Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջնագիր՝ առանց պայմանների եւ Նիկոլի եվրոպական խաղերի վերջի սկիզբը»

Հոկտեմբեր 23,2026 14:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ռուսաստանից կախվածության թուլացումը եւ դեպի Եվրոպա խրոխտ քայլելը ընդամենը բլեֆ է եւ նախընտրական քարոզչություն, կամ լավագույն դեպքում՝ բարի ցանկությունների արտահայտություն, եւ այս մասին ամենալավը գիտի Նիկոլը»․ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

– Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեռեւս կան տնտեսական, էներգետիկ եւ անվտանգության լուրջ փոխկապվածություններ։ Նաեւ ռուսական կողմի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ երկաթգծի հարցում զիջում չի լինելու, քաղաքական շրջանակներում էլ խոսում են, որ նոր ՀԱԷԿ-ի կառուցման մասով էլ համաձայնություն կա, այն ռուսական կողմն է կառուցելու, պաշտոնական հայտարարություններն ավելի ուշ կլինեն։ Եթե հարաբերությունները կրկին սրվեն, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այդ ռիսկերին, եւ արդյո՞ք արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան արդեն հասել է այն մակարդակին, որ Հայաստանը կարող է ավելի քիչ կախված լինել Ռուսաստանից:

-Որեւէ պատճառ եւ մեխանիզմ չկա, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի երկաթգծից, եւ սա ակնհայտ էր դեռ սկզբից։ Իսկ երբ Մեղրիով անցնող երկաթգիծը գտնվում է ռուսական կառավարման տակ, հայ-ամերիկյան՝ առանց Ռուսաստանի մասնակցության, ԹՐԻՓՓ-ից խոսելը պարզապես անիմաստ է։ Նույնը վերաբերում է նաեւ ատոմակայանին․ ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին խոսակցությունները՝ մանավանդ այն դեպքում, որ այն որեւէ երկրում դեռեւս կառուցված չէ, նույնպես անիմաստ են։ Ռուսները առաջարկում են նոր էլեկտրակայանի համար ամենաէժան գինը, իհարկե այլ երկրները կարող են կառուցել Հայաստանում նոր էլեկտրակայանը, բայց նման մեծ ծախսերը պետք է լինեն քաղաքական որոշման արդյունքում։ Հայաստանն ի վիճակի չէ նման ներդրումներ անել, ուրեմն կառուցող երկիրը՝ լինի Ֆրանսիան, թե այլ մեկը, պետք է ինքն էապես ֆինանսավորի նման ձեռնարկը, ինչին ոչ ոք պատրաստ չէ ոչ միայն Հայաստանի անվտանգային բարդ իրավիճակի, այլեւ աշխարհաքաղաքական անհասկանալի ու հարափոփոխ կողմնորոշման պատճառով։ Իսկ Ռուսաստանի կողմից կառուցվող ատոմակայանի դեպքում, այն էլ այն հանգամանքում, որ կա գազի գների աճի սպառնալիք, Հայաստանի էներգետիկ անկախության մասին խոսելը պարզապես անիմաստ է։

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան դեռեւս չի հասել Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու հանգրվանին, եւ դա ոչ այնքան տնտեսության խորապես կախվածության պատճառով է, այլ առաջին հերթին նրա համար, որ Հայաստանը մերկ է անվտանգության տեսակետից, Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքն այժմ միայն Իլհամ Ալիեւի «ազնիվ խոսքն» է, իսկ ադրբեջանցի զինվորի ներխուժումը Շաքի ցույց տվեց, որ անգամ այդ ազնիվ խոսքն էլ բավարար չէ:

Անցած ութ տարիների ընթացքում Նիկոլը Հայաստանի անկախության հիմնական կռվան անվտանգության երեք հիմնական կրողների՝ բանակի, ԱԱԾ-ի եւ դիվանագիտության հզորացման փոխարեն, այս կառույցները պարզապես ոչնչացրեց։ Այնպես որ, Ռուսաստանից կախվածության թուլացումը եւ դեպի Եվրոպա խրոխտ քայլելը ընդամենը բլեֆ է եւ նախընտրական քարոզչություն, կամ լավագույն դեպքում՝ բարի ցանկությունների արտահայտություն, եւ այս մասին ամենալավը գիտի Նիկոլը։

-ԵԱՏՄ անդամ չորս պետություններ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչների պատրաստած 72 էջանոց զեկույցում քննարկվում է Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Ընդ որում, առաջարկվում է այդ ռեժիմը պահպանել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումը։ Զեկույցում արձանագրվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը նման կասեցման մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի հղում է կատարվում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, որի շրջանակներում ԵԱՏՄ մյուս անդամները «իրավունք ունեն քննարկելու ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին համատեղ որոշման ընդունման հարցը՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացումը»։ Սա վերջի սկի՞զբն է։

-Երբեք այդ հանրաքվեն չի անցկացվի, քանի որ Նիկոլը շատ լավ գիտի դրա արդյունքը, սա պարզապես վերջնագիր է առանց պայմանների։

