Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը հանրապետությունն է, ընդհանուր առմամբ, էականորեն վերափոխել

Հունիս 18,2026 15:43 Share

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը, որի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։ Ծրագրի իրականացումը կնպաստի նրանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում՝ ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ընդ որում, աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը,  աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը։ Աշխատանքի տեղավորված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում՝ առաջարկվում է գործատուին տրամադրել նաև միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով։ Առաջարկվում է ծրագիրը 2027 թ.-ին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար։

Գործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 634 մլն դրամ՝ պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր՝ ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր։ «Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք  2026 թ. պետական բյուջեից»,-ասել է նախարարը։

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը.  Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան, Ծաղկաշեն, Արագած, Քուչակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքներ ընթացքի մեջ են, ասֆալտապատվել է շուրջ 2  կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ),  Արարատի մարզի՝ Մասիս համայնքի Այնթապ, Արևաբույր, Ն․ Խարբերդ, Ն․ Կյուրին, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, ասֆալտապատվել է 10.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ),  Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում/նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, կառուցվել է 6,5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգ, շահառուները՝ 327 տնային տնտեսություն), Արտաշատ համայնքի Ոստան, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Նորաշեն, Բերդիկ և Վերին Արտաշատ բնակավայրերի գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 61 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի՝ Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազիֆիկացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 112 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Հ. Մկրտչյան և Արարատյան փողոցների, Գրիբոյեդով բնակավայրի Պ. Սևակ փողոցի, Առատաշեն և Խորոնք բնակավայրերի փողոցների գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 1,7 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 38 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում (ավարտական փուլ, վերակառուցվել է 220 քմ մակերեսով կենտրոնական շատրվանը),  Գեղարքունիքի մարզի՝  Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան վերանորոգում         (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, վերանորոգվել է 310 քմ մակերեսով տարածք), Մարտունի համայնքի Ծովինար և  Զոլաքար բնակավայրերում ոռոգման ջրատարների  կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, կառուցվել է 2,1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 220 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 50 հա),  Կոտայքի մարզի՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի փոխարինում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, ասֆալտապատվել է 3.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, անցկացվել են  6,9 կմ երկարությամբ ջրահեռացման խողովակներ և  կատարվել են 11,9 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ), Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Պռոշյան, Բուժական, Արագյուղ և Սարալանջ բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 1700 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 115 հա), Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար), Տավուշի մարզի՝   Իջևան համայնքի Լուսահովիտ  բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 50%, սալարկվել է 8122 քմ մակերեսով ճանապարհ), Իջևան բնակավայրի Մետաղագործների 1,8,9,10  բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքի 12599 քմ արտաքին մակերեսը), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 10-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է 3400 քմ մակերեսով ճանապարհ)։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն էականորեն աճում են. «Գործնականում այն ինչ արվել է նախորդ 8 տարում, հիմա համայնքներ կան, որ 2026 թվականին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր։ Ակնհայտ է, որ սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը հանրապետությունն է, ընդհանուր առմամբ, էականորեն վերափոխել և տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունն այդտեղ արտահայտվում է։ Մենք մաքսիմալ այդ ծավալները պետք է վերցնենք և դրանով շարունակենք առաջ գնալ»։

ՏԿԵ նախարարն էլ  տեղեկացրել է, որ նախորդ տարի պատմական համաֆինանսավորում է տեղի ունեցել. «Շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել.  կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»:

 

Անդրադառնալով, մասնավորապես՝  Իջևան համայնքում բազմաբնակարանային 4 շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը, վարչապետը կարևորել է էներգախնայողության ծրագրերը՝ ընդգծելով, որ մարդկանց արձագանքները շատ դրական են, քանի որ գործնականում արձանագրվում է կոմունալ ծախսերի էական կրճատում։ «Պետք է գտնել այդ ծրագիրը շարունակելու ձև։ Երբ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, մասնավորապես՝ բնակարանների էներգիա արդյունավետության բարձրացումն էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է։ Պետք է մտածենք,  թե  միջգերատեսչական ի՞նչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովվի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերում է բոլոր փուլերին՝ արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանն ու  արդյունավետության բարձրացմանը», -նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է  իրականացնել   հանրապետության բոլոր սեյսմակայուն, պանելային շենքերի համար։

 

