«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանի
ֆեյսբուքյան գրառումը
Հետընտրական գործընթաց․ լեգիտիմության ճգնաժամ, թե՞ նոր քաղաքական սցենարի նախապատրաստում
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվել է աննախադեպ իրավիճակ։ Ընտրությունների արդյունքների և ամբողջ գործընթացի լեգիտիմության հարցը բարձրացնում են ոչ միայն այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գնահատմամբ տուժել են ընտրական գործընթացից, այլև այն դերակատարները, որոնք վերջին տարիներին գործնականում գտնվել են իշխանության հետ նույն քաղաքական և գաղափարական դաշտում։
Հետընտրական գործընթացն այսօր տեղափոխվել է երեք փոխկապակցված հարթություն՝
Կարդացեք նաև
Իրավական՝ ԿԸՀ և Սահմանադրական դատարան,
Քաղաքական՝ վերաքվեարկության կամ նոր ընտրությունների պահանջ,
Ինստիտուցիոնալ՝ Ընտրական օրենսգրքի արտահերթ փոփոխություններ։
Այս երեք գործընթացների համընկնումը պատահական չի կարող լինել։
ԿԸՀ-ի որոշումը՝ ճգնաժամի մեկնարկային կետ
Հունիսի 14-ին ԿԸՀ-ն, մի կողմից, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որը կարող էր փոխել ընտրության արդյունքները, իսկ մյուս կողմից՝ երեք ընտրատեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։
Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվեց խորհրդարանում ներկայացվածություն ունենալու հնարավորությունից։
Ստեղծվեց ակնհայտ հակասություն․ եթե խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նույն որոշումները փոխեցին խորհրդարանի կազմը։
«Միասնության թևեր»-ը՝ իրավական պայքարի առաջնագծում
Հետընտրական գործընթացում առավել համակարգված և իրավաբանորեն հիմնավորված դիրքորոշում ներկայացրեց «Միասնության Թևեր» կուսակցությունը։
Հունիսի 16-ի մամուլի ասուլիսում ներկայացվեցին վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման, արձանագրությունների և ամփոփ տվյալների միջև անհամապատասխանությունների, վերահաշվարկների ընթացքում արձանագրված շեղումների, ինչպես նաև ԿԸՀ վարչական վարույթի ակնհայտ թերությունների վերաբերյալ փաստեր և հիմնավորումներ։
Կուսակցությունը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ վիճարկելով ոչ միայն առանձին տեղամասերի արդյունքները, այլ ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրականությունը։
Փաստացի, հենց «Միասնության թևերն» էր առաջիններից մեկը, որը հետընտրական քննարկումը տեղափոխեց ոչ թե առանձին խախտումների, այլ ամբողջ ընտրական միջավայրի գնահատման հարթություն։
Նոր զարգացում․ նույն խոսույթը՝ իշխանամերձ շրջանակներից
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ վերաքվեարկության կամ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաև այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դանիել Իոանիսյանն ու Արման Բաբաջանյանը։
Վերջինիս դիրքորոշումը հատկապես ուշադրության արժանի է, քանի որ նրա քաղաքական ուժը սկզբում ճանաչել էր ընտրությունների արդյունքները, իսկ ընդամենը մի քանի օր անց հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին։
Սա բնականաբար առաջացնում է քաղաքական տրամաբանական հարցադրումներ։
Եթե իշխանության հետ նույն քաղաքական դաշտում գտնվող դերակատարները միաժամանակ սկսում են խոսել վերաքվեարկության, նոր ընտրությունների կամ ընտրությունների արդյունքների վերանայման անհրաժեշտության մասին, ապա արդյո՞ք գործ չունենք արդեն նախապես մշակված քաղաքական սցենարի հետ։
Առավել ևս, որ նույն ժամանակահատվածում իշխող ուժն արտահերթ կարգով նախաձեռնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։
Այս համադրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հանրային դժգոհության աճի, Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացների և ընտրական օրենսդրության շտապ փոփոխությունների միջև կարող է գոյություն ունենալ քաղաքական փոխկապակցվածություն։
Ընդհանուր գնահատական
Իհարկե, վերջնական գնահատականներ տալը վաղ է, սակայն ակնհայտ է մեկ բան․ երբ ընտրությունների արդյունքները վիճարկվում են ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև իշխանության հետ նույն քաղաքական դաշտում գտնվող դերակատարների կողմից, ապա հարցն այլևս միայն ընտրությունների արդյունքները չեն։
Խոսքը քաղաքական նոր վերադասավորումների հնարավոր նախապատրաստման մասին է։
Եվ հենց այս համատեքստում առաջիկա շաբաթներին Սահմանադրական դատարանի որոշումը կարող է դառնալ ոչ միայն իրավական, այլև քաղաքական նոր գործընթացների մեկնարկային կետ։


















































