ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի սկզբում նրա պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հերթական անգամ դատարանին ահազանգեց իր պաշտպանյալին դատական նիստերի դահլիճ ուղեկցելու մասին։
«Ցանկանում եմ դատարանին բացահայտել, որ տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին կրկին այսօր տնային կալանքի վայրից դատական նիստերի դահլիճ տեղափոխումն իրականացվել է կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված ոստիկանական ճաղավանդակով ավտոմեքենայով, ինչը, կարծում ենք, պարզապես հերթական անգամ ՆԳՆ աշխատակիցների կողմից վերածվում է իրավունքի նկատմամբ ծաղրի։
Ուղղակի ուզում ենք դատարանին տեղեկացնել, որ այս անգամ իրապես մեկ տարբերություն եղել է։ Պրոբացիայի ծառայության ավտոմեքենան ևս եղել է նույն հասցեում, բայց պարզապես գտնվել է այնտեղ։ Այնուհետև իրենք մեքենան ուղղակի վարել են դեպի դատարան։ Գործընկերս բարձրաձայնել է հարցը, որ Պրոբացիայի ծառայողների կողմից իրականացվի ուղեկցումը, իսկ ոստիկանները ուղեկցեն Պրոբացիայի համապատասխան մեքենան։ Բայց ոստիկանները պնդել են, որ ոչ մի դեպքում, պետք է միայն իրենց ճաղավանդակ ունեցող տրանսպորտային միջոցով տեղափոխեն, այսինքն՝ պետք է իրավիճակը պահպանվի։
Սա հերթական դատական նիստն է, որին բախվում ենք։ Եվ կարծում եմ՝ սա դատարանի՝ որպես վարույթն իրականացնող մարմնի, որոշակի առումով լիազորությունների, իրավասությունների տիրույթում է։
Կարդացեք նաև
Նման իրավիճակն ինքնին արդյո՞ք չի հանդիսանում համակցության մեջ տվյալ՝ որպես ի հայտ եկած նոր հանգամանք, իրավաչափության պայմանի փոփոխության հանգամանք։ Եվ ընդհանրապես, մենք այսօր կունենայինք խափանման միջոցի փոփոխության հարցի վերաբերյալ քննարկում, Սամվել Կարապետյանն էլ հնարավորություն կունենար՝ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնակցելու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հունիսի 3-ին, ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հավաքին։ Զուտ ելնելով այն հանգամանքից, որ մենք ուղղակի նման տարրական հարցի լուծում չենք ստանում»,- ասաց փաստաբանը։
Մյուս փաստաբանները ևս միացան միջնորդությանը։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը խնդրի պարզաբանում ստանալու նպատակով Սամվել Կարապետյանին ուղեկցած և տվյալ պահին նիստերի դահլիճում գտնվող կին ոստիկանից հետաքրքրվեց, թե ո՞վ է հրահանգել և ի՞նչ եղանակով՝ գրավո՞ր, թե՞ բանավոր, որ իրենք պետք է տնային կալանքի վայրից դատարան ուղեկցեն Սամվել Կարապետյանին։ Ի պատասխան՝ ոստիկանը հայտնեց՝ իր վերադասը՝ բանավոր հրամանով։ Դատարանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ այս հարցի վերաբերյալ ոստիկանությունից պարզաբանումներ կստանա և կհրապարակի հաջորդիվ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































