Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի վերելքը՝ Մոսկվայի ստվերում

Հունիս 19,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

ՄոսկվաԱնկարա առանցքը համագործակցությո՞ւն, մրցակցությո՞ւն, թե՞ ազդեցության բաժանում 

Ինչո՞ւ Մոսկվային չի անհանգստացնում Ադրբեջանի ՆԱՏՕացումը

Հարավային Կովկասում ներկայիս զարգացումներին անդրադառնալուց առաջ անհրաժեշտ է նախ վերադառնալ ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմին ու դրան հաջորդած իրադրությանը, այլեւ դրան նախորդած տարիներին։ Դեռեւս պատերազմից 7-8 տարի առաջ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առանցքային դերակատարներից մեկը Ռուսաստանն է, եւ որ Բաքվի ու Անկարայի համար ցանկալի լուծման հասնելու համար անհրաժեշտ է պայմանավորվել  Մոսկվայի հետ։ Այդ շրջանում Անկարան եւ Բաքուն փաստացի արդեն բացահայտ կասկածի տակ էին դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետությունը՝ այն ներկայացնելով որպես տասնամյակներով գոյություն ունեցող, բայց անարդյունավետ մի ձեւաչափ։

Հիմա արդեն, հետադարձ հայացքով կարելի է ասել, որ այդ հայտարարությունները պարզապես քաղաքական գնահատականներ չէին։ Դրանք արտացոլում էին այն իրողությունը, որ տարածաշրջանում իրական ուժային հավասարակշռության վրա ազդելու հիմնական հնարավորությունները գտնվում էին Մոսկվայի ձեռքում։ Այդ տարիներին Ռուսաստանը շարունակեց լայնածավալ սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին։ Արդյունքում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկար տարիներ գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունն աստիճանաբար խախտվեց։

Այս գործընթացին զուգահեռ Թուրքիան խորացնում էր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ վերափոխելով ադրբեջանական բանակը, ներդնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան կառավարման, ուսուցման եւ մարտավարական համակարգեր։ Այսօր դժվար է վիճարկել այն փաստը, որ Ադրբեջանի զինված ուժերի հաջող գործողությունների հիմքում ոչ միայն ֆինանսական ռեսուրսներն էին, այլեւ թուրքական ռազմական փորձը եւ կառավարման մոդելը։

Հատկանշական է, սակայն, մեկ այլ հանգամանք։ Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին զգալիորեն մոտեցել է թուրքական ռազմական համակարգին, Ռուսաստանը երբեք այդ գործընթացը չի ներկայացրել որպես անվտանգության սպառնալիք սեփական շահերի համար։ Ընդհակառակը, 2020-ի պատերազմից հետո հենց ռուս-թուրքական համագործակցության արդյունքում ձեւավորվեց նոր տարածաշրջանային ստատուս-քվոն։

Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մոսկվան հանգիստ վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության աճին Հարավային Կովկասում, սակայն, մեղմ ասած՝ կոշտ արձագանքում է Հայաստան-ԵՄ կամ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների խորացմանը։

Այս հարցի պատասխանը աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է։ Ռուսաստանի համար խնդիրը ոչ թե Թուրքիայի ներկայությունն է, այլ այն, թե ով է ձեւավորում տարածաշրջանային քաղաքական ճարտարապետությունը։ Թուրքիան, անկախ ՆԱՏՕ-ին անդամակցությունից, բազմաթիվ հարցերում նախընտրում է գործել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների հիման վրա։ Այսպես ասած՝ ցույց տալ, որ հաշվի է նստում Մոսկվայի շահերի հետ։

ԼավրովՖիդան հանդիպումն ու «3+3» մոռացված ձեւաչափը

Առանձնահատուկ ուշադրության էին արժանի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մոսկովյան այցին նախորդած եւ հաջորդած հայտարարությունները։

