«ՄԻԵԴ այս վճիռը շատ կարեւոր նշանակություն ունի՝ արձանագրելու այս պատերազմական հանցագործությունը, սա ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ նաեւ պատերազմական ծանրագույն հանցագործություն։ Եվ եվրոպական դատարանը հստակ այդ ծանրությունն արձանագրել է իր վճռում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճռին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները դաժանորեն խոշտանգել էին, ապա գլխատել։
Արաքս Մելքոնյանի խոսքով՝ շատ կարեւոր է իրավազորության հարցը։ «Մենք ունեինք էական փաստական տվյալներ ու ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողներն իրապես ներխուժել էին Թալիշ եւ, ի լրումն այս հանցագործության, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ էին իրականացրել ոճրագործություն, սպանություն եւ մարմինների խեղում։ Եվ դա փոխկապակցված հանցագործություն է։ Եվրոպական դատարանն ընդունել է մեր բոլոր փաստարկները եւ ճանաչել Ադրբեջանի իրավազորությունը եւ իր զինծառայողների կողմից սա կատարելը»,- հավելեց նա։
ՄԻԵԴ-ը ճանաչել է նաեւ զինծառայողի իրավունքի խախտումը, նրան խոշտանգման ենթարկելու արգելքի խախտումը եւ նաեւ ընտանիքի անդամների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի արգելքի խախտումը, որովհետեւ այս ծանր պատերազմական հանցագործությունը նաեւ ընտանիքի անդամներին է պատճառել հոգեկան ծանր տառապանքներ։
Կարդացեք նաև
«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել էր նաեւ այլ զինծառայողների գլխատման դեպքեր։ Այդ դեպքերում զինծառայողներն արդեն զոհված էին եղել, բայց այս ձեռագիրը շարունակվեց։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո այնքան էր այս վարքագիծը հերոսացվել, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից դարձել էր օրինակելի։ Մենք գիտենք այս հանցագործության կատարման խմբի անդամներից որոշների տվյալները։ Եվ որեւէ մեկը նման հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել Ադրբեջանում։ Ավելին, նրանք հանդիպումներ են անցկացնում երիտասարդների հետ, այս դեպքերի մասին պատմում են, հերոսացվում են, պարգեւատրվել էին այս խմբի անդամները։ Եվ, իհարկե, այս անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայկական կողմում եղան շուրջ 30 գլխատումներ, գերեվարված զինծառայողների այլ սպանություններ, գլխատումներ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ծերերի շրջանում, այդ թվում՝ կանանց նկատմամբ էին նման հանցագործություններ իրականացվել։ Մեր իրականացված փաստահավաք աշխատանքի շրջանակներում մենք այդ բոլոր տվյալներն ունենք։ Ավելին, որպես ահաբեկման մեթոդ՝ մի շարք դեպքերում Ադրբեջանի զինծառայողներն իրենք այդ դեպքերը տեղադրել էին սոցիալական ցանցերում։ Ըստ էության՝ ահաբեկումը որպես պատերազմի մեթոդ ու տակտիկա սկսել էին օգտագործել հայերի նկատմամբ»,- ասաց Արաքս Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ինչո՞ւ էր սա կարեւոր․ 2023 թվականին, երբ սեպտեմբերյան հարձակումը եղավ եւ Արցախը գրավվեց, շատերս նշում էինք՝ ինչպե՞ս կարող են մարդիկ մնալ Արցախում, եթե նման հանցագործություններ են կատարվել, եւ նրանք մնացել են անպատիժ։ Այսինքն՝ այս բոլոր հանգամանքները շատ մեծ ազդեցություն ունեցան հետագայում Արցախի ժողովրդի վերաբերյալ ռիսկը գնահատելու եւ էթնիկ զտման ենթարկելու հարցում։ Չկար այլ տարբերակ, քան Արցախը լքելն էր»,- հավելեց Արաքս Մելքոնյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































