Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային միջոցների օգտագործումը չի կարող մնալ հասարակական վերահսկողությունից դուրս

Սեպտեմբեր 18,2026 14:00 Share

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը Բաց նամակով դիմել է

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանին

 

Համաձայն մեզ հասած մտահոգիչ տեղեկությունների՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից վճարովի հիմունքներով տեղեկատվություն տրամադրող գաղտնի գործակալների վարձատրությունը կարող է իրականացվել Երևան քաղաքի, ինչպես նաև համայնքապետարանների միջոցով՝ սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խոսքը յուրաքանչյուր գործակալի տրամադրած տեղեկատվության դիմաց միանվագ կամ ամսական 100 000-ից մինչև 250 000 ՀՀ դրամ վճարումների մասին է։ Այս տեղեկությունը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ գալիք համայնքային ընտրություններից ընդառաջ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են հայտարարություններ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ։

ՀՀ հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ նպատակներով և ինչ իրավական հիմքով են ծախսվում իրենց կողմից համայնքային բյուջեներ վճարվող հարկերը։ Ուստի հրապարակայնորեն հարցնում ենք ՀՀ ԱԱԾ տնօրենին.

  1. Արդյո՞ք համապատասխանում է իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցող գաղտնի գործակալներին տեղեկատվության դիմաց վճարումները կարող են իրականացվել Երևանի և համայնքապետարանների միջոցով։
  2. Եթե այո, ապա ո՞ր իրավական հիմքով և ի՞նչ մեխանիզմով են իրականացվում այդ վճարումները։
  3. Արդյո՞ք համայնքային բյուջեների սոցիալական աջակցության միջոցները կարող են օգտագործվել ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցող անձանց կամ գաղտնի գործակալների վարձատրության նպատակով։
  4. Եթե նման պրակտիկա գոյություն ունի, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ի գաղտնի գործակալական ցանցի ֆինանսավորումն իրականացվում է համայնքներում բնակվող քաղաքացիների կողմից վճարվող հարկերի հաշվին։

Եթե վերոնշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ակնկալում ենք ՀՀ ԱԱԾ-ի հստակ հերքումը։

Իսկ եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա հասարակությունն իրավունք ունի ստանալու սպառիչ պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի, ֆինանսավորման աղբյուրների և կիրառվող մեխանիզմների վերաբերյալ։

Հանրային միջոցների օգտագործումը չի կարող մնալ հասարակական վերահսկողությունից դուրս՝ միայն այն հիմնավորմամբ, որ հարցը առնչվում է պետական անվտանգության ոլորտին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

16.09.2026 թ

«Առավոտ» օրաթերթ

17.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել