Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։
Շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն է, որ իրավապահ և դատական համակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին, իսկ ընտրովի արդարադատությունը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։
Ապշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Սա օրվա իշխանությունների կամայականության և բռնատիրական գործելակերպի ցայտուն օրինակն է, որի նկատմամբ հրավիրում եմ միջազգային հանրության, հատկապես եվրոպական ղեկավարների, ուշադրությունը։
Կարդացեք նաև
Խիստ մտահոգիչ է նաև հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։
Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և Փաշինյանի քմահաճույքով բանտերում ու մեկուսարաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։
Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ


















