Մինչ Ֆիդանի այցը Ռուսաստանը պաշտոնապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հայտարարեց, որ Մոսկվան ու Անկարան շահագրգռված են խաղաղ եւ կանխատեսելի Հարավային Կովկասով։ Միաժամանակ ռուսական կողմը հերթական անգամ ընդգծեց «3+3» ձեւաչափի կարեւորությունը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային խնդիրների լուծման հիմնական հարթակ։

Սա պատահական շեշտադրում չէր։ Վերջին երկու տարիներին Մոսկվան հետեւողականորեն փորձում է ապացուցել, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի հենց տարածաշրջանի երկրների եւ անմիջական հարեւանների կողմից։

Ռուսաստանը շարունակաբար առաջ է մղում «3+3» ձեւաչափը՝ փորձելով այն վերածել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության հիմնական մեխանիզմի։

Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Հաքան Ֆիդանի հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան առնվազն հրապարակային մակարդակում պատրաստ է աջակցել այդ մոտեցմանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը ոչ միայն դրական գնահատեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, այլ նաեւ հատուկ ընդգծեց, որ տնտեսական համագործակցությունը, տրանսպորտային ուղիների զարգացումը, էներգետիկ եւ լոգիստիկ նախագծերը կարող են դառնալ տարածաշրջանային կայունության կարեւոր հիմքեր։

Առանձնահատուկ նշանակություն ուներ այն, որ Ֆիդանը բացահայտ աջակցեց «3+3» ձեւաչափին՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է քննարկվեն տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների կողմից։

Սա փաստացի համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ։

Սակայն այստեղ առաջանում է կարեւոր հարց․ արդյո՞ք Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերն ամբողջությամբ համընկնում են… Պատասխանը, իհարկե, բացասական է։

Համագործակցություն եւ մրցակցություն որտե՞ղ են հատվում Մոսկվայի եւ Անկարայի շահերը

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին տասնամյակում կառուցվել են յուրահատուկ սկզբունքի վրա։ Նրանք միաժամանակ ե’ւ համագործակցում, ե’ւ մրցակցում են։

Սա տեսանելի է եղել Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, Սեւ ծովում եւ այժմ արդեն նաեւ Հարավային Կովկասում։

Այսօր Մոսկվան եւ Անկարան ունեն ընդհանուր շահ՝ կանխել տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմը։ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ։ Երկուսն էլ ցանկանում են մեծացնել իրենց տնտեսական ազդեցությունը եւ ստանալ նոր տարանցիկ հնարավորություններ։

Այստեղ էլ նշմարվում են հակասությունները։

Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասը դիտարկել որպես Միջին միջանցքի կարեւոր հատված, որը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ։ Ռուսաստանը, հակառակը, շահագրգռված է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները չվերածվեն իր ազդեցությունը շրջանցող նոր աշխարհաքաղաքական նախագծերի։

Այս պատճառով Անկարան եւ Մոսկվան նույն հաղորդակցությունների մասին խոսելիս հաճախ նկատի ունեն տարբեր նպատակներ։

Թուրքիան ցանկանում է ընդլայնել տնտեսական ինտեգրացիան եւ ամրապնդել սեփական դիրքերը թյուրքական աշխարհում։ Ռուսաստանը ցանկանում է պահպանել վերահսկողությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ։

Այս հակասությունը հատկապես տեսանելի է դառնում այն նախագծերի դեպքում, որոնք ներառում են ամերիկյան կամ եվրոպական ներգրավվածություն։

TRIPP-ը՝ ռուսթուրքական հարաբերությունների նոր փորձություն

Եթե մինչեւ վերջերս Մոսկվայի եւ Անկարայի հիմնական քննարկումները վերաբերում էին հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա TRIPP-ի ի հայտ գալը փոխել է իրավիճակը։

Նախագիծը, որն ամերիկյան աջակցությամբ ներկայացվում է որպես խաղաղության, հաղորդակցությունների եւ տնտեսական զարգացման նախաձեռնություն, փաստացի տարածաշրջանային նոր գործոն է դարձել։

