2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների և ընդդիմության վարքագծերն արմատապես տարբեր են։ Իշխանությունները դեռևս նախընտրական ագրեսիայի ընթացքի մեջ են, կարծես ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ենթադրում եմ՝ այդպես էլ կշարունակվի մինչև իշխանությունները իրենց լեգիտիմության հարցը լուծեն։
Փաստն այն է, որ Հայաստանի ներհասարակական կյանքը այժմ գտնվում է Եկեղեցի – Պետություն հարաբերությունների ամենավտանգավոր ճգնաժամի փուլի մեջ։ Իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրում տեղ գտած այն դրույթը, որը ենթադրում է պետական միջամտությամբ փոխել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վերակառուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարավոր նվիրապետական կարգը, շարունակում է իր մեղսավոր ընթացքը։
Հասկանալի է, որ սա կադրային փոփոխության փորձ չէ։ Եթե այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը լիներ Սուրբ Ներսես Շնորհալին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտնի դեմքերը նույն եռանդով ու նույն մեթոդներով պայքարելու էին Հայ Եկեղեցու դեմ։ Շատ կարևոր է, որպեսզի հայ հանրությունը այս փաստի նկատմամբ հստակ գիտակցում ունենա։ Մի՛ սխալվեք, պայքարը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ չէ, պայքարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է։ Ես չեմ պաշտպանում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ես պաշտպանում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի առաջնորդն այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։
Յուրաքանչյուր ոք, ով ուզում է Հայ Եկեղեցու բարեփոխումներին մասնակից լինել, նա դա պետք է անի Եկեղեցու ներսում, որովհետև այդպես է պահանջում Եկեղեցական կանոնակարգը և այդպես է պահանջում Սահմանադրությունը։ Այս կարմիր գծերը հատողները կարող են ժամանակավոր հաջողություններ ունենալ, ընդհուպ մինչև հասնեն կադրային փոփոխությունների, ինչպես որոշ դեպքերում արդեն հաջողել են, սակայն դա խիստ ժամանակավոր է և դերակատարների համար ծայրահեղ վտանգավոր։
Կարդացեք նաև
Ես երբեք չեմ խուսափել Եկեղեցու ներքին խնդիրների կամ կադրային քաղաքականության մասին բարձրաձայնելուց, բայց ես դա արել եմ այն ժամանակ, երբ Եկեղեցին գտնվում էր պետական պահպանության ներքո։ Իմ քննադատական կեցվածքի պատճառով 2011-2014 թթ․ կրել եմ անձնական ու համակարգային հալածանքներ։ Սակայն, երբ ներքաղաքական տատանումների համապատկերում պետական մակարդակով վտանգվում է հենց Մայր Աթոռի կանոնական հիմքն ու Սահմանադրական անկախությունը, անձնական վիրավորանքներն ու տարաձայնությունները պետք է ստորադասվեն բացարձակ հավատարմությանը։
Այսօր իրականացվում է մի ռազմավարություն, որը փորձում է Եկեղեցին վերածել պետական ապարատի կցորդի, և հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ էիք քննադատում Եկեղեցուն ասելով թե սերտաճած է իշխանությունների հետ։ Չէ՞որ դուք էլ հիմա նույնն եք ուզում անել։ Բայց հասկանալ է պետք, որ Հայոց Եկեղեցին հավիտենապես սերտաճած է (եթե կարելի է այսպես ասել) Հայոց Պետականության հետ, այլ ոչ թե ժամանակավոր իշխանությունների հետ։
Սուրբ Գրքի իմացությամբ մեծամտացած կեղծավորները պետք է ականջներին օղ անեն, որ աշխարհիկ իշխանությունները չեն կարող տնօրինել հոգևոր Խորանի խորհուրդը։ Հզոր Եկեղեցին հզոր Պետության հիմքն է, և այս հիմքը խարխլողները վաղ թե ուշ պատասխան են տալու պատմության ու Աստծու առաջ։
Իսկ հիմա իմ խոսելու ժամանակն ավարտված է, եկել է լռելու ժամանակը, սակայն սա չպետք է դիտարկել որպես նահանջ, այլ աղոթքի և սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր այս օրհասական պահին տնօրինում են Եկեղեցու ներկան ու ապագան։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































