Վերջին պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակման թեման հերթական անգամ ցույց տվեց, որ Իրանը պահպանել է համաշխարհային էներգետիկ հաղորդուղիների վրա ազդելու կարեւոր լծակներ: Անկախ նրանից՝ այդ հնարավորությունը երբեւէ կկիրառվի, թե ոչ, դրա գոյությունն ինքնին ձեւավորում է տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների հաշվարկները:
Այս հանգամանքը Թեհրանին տրամադրում է ոչ միայն զսպման միջոց, այլեւ արտաքին քաղաքական ազդեցության լրացուցիչ գործիք:
Նույնքան ուշագրավ է, որ ձեռքբերված համաձայնության մեջ որեւէ հիշատակում չկա Իրանի տարածաշրջանային քաղաքականության կամ «պրոքսի ուժերին» աջակցության դադարեցման մասին: Մինչդեռ հենց այդ հարցը Վաշինգտոնը պատերազմի սկզբում ներկայացնում էր որպես առանցքային պահանջներից մեկը:
Ընդհանուր առմամբ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռքբերված համաձայնությունը ցույց է տալիս բավականին հետաքրքրական օրինաչափություն. փաստաթղթի բովանդակության մեջ գրեթե չեն արտացոլվել այն նպատակները, որոնց իրականացումը հայտարարվել էր ռազմական գործողությունների մեկնարկին: Ընդհակառակը, բանակցային գործընթացը հիմնականում արձանագրել է այն սահմանները, որոնցից այն կողմ ռազմական ուժի կիրառումը ցանկալի արդյունք չի տվել:
Կարդացեք նաև
Ամփոփում
Իրանի համար այս պատերազմը դարձավ պատմական նշանակության փորձություն: Երկիրը միաժամանակ առերեսվեց աշխարհի երկու խոշոր ռազմական եւ տեխնոլոգիական տերությունների ճնշմանը, սակայն չկորցրեց տարածքներ, չբախվեց պետական համակարգի փլուզման եւ պահպանեց ռազմավարական կարեւոր ուղղությունների նկատմամբ վերահսկողությունը:
Հատկապես կարեւոր դեր խաղաց Հորմուզի նեղուցը, որը Թեհրանին հնարավորություն տվեց օգտագործել իր աշխարհագրական դիրքի առավելությունները եւ հակակշռել հակառակորդների ռազմական գերազանցությունը:
Արդյունքում Իրանը ոչ միայն պահպանեց իր հիմնական դիրքերը, այլեւ բանակցային գործընթաց մտավ ավելի ամուր դիրքերից, քան կարելի էր ակնկալել պատերազմի սկզբում:
Պատերազմը ցույց տվեց նաեւ Իրանի պետական համակարգի կենսունակությունը: Նույնիսկ ղեկավար կազմի դեմ ուղղված հարվածների պայմաններում երկիրը կարողացավ պահպանել կառավարման շարունակականությունը եւ ցուցադրել բարձր աստիճանի դիմադրողականություն: Սա վկայում է, որ իրանական պետականությունը հիմնված է ոչ թե առանձին անհատների, այլ կայացած ինստիտուտների վրա:
Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն միջազգային կոալիցիա, ինչպիսին ձեւավորվել էր Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմների ընթացքում: Նույնիսկ Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցները չցուցաբերեցին այնպիսի ներգրավվածություն, որը կարող էր վճռորոշ ազդեցություն ունենալ հակամարտության ելքի վրա:
Այս հանգամանքների համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պատերազմը չապահովեց Վաշինգտոնի կողմից հայտարարված ռազմավարական նպատակների իրականացումը, մինչդեռ Իրանը կարողացավ պահպանել իր հիմնական դիրքերը եւ դրանք վերածել քաղաքական բանակցություններում լրացուցիչ առավելությունների:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































