«Այս շուկան ամենամրցակցային շուկան է աշխարհում»,-հարցին՝ ուսումնասիրո՞ւմ ենք այն շուկաները, որտեղ մեր արտադրանքի պահանջարկը կա, ի՞նչ աշխատանք են կատարում նաև արաբական երկրների հետ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ եվրոպական կառավարություններն էլ խնդիրներ ունեն, նրա փոխանցմամբ՝ եվրոպական կառավարությունների ամենամեծ խնդիրն իրենց ֆերմերների արտադրած բերքն իրացնելն է։ Գևորգ Պապոյանը վստահեցրեց՝ մեր արտադրանքը բարձր որակի է․ «Համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Անցել են այն ժամանակները, երբ ասում էինք՝ մեր ապրանքները լավը չեն։ Մեր միակ խնդիրը այն է, որ ունենք որոշակի հեռավորություն այդ մեծ շուկաներից․ տրանսպորտային ծախսերը բարձր են։ Որակական մրցունակության խնդիր չունենք, բայց ունենք գնային մրցունակության խնդիր»։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց մեր մրգերի՝ հետաքրքիր, համ ու հոտով լինելու վրա կենտրոնանանք ու ասաց․ «Եվրոպայում մրցում են նույնատեսակ ապրանքներ։ Գուցե ներկայացնենք, որ հայկական ծիրանը տարբերվում է Ամերիկայում արտադրված ծիրանից, շեշտադրենք մեր մրգերի, հողի, ջրի առանձնահատկությունը։ Օրինակ՝ եթե մեր «անտառային գեղեցկուհի» տանձին հասցնենք ճապոնացուն, նա այլ միրգ չի գնի»։
Կարդացեք նաև
Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Ծիրանի պարագայում ակնհայտ է, որ կան այդ մրցակցային առավելությունները, դա է պատճառը, որ ծիրանը նույնիսկ օդային ճանապարհով է արտահանվում և բարձր գնով վաճառվում»։
Հարցին՝ ի՞նչ է կատարվում ԵԱՏՄ-ում մեր դեմ սահմանափակումների հետ կապված, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Դիմել ենք Եվրասիական հանձնաժողով՝ որպես արգելանք սահմանափակում մեր դեմ կիրառվողի մասով, որ քննեն։ Ընթացակարգերով շարժվում ենք առաջ»։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ամբողջությամբ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































