ապրելու։
Արցախցին վերադառնալու է իր տուն։
Վարդան Ղուկասյան


















































