Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս մայրաքաղաքների շահերը. Մեծ խաղ՝ Հայաստանի շուրջ

Հունիս 18,2026 12:00 Share

Խաղաղության ճանապարհը՝ նոր սակարկությունների ու մեծ մրցակցության էպիկենտրոնում

 Ռուսաստանի ազդեցության վերականգնման նոր ջանքերը

TRIPP-ի գործնականացման ուղղությամբ ամերիկյան ակտիվությունը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջմղումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները եւ այժմ նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերություններում արձանագրված անսպասելի տեղաշարժերն ակնհայտորեն, փոխում են այն միջավայրը, որում վերջին երեք տասնամյակներում գործում էին տարածաշրջանային ուժերը։

Հատկանշական է Ռուսաստանի ակտիվացումը։ Մոսկվան վերջին ամիսներին մի կողմից հրապարակային դժգոհություն է հայտնում Հայաստանի եւ ԵՄ-ի խորացող համագործակցությունից, մյուս կողմից փորձում է ցույց տալ, որ շարունակում է մնալ Հարավային Կովկասի կարեւոր դերակատար եւ ապացուցել, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ընդգծեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ եւ կանխատեսելի Հարավային Կովկասով, որը, ըստ Մոսկվայի, կարող է ապահովվել «3+3» ձեւաչափի շրջանակներում։

Ռուսաստանը փաստացի փորձում է հիշեցնել, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ, այլ ոչ թե բացառապես ամերիկյան կամ եվրոպական հովանավորությամբ։

Հատկանշական է նաեւ, որ հենց այս հայտարարությունից անմիջապես հետո հայտարարվեց Հաքան Ֆիդանի մոսկովյան այցի մասին, որի ընթացքում Լավրովն ու Ֆիդանը պետք է քննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանային վերականգնումը եւ համագործակցության հեռանկարները։ Սա նշանակում է, որ Մոսկվան փորձում է Թուրքիայի հետ համատեղ ձեւավորել սեփական օրակարգը՝ ի պատասխան այն գործընթացների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում էին ամերիկյան ազդեցության տիրույթում։

Այդ ֆոնին ուշագրավ է նաեւ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դոնալդ Թրամփին, որտեղ նա ոչ միայն հիշատակեց օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովը, այլեւ հավելեց, որ Հայաստանը սպասում է Թրամփի վարչակազմի հետ «շատ ավելի պատմական գործարքների»։ Այս ձեւակերպումը պարզ է, որ վերաբերում էր TRIPP-ին, որն աստիճանաբար վերածվում է ազդեցության պայքարի համար առանցքային նախագծի։ 

Թուրքիան՝ գործընկե՞ր, մրցակի՞ց, թե՞ միջանկյալ դերակատար

Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում միշտ կառուցվել է երկու հիմնական նպատակների շուրջ՝ տարածաշրջանում քաղաքական, տնտեսական դերակատարության ու ազդեցության մեծացում, Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդմամբ։

Այսօր էլ այդ մոտեցումը չի փոխվել։ Սակայն տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել։ Եթե նախկինում Անկարան եւ Մոսկվան հիմնականում համագործակցում էին այնպիսի նախագծերի շուրջ, ինչպիսիք են «Թուրքական հոսքը» կամ Սիրիայի որոշ հարցեր, ապա Հարավային Կովկասում նրանց շահերը գնալով ավելի բարդ հարաբերակցության մեջ են մտնում։

Մի կողմից Ռուսաստանն ու Թուրքիան իսկապես շահագրգռված են կայունությամբ, քանի որ Պուտինն ու Էրդողանը գիտակցում են, որ լայնամասշտաբ ռազմական լարվածությունը վտանգում է տնտեսական ծրագրերը։ Սակայն, մյուս կողմից, TRIPP-ը նոր իրավիճակ է ստեղծել։ Նախագիծը, որի իրականացումը Վաշինգտոնը ներկայացնում է որպես խաղաղության եւ տնտեսական զարգացման հարթակ, իրականում նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Արեւմտյան դիտարկումներով այն կարող է Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապող նոր երթուղի ձեւավորել՝ շրջանցելով Ռուսաստանին եւ մասամբ նաեւ Իրանին։

Հենց այստեղ են սկսվում ռուս-թուրքական հնարավոր հակասությունները։

Թուրքիան շահագրգռված է Միջին միջանցքի ընդլայնմամբ, որի առանցքային մասնակիցներից մեկն է։ TRIPP-ը կարող է լրացնել այդ համակարգը եւ մեծացնել Թուրքիայի տարանցիկ նշանակությունը։ Սակայն Ռուսաստանը դժվար թե ոգեւորված լինի մի նախագծով, որը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է իր վերահսկողությունը եվրասիական հաղորդակցությունների նկատմամբ։

Սրան զուգահեռ, Թուրքիային այնքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանին տարածաշրջանից ամբողջությամբ դուրս մղելը։ Անկարան հասկանում է, որ Մոսկվայի լիակատար մեկուսացումը կարող է ստեղծել անկանխատեսելի իրավիճակներ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Սեւծովյան ավազանում։

Ուստի ներկայում ռուս-թուրքական հարաբերություններում կարելի է տեսնել յուրահատուկ երկակիություն․ համագործակցություն՝ խաղաղության եւ հաղորդակցությունների հարցում, բայց միաժամանակ մրցակցություն՝ այդ հաղորդակցությունների վերահսկողության եւ քաղաքական ազդեցության պարագայում։

Խաղաղության գործընթացը եւ նոր հաշվարկները

Այս օրերին տեղի ունեցած մեկ այլ կարեւոր իրադարձություն էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը Դիլիջանում։