Վարչապետն անդրադարձել է նաև համայնքներում լողավազաններ կառուցելու ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և լուծմանը։ «Առնվազն այն քաղաքներում, որտեղ գոնե ավելի քան 3 ամիս լողալու սեզոն կա, այդ ծրագիրը պետք է իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է  սկսել մարզկենտրոններից լողավազանը սպասարկող սխեմայով՝ հանդերձարան և այլն:

Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կտրամադրվի լրացուցիչ արտոնություն

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողների համար ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնության տրամադրման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում  կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։  2026 թ. կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ 2026 թ. փաստացի կառուցված է 34,4 հա մակերեսով ջերմատուն։ Որոշմամբ  առաջարկվում է ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թ. հուլիսի 1-ը (ներառյալ) իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցած ջերմատան և 2026 թ. ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից ծրագրով սահմանված վարկի մարման առավելագույն ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և ծրագրով վարկի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ (շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ): Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն դիմումին կից ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի և նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցված լինելու վերաբերյալ։

 

Արձագանքելով՝ երկրի ղեկավարը նշել է. «Մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունն ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։ Եվ մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։  Հիմնական լարվածությունները,  որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Գործնականում Կառավարությունն ասում է հետևյալը՝  հարգելի տնտեսվարողներ, առաջիկա վեց ամիսների ընթացքում  դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաներին, որոնք մենք ձեզ համար բացել ենք, հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ՝ սա լավ և փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե էլ որտեղ, ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել՝ բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով, նկատի ունեմ հետևյալը.  երբ ապրանքը ստանդարտին համապատասխանելու պայմաններում  ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այդտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում»։

 

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ  8 տարի  այս խնդիրը Կառավարությունը բարձրացրել է և նշել, որ աջակցության ծրագրերը բաց են ստանդարտների համապատասխան ապրանքներ արտադրողների համար. «Եթե կպարզվի ինչ-որ աջակցության ծրագիր կա, որ մենք չենք նախատեսել, դա էլ կընդունենք, բայց, կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին,  անտրամաբանական է։ Իսկ  այն ապրանքները, որոնք  համապատասխանում են ստանդարտներին,  մենք միանշանակ և աներկբա կանգնելու ենք այդ  տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և քաջալերելու, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը»։

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ է արտահանվել։ Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։ Էկոնոմիկայի նախարարը նշել է նաև, որ  մեկնարկել է նաև ծիրանի արտահանումը. «162 տոննա ծիրան ենք արտահանել. երեկ առաջին արտահանումներն են եղել՝ Ուկրաինա, Վրաստան»։

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ

 

Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Որոշմամբ առաջարկվում է Թալին- Լանջին ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ՝ Թալին, Մաստարա բնակավայրերի և Անի համայնքի Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի տարածքում գտնվող ընդհանուրը 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։ Օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն է սահմանվել 2027 թ. մարտի 1-ը։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ի համար առաջնահերթ ռազմավարական խնդիրներից է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, այդ թվում՝ Թալին-Լանջիկ 18.7 կմ  երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրի իրագործումը։ Ծրագրի նպատակն է վերականգնել և արդիականացնել հյուսիսից հարավ ձգվող ճանապարհը՝ առկա երկուղի ճանապարհը վերածելով միջազգային ստանդարտներին համապատասխանող 1-ին կարգի քառուղի ճանապարհի, ներառյալ նոր արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների կառուցումը, ճանապարհահատվածի կարևորագույն տեղամասերի և հիմնական հանգույցների լուսավորության իրականացում։

 

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակա

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով պայմանավորված՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը պարտադիր հանրային քննարկման ենթակա լինելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Ըստ այդմ՝ նախագիծը տեղադրվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, պարտադիր իրականացվում են հանրային լսումները, որոնց ներգրավվում են նաև ձեռքբերողը (եթե այն պետությունը կամ համայնքը չէ), օտարվող գույքի սեփականատերերը և փաստացի տիրապետողները, ինչպես նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները: Որոշմամբ նաև նախատեսվել են հանրային լսումների մասին անձանց տեղեկացնելու համապարփակ կարգավորումներ, որպիսիք թույլ են տալիս հանրամատչելի տարբեր աղբյուրներից հնարավորինս արդյունավետ ձևով ոչ միայն տեղեկանալ հանրային լսումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի և այլ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ, այլ նաև նախապես ծանոթանալ նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող օտարման նպատակը հիմնավորող փաստաթղթերին:

