Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխան փոքրուց պիտի հասկանա, որ աղքատության նպաստ ստանալը լավ բան չէ, ոչ մեկ չպետք է ձգտի ստանալ աղքատության նպաստ»․ Արսեն Թորոսյան

Հունիս 11,2026 18:40 Share

«Լսել ենք հատկապես նախընտրական շրջանում նույնիսկ պոպուլիզմի ողջամիտ սահմանները հատող հայտարարություններ մարդկանց պարզապես փող տալու մասին և անհասկանալի աղբյուրներից», – հարցին՝ աղքատության վերացման վերաբերյալ բյուջետային ծախսումների ձևը ո՞րն է, որ կարողանանք հասնել աղքատության վերացման նպատակին, քանի որ շրջանառվող թեզեր կային, որ ուղիղ ֆինանսավորմամբ աղքատության խնդիրը լուծվի, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այսպես պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հետո էլ շարունակեց՝ եթե պետբյուջեից չեն անելու, ուրեմն ինչ-որ մարդկանց գրպաններից են անելու այդ ֆինանսավորումը․ «Իսկ որտեղի՞ց է այդ գրպաններում փող հայտնվում․ թալանում են ժողովրդին, հետո փորձում վերադարձնել լավ փաթեթավորմամբ»։

Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ մտածողությունը պետք է փոխել․ «Քաղաքացիները չպետք է ուզեն մնալ նպաստի համակարգում։ Հիմա հարցնում են՝ ինչո՞ւ կտրեցիք մեր նպաստը։ Ոչ մեկ նպաստ չի կտրում․ օբյեկտիվ ցուցանիշներով է։ Երեխաները փոքրուց պետք է հասկանան, որ աղքատության նպաստ ստանալը լավ բան չէ, ոչ մեկ չպետք է ձգտի ստանալ աղքատության նպաստ։ Ինքնին նպաստ ստանալու ձգտումը խնդիր է։ Մենք պետք է ձգտենք հակառակին՝ սովորենք, կրթվենք, աշխատենք և մեր բարեկեցությունն ապահովենք։

Մենք համարյա 30 տարի հակառակն ենք արել․ ասել՝ ոչինչ, դու մնա այդ համակարգում, ամսական 20-30 հազար դրամ կտանք, ընտրություններին էլ փողով կառնենք քո ձայնը, որ շարունակենք քեզ կեղեքել, որ էլի 30 տարի պահենք էդ համակարգում։ Ժամանակն է եկել սա փոխելու։ Փարոս համակարգում ունեինք նպաստի 29 հազար դրամի չափ։ Նոր համակարգում մենք ունենք կարիքի վրա հիմնված չափ, որը այս պահի դրությամբ միջինը 85 000 դրամ է, ունենք նաև առավելագույն չափ՝ 280 հազար դրամ։ Պետք է դեմ լինենք պարզապես ձուկ տալու տրամաբանությանը, այլ պետք է սովորեցնենք ձուկ որսալ մեր քաղաքացիներին․ նոր համակարգը դրա մասին է»։

Արսեն Թորոսյանն իր խոսքում, ներկայացնելով 2025-ի հաշվետվությունը, նշեց, որ նախարարության կողմից իրականացվել է 17 բյուջետային ծրագիր և 106 միջոցառում։ Նշված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեով նախատեսվել էր 905,6 մլրդ դրամ։ Տարվա ընթացքում կատարված ճշտումների արդյունքում բյուջեն կազմել է 900,8 մլրդ դրամ, փաստացի ծախսերը՝ 874,1 մլրդ դրամ, կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 97 տոկոս։ Այս ցուցանիշը 2,5 տոկոսով կամ 21,6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930