Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանն ու Ժաննա Անդրեասյանը չեն դատվելու
Համենայնդեպս, այդպես է որոշել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մարտուն Սիմոնյանը:
Երեք շաբաթ առաջ գլխավոր դատախազությունից լրագրողներին հայտնել էին, որ խիստ կասկածելի հիմքով եկեղեցու դռան փեղկ ձեռք բերելու կառավարության որոշման փաստով քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու վերաբերյալ իմ հաղորդմանը «ընթացք են տվել»: Սակայն այդ ընթացքը շատ կարճ տևեց և առանց քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու և, իհարկե, իմ ներկայացրած հիմնավորումները ցուցմունքի տեսքով ստանալու, բոլոր պատկան մարմինների դիրքորոշումն արտացոլվեց քրեական գործ հարուցելուց հրաժարվելու սույն գրության մեջ:
Կարդացեք նաև
Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ Հաղորդման տեքստն ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական պատասխանը:
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային հիմնավորումների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։
Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային միջոցների հաշվին, կասկածելի եղանակով իրականացրել է վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում` միջազգային աճուրդից անհամեմատելի բարձր գնով ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:
Նախապատմություն
2025 թվականի դեկտեմբերին մի քանի ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաններ ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություններ տեղադրեցին` ազդարարելով, որ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար ՀՀ դրամ (մոտ 500 հազար ԱՄՆ դոլար): Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց անհայտ ծագման դռան փեղկի լուսանկարը, դրան կցելով հետևյալ տեքստը. «Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։ Համանման հայտարարություններ տարածեցին ԿԳՄՍ նախարարությունն ու նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ակնհայտ էր, որ պետական պահուստային միջոցներից ահռելի գումարների դիմաց այս կասկածելի ցուցանմուշի գնումն ուղիղ կապ ուներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ և նպատակ ուներ այսպիսի ձեռքբերումը ծառայեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը:
Քրեաիրավական հիմքեր
Խիստ վիճելի և ծագումնաբանության առումով կասկածելի այս ցուցանմուշին վճարված գումարը չի համապատասխանում միջազգային աճուրդներում համանման ցուցանմուշների աճուրդային գներին և ուռճացված է, առնվազն տասնապատիկ անգամ։ Այս պարագայում, պետք է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն վաճառք իրականացնող կողմի հետ` խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով։
Նախաքննության մարմինները պետք է պարզեն, արդյո՞ք գործ ունենք հնաոճ իրերի սև շուկայի մեջ ներքաշված պետական պաշտոնյաների հետ, երբ վերջիններս հանցավոր համաձայնության գալով հնաոճ իրերի վաճառքով զբաղվող և շուկան վերահսկող գործակալների հետ, գործարք են կնքում խիստ թանկ գնով՝ մեծ վնաս հասցնելով ահռելի չափերի արտաքին պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեին:
Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այդուհանդերձ պետք է նկատի ունենանք այսպիսի մի հանցավոր սխեմայի գործարկումը. պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ-որ միջազգային, ոչ առաջնային կարգի աճուրդի կազմակերպչի հետ՝ վերջինիս կատալոգում շատ բարձր գնով ցուցանմուշի կամ ձեռագիր մատյանի վաճառքի հայտարարություն զետեղելու և այն փոխշահավետ պայմանով ձեռք բերելու համար: Ապա իրի լուսանկարն ու գինը որոշ ժամանակով տեղադրելուց հետո այն հեռացվում է վաճառքից: Հաջորդիվ մշակույթի ու արժեքների հանդեպ «սրտացավ» պետական պաշտոնյաներն ի լուր աշխարհի հայտնում են, որ խնդրել են այս կամ այն ցուցանմուշը հանել աճուրդից՝ դրանք ֆիքսված գնով ձեռք բերելու համար:
Վերջին տարիներին նույն բովանդակությամբ հայտարարությունների հիմքով միևնույն աղբյուրից մի քանի գնումներ են իրականացվել: Պետք է արձանագրենք, որ ձեռք բերված ցուցանմուշի գինը աստղաբաշխական է և չի համապատասխանում իրականությանը: ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ այսպիսի գնով հենց այս կատեգորիայի ցուցանմուշ, այն էլ վիճելի ինքնությամբ ու ծագումնաբանությամբ: Ի դեպ, խնդրահարույց դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG խանութ-աճուրդում վաճառքի է եղել 2004 թվականից: Դրա, ինչպես նաև հայերեն ձեռագիր մատյանների լուսանկարները, ներառված են եղել վերոնշյալ աճուրդի 2004 թվականին Լոնդոնում լույս տեսած կատալոգում: Ուստի սրտաճմլիկ պատմություններն աճուրդից այն հանելու վերաբերյալ` թեմայից անտեղյակ լսարանի համար է:
Վերջին 25 տարիների ընթացքում հետևում եմ բազմաթիվ միջազգային աճուրդներում վաճառվող ցուցանմուշների գներին, պարբերաբար ստանում եմ կատալոգներ հեղինակավոր աճուրդներից և պետք է խոստովանեմ, որ թերի, այսինքն` ոչ ամբողջական հնաոճ այսպիսի իրի համար 175 մլն 360 հազար դրամ հատկացնելը կատարյալ աբսուրդի ժանրից է: Այստեղ ակնհայտ է, որ գործ ունենք հանցավոր հիմքով իրականացված գործարքի հետ: Համեմատության համար նշենք, որ 20 տարի առաջ տասնապատիկ անգամ էժան գնով՝ 50 հազար ԱՄՆ դոլարով, աճուրդում վաճառվել էր Մշո Սուրբ Կարապետ վանքի երկու փեղկերով ամբողջական ու լավ պահպանված դուռը՝ ՀԱՅԵՐԵՆ արձանագրությամբ ու ստույգ թվագրմամբ:
Գիտահետազոտական ու փորձաքննական հիմքեր
Այժմ փորձենք պարզ տրամաբանությամբ վերլուծենք, թե ինչ վիճելի ու կասկածելի դրվագներ կան կառավարության կողմից հարկատուների գումարների հաշվին ձեռք բերված այս իրի առնչությամբ.
- Իրի հայկականությունը
100 տոկոսով պնդել, որ ձեռք բերված դռան փեղկը «հայկական» է` ոչ միայն սխալ է, այլև տգիտության դրսևորում է: Այդպիսի պնդման հիմք կարող է լինել միմիայն հայատառ արձանագրության առկայությունը: Մեզ հասած շուրջ մեկ տասնյակ միջնադարյան և ուշ միջնադարյան հայկական եկեղեցական ԲՈԼՈՐ դռներն ունեն հայերեն արձանագրություններ՝ հստակ թվագրմամբ, պատվիրատուի ու վարպետի անունների հիշատակմամբ: Խնդրո առարկա դռան փեղկն այդպիսի արձանագրություն չունի, հետևաբար իրի հայկական լինելու պնդումը, մեղմ ասած, վիճելի է, քանզի այն հիմնված է միմիայն ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Նույն ենթադրությամբ այն կարելի է համարել ասորական, ղպտիական կամ այլ մշակույթի պատկանող նմուշ: Կառավարության ներկայացուցիչները մինչ օրս որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել իրի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու և մեծ գումար վճարելու դիմաց այն ձեռք բերելու որոշումը հիմնավորելու համար:
- Իրի թվագրումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր հանրային ելույթներում հայտարարեց, որ, որ ձեռք բերված ցուցանմուշը «Բագրատունյաց շրջանի» է և նույնիսկ նշեց ստույգ թվագրումը` 1188 թվական, հղում տալով «ռադիոածխածնային հետազոտությանը»: Իրականում խոսքը, ոչ թե «ռադիոածխածնային հետազոտության», այլ մեթոդի կիրառման մասին է: Նույնիսկ օրգանական ծագում ունեցող փայտանյութի պարագայում ռադիոածխածնային մեթոդի կիրառմամբ հնարավոր չէ հստակ թվական նշել: 2004 թվականին SAM FOGG աճուրդի հրատարակած կատալոգում հիշատակվում է, որ այդ մեթոդի կիրառման արդյունքում փեղկը թվագրվել է 12-րդ դարով: Մինչ օրս հրապարակված չէ այդ փաստաթղթի բովանդակությունը: Ավելորդ չի նշել, որ մտածածին 1188 թվականի հիշատակումը և այն «Բագրատունյաց» շրջանի հետ կապելը, Հայոց պատմության դպրոցական մակարդակի դասագրքային նյութին չտիրապետելու ակնհայտ դրսևորում է:
- Բովանդակության վերլուծություն
Պարզ զննման ու վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ իրի վրա պատկերված են երեք կապիկներ կամ շներ` ըստ որում մեկը նստած է ընկույզներ հիշեցնող կույտի վրա: Դռան փեղկի վրա դրվագված տեսարանները հիմնականում աշխարհիկ են, իսկ խաչի հորինվածքը բնորոշ չէ հայկական միջնադարյան խաչերին: Այն նույն հաջողությամբ կարող է լինել նաև աշխարհիկ շինության դուռ: Չի բացառվում, որ այս ցուցանմուշը վարպետորեն արված պատճեն է, իսկ կեղծարարները հատուկ դիտավորությամբ հայերեն որևէ արձանագրություն չեն թողել՝ բացահայտումից խուսափելու համար, քանզի արձանագրության առկայությունը գրավելու էր ուսումնասիրողների ուշադրությունը՝ դրա ծագումնաբանությունը ճշգրտելու համար:
- Իրի աշխարհագրությունը
Այն պնդումները, թե իբր դռան փեղկը ծագում է Սյունիքի վանական համալիրներից, որևէ ապացուցողական հիմք չունի: Դա անհեթեթ ու անհիմն ենթադրություն է՝ հայերեն որևէ արձանագրության բացակայության պայմաններում: Ինչպե՞ս և ինչու՞ շուրջ 50 կգ կշռող դռան փեղկը լեռնային կածաններով պետք է հասցնեին Մերձավոր Արևելք, մեկ այլ հարց է, որին չեն ցանկացել անդրադառնալ պետական միջոցները գիտակցաբար փոշիացրած ՀՀ պետական պաշտոնյաները:
Ամփոփելով նշենք, որ այս դռան հայկականության վերաբերյալ որևէ լուրջ և հիմնավոր գիտահետազոտական աշխատանք չկա: Վերոնշյալ աճուրդի հրատարակած կատալոգում իրը բնութագրող կես էջանոց բացատրագիրը գիտականության տեսակետից որևէ քննություն չի բռնում և հիմնազուրկ է: Ավելին, ընդարձակ բացատրագրում, որը հիմնավոր պնդում կամ հղում չկա դռան փեղկի հայկականության վերաբերյալ:
Ուստի, նախաձեռնվելիք քրեական վարույթի շրջանակում նախաքննության մարմնին միջնորդում եմ պարզել թե,
– ո՞վ է ՀՀ կառավարության, ի մասնավորի՝ ԿԳՄՍ նախարարության անունից բանակցել SAM FOGG աճուրդի տան ներկայացուցչի հետ՝ գնման գործընթաց սկսելու համար,
– ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է դռան փեղկը աճուրդից հանվել ու ֆիքսված գին սահմանվել, եթե այն իսկապես աճուրդում է եղել,
– առկա՞ է արդյոք հավաստի փաստաթուղթ, որով հստակեցվել ու վերջնականացվել են վաճառող կողմի հետ իրի ձեռքբերման պայմանները,
– առկա՞ է արդյոք ձեռք բերվելիք իրի գնի և գնագոյացման վերաբերյալ փորձագիտական եզրակացության և վերջնական գնի շուրջ բանակցությունների նամակագրություն,
– որո՞նք են ռադիոածխածնային մեթոդի կիրառման փաստաթղթային հիմքերը, որոնք արձանագրված են SAM FOGG աճուրդային տան 2004 թ. հրատարակած կատալոգում,
– առկա՞ են արդյոք իրի բնօրինակ հանդիսանալը, ժամանակագրական տվյալներն ու վավերականությունը հաստատող փաստաթղթեր ու փորձագիտական եզրակացություններ,
– առկա՞ է արդյոք որևէ գիտական հիմնավորում կամ փորձագիտական եզրակացություն` փեղկի, թեկուզ մոտավոր, հայկականությունը հաստատելու առումով,
– ի՞նչ ճանապարհով է դռան փեղկը ներկրվել Հայաստան, առկա՞ են արդյոք դրա մաքսային ձևակերպման փաստաթղթեր,
– առկա՞ են արդյոք այլ տվյալներ՝ նույն վաճառողից (կամ՝ նույն աղբյուրից) այլ իրեր գնելու և Հայաստան փոխադրելու մասին։
Նշեմ նաև, որ Ն․ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում դռան փեղկին ծանոթանալիս ակնարկել էր «իզոտոպերի միջոցով» փայտանյութի աշխարհագրությունը պարզելու մասին: Այսինքն՝ քրեական վարույթի շրջանակներում դրան նույնպես պետք է անդրադարձ կատարվի։