Մեկ այլ որոշմամբ էլ Կառավարությունը սահմանել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատողի ընտրությունն իրականացնելու կարգը։ Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է, որ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում, օտարվող սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, Կադաստրի կոմիտեի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կատարվող վիճակահանությամբ։

 

Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար

 

Գործադիրը սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։ Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում  որոշակի մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2025 թ. Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ.  նկատմամբ՝ 29,2%)։ Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է  շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։

 

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները

 

Գործադիրը սահմանել է ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։ Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար հիմնական լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Սահմանված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։ Գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս): Որոշմամբ նախատեսվում է սահմանել վեցամսյա լիցենզավորման ժամկետ (2026թ. հուլիսի 4-ից մինչև 2027 թ. հունվարի 4-ը)։ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:

 

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

 

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սոցիալապես խոցելի շահառուներին բանկային նվազագույն ծառայությունները հասանելի դարձնել ծառայության ներկայացուցչի միջոցով։ Նախատեսվում է սահմանել, որ շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել հիմնական առանձին խումբ ծառայությունները ծառայության ներկայացուցչի միջոցով իրեն մատուցելուց իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից, կնքել բանկային հաշվի պայմանագիրը։ Ըստ հիմնավորման՝տարեկան շուրջ 15000-20000 շահառուներ, ըստ անհարժեշտության, կարող են ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվել հիմնական առանձին խումբ ծառայություններից։

 

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է, մասնավորապես՝ հստակեցնել տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուներին ի հայտ բերելու մեխանիզմները՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը ներկայացված դիմումի միջոցով,             տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուների համար լիազոր մարմնի ներկայացուցչի ծառայությունից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն անձը չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով, հաշվառել կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով

 

Կառավարությունը հաստատել է Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Որոշման նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է շահառուների լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի, սուրդոմանկավարժական, տիֆլոմանկավարժական ծառայությունները, ինչպես նաև՝ տնային պայմաններում խնամքի ծառայությունը, տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով։ Հավաստագրերի միջոցով ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նախապատրաստական աշխատանքներ (համագործակցության պայմանագրերի կնքում և այլն), ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական համակարգ, ապահովել այլ տեղեկատվական համակարգերի հետ կապը և այլն։ Հավաստագրի ստացումը իրականացվելու է միայն առցանց եղանակով՝ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգի «Հավաստագրեր» («e-voucher») ենթահամակարգի միջոցով։ Սահմանվել է, որ եթե շահառուի նախընտրած ծառայության գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը: Սահմանվել են նաև խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման ծավալները, ժամկետները՝ հիմք ընդունելով ոլորտային մասնագետների կարծիքները, շուկան և միջազգային փորձը։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների  որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։ Ծառայությունների ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով։ 2028 թ.՝ I փուլով, հավաստագրային մեխանիզմով նախատեսվում է ընդգրկել 0–5 տարեկան երեխաների, 2029 թ.՝ II փուլով՝ 6–24 տարեկան անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունները, 2030 թ.-ից նախատեսվում է հավաստագրային մեխանիզմով տրամադրել բոլոր թիրախային խմբերի ծառայությունները՝ 0–5 (ներառյալ), 6–24 (ներառյալ), 25 տարեկանից բարձր անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունները, ինչպես նաև տնային խնամքը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս իրականացվում է  ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում,  կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։

 

Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով

 

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար դիմումի ներկայացումը և դրա ողջ ընթացքը կազմակերպվելու է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական համակարգ»-ի միջոցով: Բացի այդ, հստակեցվելու են այդ դիմումի ընթացքին վերաբերող որոշ ժամկետներ, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվելու այն կարգավորումները, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն կարող են առաջացնել խնամք հայցողի համար կամ չեն համապատասխանում տեղեկատվական համակարգի միջոցով դիմումն ընդունելու ու դրանից բխող ընթացակարգերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել՝ դիմումն ընդունելով տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով:

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է լավարկել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը, որոնք կապահովեն ավելի հարմար և մատչելի միջավայր։ Նախատեսվում է նաև սահմանել թվայնացված համակարգին համահունչ ընթացակարգեր:

 

Կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները

 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգում։ Որոշմամբ կկարգավորվի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները։ Ըստ հիմնավորման՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզերում, իսկ 2027 թ. սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ Գործող կարգավորմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայությանը վերաբերող իրավահարաբերությունների կարգավորման նպատակով կիրառվում է բացառապես «լիազոր մարմին» ձևակերպումը, որը հավասարապես տարածվում է ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ դրանց՝ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետների աշխատակազմերի կամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանգամանքից։

