«Ես եւ մեր պատվիրակության մեծ մասը առաջին անգամ ենք Հայաստանում, անչափ հյուրընկալ, գեղեցիկ եւ հինավուրց երկրում: Մեզ համար շատ կարևոր էր Հայաստանի ցանկությունը, որ մասնակցենք այնպիսի կարևոր եւ մասշտաբային միջոցառման, ինչպիսին COP17-ն է: Արդեն 4-րդ օրն է մասնակցում ենք, ներկայացրել ենք նաեւ ՌԴ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների վերաբերյալ հետազոտությունը եւ ստացել բավականին հետաքրքիր արձագանքներ»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ՌԴ խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և հյուսիսային տարածաշրջանների հարցերով հանձնաժողովի անդամ, ՌԴ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Նովյուխովը:
Հարցին ի պատասխան, թե ինչու կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ հարցերը այդքան առանձնահատուկ նշանակություն ունեն բնիկ եւ փոքրաթիվ ժողովուրդների համար, Ալեքսանդր Նովյուխովը նախ նշեց, որ ՌԴ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ասոցիացիան միավորում է 40 բնիկ ժողովուրդների, ապա հավելեց, որ անչափ կարեւոր է, որպեսզի փոքրաթիվ բնիկ ժողովուրդներն ունենան նույն իրավունքները՝ բոլոր ոլորտներում ներառյալ օրենսդրական նախաձեռնություններին ու կառավարմանը մասնակցությունը, քանի որ կլիմայական փոփոխություններն առաջինն են իրենց մաշկի վրա զգում:
«Մեզ համար կենսաբազմազանությունը նախ եւ առաջ կյանքի պայմաններն են, այնպիսի պայմանների ապահովումը, որոնք բնիկներին հնարավորություն կտան արդյունավետ օգտվել այն ավանդական ամբարված գիտելիքներից, որոնք վերաբերում են եղջերվապահությանը, հողագործությանը, գետերում ջրերի մակարդակին: Այն գիտելիքները, որոնց տիրապետում են բնիկ ժողովուրդները, հնարավորություն են տալիս իրականացնել արդյունավետ մշտադիտարկում եւ փորձագիտական գնահատական տալ բնապահպանական փոփոխությունների վերաբերյալ»,- ասաց Նովյուխովը: Հավելեց, որ առաջին անգամ է բնիկ ժողովուրդների իրենց մեծ պատվիրակությունը մասնակցում նման խոշոր կոնֆերանսին, որտեղ ընդգրկված են տարբեր ոլորտների մասնագետներ, նաեւ՝ երիտասարդներ:
Անդրադառնալով իր բնակության վայրին՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզին, նա ասաց, որ այնտեղ 13 մլն հա տարածքի վրա ապրում են հատուկ կարգավիճակով բնիկ ժողովուրդներ, 13 օրենք է ընդունվել, եւ իրենց իրավունք է վերապահվում տնտեսություն վարել՝ օգտվելով ավանդական գիտելիքներից:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գլոբալ տաքացման հետեւանքներին, բանախոսն ասաց, որ այս տարի ունեցել են անոմալ ցուրտ ձմեռ եւ անոմալ շոգ ամառ, ամռանը ջերմաստիճանը հասել է մինչեւ 35-36 աստիճան շոգի, ու այս ամենն անդրադարձել է բուսական եւ կենդանական աշխարհի վրա: Նովյուխովը փաստեց, որ այդ տարածքներում ապրող բնիկ ժողովուրդները ֆիքսում են այս փոփոխությունները եւ ձեւակերպում առաջարկություններ՝ կլիմայական առանձնահատկություններից բխող փոփոխությունները հնարավորինս մեղմելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի



















































