Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրելու իրավունքի սահմանափակման օրինագիծը շատ խնդրահարույց է մի քանի պատճառով. Աննա Մելիքյան

Հունիս 18,2026 13:51 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրելու իրավունքի սահմանափակման օրինագիծը շատ խնդրահարույց է մի քանի պատճառով։ Նախ, նման սահմանափակման անհամաչափությունը ու խտրական լինելը։
Իսկ ոչ պակաս խնդրահարույց է այն հանգամանքը, որ սահմանադրական իրավունքի լրջագույն սահմանափակման նախաձեռնությունը արվել է առանց պատշաճ հանրային քննարկումների։
Էլ չասեմ, որ հիմնավորումը շատ տեսական պնդումներ է անում, և չկա բացատրություն, թե ինչու հենց 6 ամիս, ու ինչպիսի ազդեցություն է դա ունենալու անձանց վրա։ Ավելին՝ քանի որ մեր ընտրական ռեգիստրը ձևավորվում է ՀՀ-ում հաշվառված անձանց ռեգիստրի հիման վրա, սա նշանակում է, որ պետք է փոփոխվեն մեծ թվով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, ու այս ամենը չկա նախագծում։
ՀՀ-ում պարտադիր հանրային քննարկման են ներկայացվում կառավարության կողմից մշակված օրինանագծերը։ Նման պահանջ չկա պատգամավորների նախաձեռնությունների մասով։
Ընտրելու իրավունքը սահմանադրական իրավունք է, որի սահմանափակումը պետք է լինի համաչափ ու ողջամիտ։ Նշված պահանջները արտացոլված են ՄԱԿ-ի դիրքորոշումներում ու միջազգային չափանիշներում։ Նույն չափանիշը օգտագործում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Որպես ողջամիտ ու համաչափ սահմանափակում դիտվում է նվազագույն տարիքային շեմ ունենալը։
Ավելին՝ այն սահմանափակումները չպետք է լինեն խտրական։ Խտրական սահմանափակումների շարքին դասվում են, օրինակ՝ կրթության ցենզը, սեփականություն ունենալը և այլն։
Թեև երկրում չապրող քաղաքացիների՝ երկրից դուրս քվեարկելու հնարավորությունն ապահովելու առումով չկա կոնսենսուս, ու այս հարցը թողնված է պետությունների հայեցողությանը /սա հաստատվում է նաև ՄԻԵԴ-ի որոշումներով, դատարանը խախտում չի գտել նման դեպքում՝ նշելով, որ չկա նման միջազգային կամ եվրոպական չափանիշ/, համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափ հիմքերը բավականին սակավ են, ու միանշանակ դրանց թվին չի դասվում ընտրություններին նախորդող տարվա ընթացքում 6 ամիս ապրելը։
ՄԻԵԴ-ի պրակտիկայում քննարկվել են ոչ ռեզիդենտ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման հարցը։ Օրինակ՝ Մեծ բրիտանիայի դեմ գործով դատարանը խախտում չի գտել 15 տարի ռեզիդենտ չհանդիսացող քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու պատճառով։ Այս դեպքում դատարանը գտել է, որ 15 տարին չափազանց սահմանափակող ժամկետ չէ /Shindler v. the United Kingdom/։
Ընտրության իրավունքը երաշխավորվում է Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում /հոդված 25/, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրությունը և ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններով։
Օրինակ՝ ՄԻԵԴ-ը խտրական է համարել Կիպրոսում գործող ընտրելու իրավունքի սահմանափակումը, համաձայն որի թուրքական մասում ապրող բնակիչները զրկված են Կիպրոսի համապետական ընտրություններին ընտրելու իրավունքից: Դատարանն ընդգծել է, որ թեև պետությունները ունեն զգալի հայեցողություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կանոնները սահմանելու հարցում, սակայն նման կանոնները պետք է համաչափ ու ողջամիտ լինեն։ /Aziz v Cyprus/:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ամփոփած միջազգային չափանիշների ու լավ պրակտիկաների փաստաթղթում հստակ ասվում է, որ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՑԵՆԶ /։
ԺՀՄԻԳ-ի փաստաթղթերում ընդգծվում է, որ որևէ սահմանափակում պետք է հիմնավորվի ԲԱՑԱՌԻԿ հանգամանքներով։
Հատկանշական է, որ որոշ երկրներում ընտրելու իրավունք իրացնելը ոչ միայն իրավունք է, այլ պարտականություն, որի չկատարման համար սահմանված են պատիժներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930