 

Կառավարության որոշմամբ Երևանի Լևոն Արիսյանի  անվան հ. 127 ավագ դպրոցը կվերակազմակերպվի Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանին միացման ձևով։ Ըստ այդմ՝ փոփոխություններ կկատարվեն բուհի կառուցվածքում, բուհի կողմից կհաստատվեն բուհի նոր կառուցվածքը, հաստիքացուցակը (կներառվի դպրոցը), կհաստատվի դպրոցի կանոնադրությունը՝ հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան և համահունչ դրանց: Դպրոցը, որպես հանրակրթական ծրագիր իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում, կունենա առանձին կանոնադրություն և կգործի տվյալ կանոնադրության հիման վրա։ Արդյունքում՝ կստեղծվեն սովորողակենտրոն կրթական միջավայր ու որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, կամրապնդվի բուհ-դպրոց կապը։

 

Մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցին երեք տարով օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն է տրվել։ Արդյունքում՝ կապահովի Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի ներդրումը համալսարանի Երևանի ավագ դպրոցում։ Այն կնպաստի քննադատական մտածողության և հետազոտական հմտությունների զարգացմանը, միջառարկայական ուսուցմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, միջազգային բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ընդունելության և կրթաթոշակների տրամադրմանը։

 

Կառավարության որոշմամբ մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և որպես այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության՝ գործնականում կիրառության ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է: Արդյունքում՝ կապահովվի մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգը։

 

Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը

 

Ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ: Սակայն, կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով, առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը: Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան և երիտասարդական հավաքականներում տարկետում ստացող մարզիկների թիվը 30-ական է եղել, իսկ ազգային հավաքականի դեպքում 2025 և 2026 թվականներին եղել է 8-10 մարզիկ: Հետևաբար, գործող կարգով հավաքականներին պատանեկան, երիտասարդական և մեծահասակների բաժանումը և ըստ դրանց համապատասխան թվով մարզիկների տարկետում տրամադրելը չի նպաստում ի սկզբանե կարգով սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ հաշի չի առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները: Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրվում է մինչև երկու տարի ժամկետով, սակայն երիտասարդական հավաքականի անդամ են հանդիսանում մինչև 21 տարեկանը լրանալը և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունների հաշվառումով, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:

 

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ

 

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ: Հուշարձանը ներկայումս տեղակայված է Երևանի քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ տրանսպորտային ինտենսիվ հոսքերի, ճանապարհային ենթակառուցվածքների և տարածքի կազմակերպման առանձնահատկությունների պատճառով հուշարձանը լիարժեք տեսանելի և ընկալելի չէ քաղաքացիների ու այցելուների համար։ Ներկայիս տեղադրությունը չի ապահովում հուշարձանի գեղարվեստական և գաղափարական ամբողջական ընկալումը, ինչպես նաև սահմանափակում է դրա շուրջ մշակութային և հանրային միջավայրի ձևավորման հնարավորությունը։ Հուշարձանի տեղափոխումը դեպի ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովել դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային և խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա պահպանության և պատշաճ ներկայացման համար։

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

 

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել խմիչքի և պահածոների արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 567․6 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 652 աշխատատեղ՝ 310 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 660-ի՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 567․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49 մլն դրամ։

 

«Չանախ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 720 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող հումքի արժեքը)։ Ներկայումս առկա է 94 աշխատատեղ՝ 143 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 96-ի՝ 145 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 710 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 106․5 մլն դրամ։

 

«Ա-Ս Փաուեր» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել արևային ֆոտովոլտային կայան՝ կանաչ էներգիայի արտադրության նպատակով։ Ընկերությունը նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, ենթակային կառուցման,  շինարարական և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 6-ի՝ 120 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 153․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12․6 մլն դրամ։

 

Միջազգային համագործակցություն

 

Գործադիրը հավանություն է տվել  «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։  Համաձայնագիրը  սահմանում է գիտական կոչումներ շնորհելու չափանիշները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հիմնական սկզբունքները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերի կիրառման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման և տեղեկությունների տրամադրման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ տեղեկատվության փոխանակման կարգերը և այլն։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների համար` գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչմամբ աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները վերացնելու միջոցով՝ այդպիսով քաղաքացիների համար ապահովելով հասանելիություն մասնագիտական գործունեությանը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930