Հատկանշական է ոչ միայն հանդիպման փաստը, այլեւ այն, որ կողմերը հատուկ ընդգծեցին ուղիղ երկխոսության շարունակման անհրաժեշտությունը եւ պայմանավորվեցին հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Սա վկայում է, որ խաղաղության գործընթացը շարունակում է առաջ շարժվել ոչ միայն միջազգային միջնորդների, այլ նաեւ անմիջական շփումների միջոցով։

Սակայն հենց այստեղ է ի հայտ գալիս եւս մեկ կարեւոր գործոն՝ Իրանը։

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ձեռք բերված նոր շրջանակային համաձայնությունը կարող է փոխել տարածաշրջանային հաշվարկները։ Տարիներ շարունակ Իրանը Հարավային Կովկասում իրեն զգում էր շրջափակման եւ սահմանափակումների պայմաններում։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր մեղմացումը տեսականորեն կարող է նվազեցնել այդ զգացողությունը եւ ստեղծել ավելի ճկուն քաղաքական միջավայր։

Սակայն սրանից ամենեւին էլ չի բխում, որ Թեհրանը հրաժարվելու է իր ավանդական կարմիր գծերից։

Իրանն ու TRIPP-ի ապագան

Սկզբնական փուլում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսը TRIPP-ի նախագիծը համեմատում էին «Զանգեզուրի միջանցքի» հետ եւ մտահոգություն հայտնում ամերիկյան հնարավոր ներկայության կապակցությամբ։ Թեհրանում հնչում էին գնահատականներ, որ արտաքին դերակատարների ներգրավվածությունը կարող է վտանգել տարածաշրջանային հավասարակշռությունը։

Սակայն հետագայում պաշտոնական դիրքորոշումը զգալիորեն մեղմացավ։

Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ TRIPP-ը «միջանցք չէ, այլ՝ ճանապարհ» եւ ընդգծել է, որ եթե նախագիծը նպաստում է խաղաղությանը եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ապա Թեհրանը դրան դեմ չէ։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը վստահեցրել է Իրանին՝ ճանապարհը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ ուղղված ռազմական կամ անվտանգային նպատակներով եւ որ Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ պահպանվելու է։

Փաստորեն Իրանի գլխավոր մտահոգությունը ոչ թե ճանապարհն է, այլ ամերիկյան հնարավոր անվտանգային կամ ռազմական ներկայությունը Հայաստանի հարավում։

Հենց այստեղ ԱՄՆ-Իրան նոր համաձայնությունը կարող է էական ազդեցություն ունենալ։ Եթե Վաշինգտոնն ու Թեհրանը իսկապես անցնեն հարաբերությունների կարգավորման փուլ, ապա TRIPP-ի շուրջ իրանական զգայունությունը կարող է զգալիորեն նվազել։ Դա չի նշանակի, որ Իրանը կդառնա նախագծի ջատագով, սակայն կնվազեցնի այն ընկալումը, թե նախագիծը հակաիրանական է։

Սակայն միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանը երբեք չի հրաժարվել իր հիմնական սկզբունքներից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունից, միջանցքային տրամաբանության մերժումից եւ արտաքին ուժերի ռազմական ներկայության դեմ դիրքորոշումից։ 

Ով եւ ինչ պայմաններով է ձեւավորելու խաղաղության ճարտարապետությունը

Այպիսով, այսօր Հայաստանի շուրջ ձեւավորվել է անսովոր պատկեր։

Մոսկվան փորձում է վերականգնել իր թուլացած ազդեցությունը եւ «3+3» ձեւաչափի միջոցով պահպանել տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության լծակները։ Անկարան ցանկանում է ընդլայնել իր տնտեսական եւ տրանսպորտային դերակատարությունը՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի հետ բաց դիմակայությունից։ Թեհրանը փորձում է համոզվել, որ տարածաշրջանում չեն ձեւավորվի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են վտանգել իր անվտանգային շահերը կամ կտրել Հայաստանի հետ կապը։

Մինչդեռ Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է TRIPP-ը վերածել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նախագծի՝ այն կապելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ։

Հենց այս չորս ուժերի շահերի բախման կիզակետում է հայտնվել Հայաստանը։

Պարադոքսն այն է, որ բոլոր դերակատարները տարբեր պատճառներով շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ, սակայն յուրաքանչյուրն այդ խաղաղությունն ընկալում է իր ռազմավարական շահերի շրջանակում։ Այդ պատճառով առաջիկա ամիսներին գլխավոր հարցը կլինի ոչ թե՝ խաղաղություն կլինի՞, թե՞ ոչ, այլ՝ ով եւ ինչ պայմաններով է ձեւավորելու այդ խաղաղության ճարտարապետությունը։

Եթե Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը շարունակվի, եթե TRIPP-ը մնա Հայաստանի ինքնիշխանության ներքո իրականացվող տնտեսական նախագիծ, եւ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը նվազեցնի տարածաշրջանային անվստահությունը, ապա Հարավային Կովկասը կարող է մտնել համագործակցության նոր փուլ։

Սակայն եթե TRIPP-ը վերածվի մեծ տերությունների մրցակցության դաշտի, իսկ խաղաղության գործընթացը կրկին հայտնվի արտաքին հակասությունների ազդեցության ներքո, ապա նույն նախագիծը կարող է դառնալ ոչ թե կայունության, այլ նոր աշխարհաքաղաքական դիմակայությունների հարթակ։

Հետեւաբար, Հայաստանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ օգտագործել բացվող հնարավորությունների պատուհանը՝ առանց որեւէ ուժային կենտրոնի հակամարտության առաջնագիծ դառնալու։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930