Հաշվի առնելով կառավարության վերոնշյալ անդամների կողմից Բեյրութում գտնվող միևնույն անհայտ ծագում ունեցող դռան երկրորդ փեղկի ձեռքբերման նպատակադրությունը, նախաքննության մարմնին միջնորդում եմ կիրառել հարկադրանքի միջոց՝ գույքի արգելադրում՝ պետական պահուստային ֆոնդի գումարների աննպատակային վատնման նոր փորձը կանխելու համար։
Վերոգրյալը հիմք է տալիս հայտնելու, որ կատարվել է, առնվազն, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ, այն է․ հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո հանցավոր կազմակերպության կողմից և առանձնապես խոշոր չափերով, ուստի ակնկալում եմ, որ ուսումնասիրելով սույն հաղորդումը՝ կդիմեք քննչական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնելու ու քրեական հետապնդում իրականացնելու պահանջով։
Միաժամանակ հայտնում եմ, որ պատրաստ եմ տալ փորձագիտական գնահատական իրի պատմականության, ծագումնաբանության և ժամանակագրության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել միջազգային հեղինակավոր աճուրդների կատալոգներ՝ միջնադարյան փայտարվեստի վավերական ու փորձագիտական քննություն անցած նմուշների գների համեմատականը ներկայացնելու համար:
Սույն հայտարարությունը 2026 թ. օգոստոսի 4-ին ֆեյսբուքյան իմ էջում հանրայնացնելուց հետո, երեք օր անց կասկածելի ճանապարհով ձեռք բերված դռան փեղկը, մեզ համար անհայտ հանգամանքներով պայմանավորված, հեռացվել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցասրահից, դադարել է գործել նաև այն ցուցադրելու համար հատկացված առանձին սենյակ-ցուցասրահը և դռան փեղկի հայկական ծագման մասին խոսող գիտնականների տեսագրությունը:
Անդրադառնալով դռան փեղկը լոնդոնյան աճուրդ-խանութից ձեռք բերելու որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր հետևյալը. «Նման դեպքերում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք մասնագետների խորհրդատվությունը հաշվի առնելով: Երբ մասնագետներն ասում են, որ բացառիկ նմուշ է, իհարկե, բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցնում են: Կարծում եմ՝ շատ կարևոր մի գործընթաց է, և մեր մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն արվում է կրկին՝ պետական բյուջեի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ բացթողումը կամ պահանջելը չմոռացող քաղաքացիների շնորհիվ»։
Այս պարագայում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞ ահռելի չափերի պետական միջոցներ ծախսելուց հետո, ձեռք բերված ցուցանմուշը հեռացվել է ցուցադրությունից, այն էլ հանրայնացված ահազանգից հետո:
Պետք է նաև փաստենք, որ ԿԳՄՍ նախարարի՝ Բեյրութում գտնվող դռան փեղկի երկրորդ մասի ձեռքբերման նպատակադրությունից հրաժարումն ուղղակիորեն հանդես է գալու որպես ապացույց, որ առաջին կտորի գնումը պետական միջոցների հաշվին անհիմն է եղել, որի արդյունքում հասցվել է զգալի վնաս՝ պետական միջոցների աննպատակային վատնման տեսքով:
Առդիր ներկայացնում եմ`
- 2004 թվականին լոնդոնյան SAM FOGG աճուրդային տան կատալոգի էջերի պատճենները, որոնք վերաբերում են խնդրո առարկա դռան փեղկին, որպես հերքում ՀՀ կառավարության անդամների ստահոդ այն պնդումների, թե իբր դռան փեղկը դրված է եղել աճուրդում: (3 էջ)
- Դռան փեղկի` 2004 թվականի կատալոգում տպագրված նկարագրության անգլերեն տեքստը` հայերեն թարգմանությամբ: (2 էջ)
- Մամուլի հրապարակումներ՝ դռան փեղկի ձեռքբերման շուրջ ՀՀ կառավարության անդամների հայտարարությունների վերաբերյալ: (5 էջ)
- Տեսանյութեր` դռան փեղկի Հայաստան բերելու և այն Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ներկայացնելու բովանդակությամբ: (1 ցանկ և 1 խտասկավառակ)
Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը




















