Ռուսաստանի համար TRIPP-ը խնդիր է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական առումով։ Այն ամրապնդում է ԱՄՆ-ի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին եւ ձեւավորում է նոր ազդեցության մեխանիզմներ։

Թուրքիայի համար իրավիճակն ավելի բարդ է։

Մի կողմից, TRIPP-ը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի ընդլայնմանը, ինչը համապատասխանում է Անկարայի տնտեսական շահերին։

Մյուս կողմից, եթե նախագիծը դառնա ամերիկյան ազդեցության խորացման գործիք, Թուրքիան ստիպված կլինի հաշվի առնել նաեւ սեփական հավակնությունները տարածաշրջանում։

Հենց այս պատճառով Մոսկվան եւ Անկարան, հնարավոր է, որ այսօր փորձեն ակտիվացնել «3+3» ձեւաչափը։ Դա ոչ միայն տնտեսական կամ քաղաքական նախաձեռնություն է, այլ նաեւ փորձ՝ տարածաշրջանային օրակարգը պահել սեփական վերահսկողության ներքո։

Պատահական չէ, որ ռուսական կողմը երկու շաբաթ առաջ հայտարարեց, թե հույս ունի «3+3»-ի հաջորդ հանդիպումը կազմակերպել Երեւանում կամ Բաքվում։ Մոսկվան փորձում է ինստիտուցիոնալացնել այդ ձեւաչափը եւ այն ներկայացնել որպես Հարավային Կովկասի հիմնական քաղաքական հարթակ։

Սակայն այստեղ եւս խնդիր կա։ Վրաստանը շարունակում է հրաժարվել մասնակցել ձեւաչափին, իսկ առանց Վրաստանի «3+3»-ը դժվար թե կարողանա դառնալ ամբողջ տարածաշրջանն ընդգրկող մեխանիզմ։

Ո՞վ է ձեւավորելու խաղաղության ճարտարապետությունը, ո՞ւմ ազդեցության ներքո են գործելու տարածաշրջանային հաղորդակցությունները

Ռուսաստանն ու Թուրքիան չեն գտնվում բաց հակամարտության մեջ՝ մեր տարածաշրջանային հարցերում։ Ընդհակառակը, բազմաթիվ հարցերում նրանք համագործակցում են եւ ձգտում են պահպանել հարաբերական կայունություն։

Սակայն այդ համագործակցությունը չի նշանակում շահերի ամբողջական համընկնում։

Մոսկվան ցանկանում է պահպանել իր ավանդական ազդեցությունը եւ կանխել տարածաշրջանի արեւմտյան ինտեգրացիան։ Թուրքիան ցանկանում է ամրապնդել սեփական դիրքերը, ընդլայնել տնտեսական կապերը եւ Հարավային Կովկասը ներառել ավելի լայն թյուրքական եւ եվրասիական հաղորդակցային համակարգերում։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում նրանց շահերը ներկայումս հիմնականում համընկնում են, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են կանխատեսելի եւ կայուն միջավայրով։ Սակայն խաղաղության բովանդակության, հաղորդակցությունների վերահսկողության եւ տարածաշրջանային ազդեցության հարցերում նրանց միջեւ մրցակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է։

TRIPP-ը կարող է դառնալ այդ մրցակցության նոր փուլը։

Հետեւաբար, առաջիկա տարիներին տարածաշրջանում գլխավոր հակադրությունը, ըստ ամենայնի, չի լինելու պատերազմի եւ խաղաղության միջեւ։ Ավելի հավանական է, որ պայքարը ծավալվի այն հարցի շուրջ, թե ով է ձեւավորելու խաղաղության ճարտարապետությունը եւ ում ազդեցության ներքո են գործելու տարածաշրջանային հաղորդակցությունները։

Այդ իմաստով, արդեն իսկ ընթանում է տարածաշրջանի ապագայի համար պայքար, որտեղ Մոսկվան եւ Անկարան շարունակում են միաժամանակ հանդիսանալ որպես ե’ւ գործընկերներ, ե’ւ մրցակիցներ։ 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930