Երկաթգծի համար տրված է երեք ամիս ժամանակ, իսկ ԱԷԿ-ի որոշումը, անկասկած, կընդունվի շուտով։ Նիկոլը հուշիկ քայլերով վերադառնում է դեպի «Մայր Ռուսիայի» գիրկը։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ քայլերը լինեն կամաց, որպեսզի նա իր հավատարիմ հետեւորդների մոտ երկրի ներսում չկորցնի դեմքը։ Մյուս կողմից, անհրաժեշտ է նաեւ «դրսի ճնշում», որպեսզի տպավորություն լինի, թե «Նիկոլն ուզում էր ինքնիշխան, բայց, դե, Պուտինը ստիպում է»։

Մյուս կողմից, գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսներն են խիստ ինտենսիվանում, եւ այդ պատճառով որոշ անհրաժեշտություն կա ցուցադրել Հայաստանը որպես ռուսական ազդեցության տարածք։ Եվրոպան արդեն կատարել է իր կարեւոր դերը՝ ակամա օգնել է Ռուսաստանին, որպեսզի վերջինս Հայաստանում ստանա բացարձակ ոչ լեգիտիմ ղեկավար, որը կկատարի վերջինիս բոլոր ցանկությունները, ու այլեւս Եվրոպայի հետ աչքակապությամբ զբաղվելու կարիք չկա։ Այո, թերեւս, սա Նիկոլի եվրոպական խաղերի վերջի սկիզբն է։

-Ձեր նշած շրջադարձի դեպքում ինչպիսին կլինի Արեւմուտքի արձագանքը։ Արդյոք Եվրամիությունը, ԱՄՆ-ը, արեւմտյան այլ կառույցներ չեն ստիպի Հայաստանին մնալ արեւմտյան շրջագծի մեջ։

-Նախ, եկեք առանձնացնենք Եվրոպան եւ ԱՄՆ-ն։ Եվրոպան հույս ուներ՝ ի դեմս  Նիկոլի, ստանալ հակապուտինյան մի նոր ճակատ, ընդ որում՝ անել դա առանց որեւէ հանձնառություն ստանձնելու՝ միայն հավանության նշաններով Նիկոլի ուսին թփթփացնելով։ Անգամ ֆինանսական ներդրումները, որ նրանք անում էին Հայաստանում, չնչին էին եւ ունեին քարոզչական նկատառումներ, իսկ առեւտրային ռեժիմի թեթեւացումը, որ արվեց Հայաստանի հանդեպ ռուսական պատժամիջոցներից հետո, որեւէ էական բան չփոխեց Հայաստանի համար։ Եվրոպան անգամ կեսից ետ կանգնեց Հայաստանի համար այնպիսի կարեւոր քայլից, ինչպես վիզաների ազատականացումն է։

Պարզ է, որ հիմա կցամաքեն անգամ ֆինանսական փոքր աղբյուրներ․ բայց դրանք արդեն կտրվել են այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանություններն այնքան ապիկար են, որ չեն կարողանում անգամ վերցրած փողերն արդարացնեն ու սկսած ծրագրերն ավարտեն։ Պարզ է, որ կսկսեն Նիկոլին քննադատել քաղբանտարկյալների, մամուլի ազատության եւ այլ հարցերով․ հետո ի՞նչ, դա Նիկոլին չի խանգարի շարունակել նույն ուղեգիծը։ Նրանք կսկսեն Հայաստանին մեղադրել Ռուսաստանի համար գորշ տնտեսական գոտի դառնալու եւ ռուսական փողերի լվացման մեջ, ու, ի դեպ, շատ վաղուց են ատամները սրած սպասում այդ քայլերին, սակայն Նիկոլի կիսատ-պռատ վիճակը դեռեւս նրանց հույսի տեղ է թողնում ու չեն շտապում։ Նկատենք, որ Հայաստանը «գորշ գոտի» հռչակելը  առաջին հերթին կխփի Ռուսաստանին, եւ ոչ Հայաստանին, որտեղ այդ փողերից քիչ է մնում։ Անգամ Հայաստանում չկա մի որեւէ քիչ թե շատ նորմալ պրոարեւմտյան ուժ, որի ակտիվացմամբ Արեւմուտքը կարող է սպառնալ Նիկոլին։

ԱՄՆ պարագան այլ է։ ԱՄՆ-ն ունի ստորագրած այնպիսի կարեւոր փաստաթուղթ, ինչպես ԹՐԻՓՓ-ն է, բայց կրկին, սա ընդամենը թղթի կտոր է, որեւէ դոլար, որեւէ զինվոր, կամ որեւէ ինժեներ դեռ այս թղթով չի տեղաշարժվել։ ԱՄՆ-ը նաեւ լուրջ թշնամանք ունի Իրանի հանդեպ, իսկ Իրանը մեր հարեւանն է։ Այնպես որ, այս ամենից հետո Վաշինգտոնը դժվար թե ձեռք քաշի գոնե իր թղթերից, նա հազիվ է այսքան խորը ներդրվել Հարավային Կովկասում։ Սակայն այստեղ ուրիշ հարց կա․ դեպի Ռուսաստան Հայաստանի վերադարձից հետո ԱՄՆ-ն Հայաստանի հարցերով արդեն բացեիբաց կաշխատի Մոսկվայի հետ, եւ իր համար լրիվ անիմաստ է տարբեր նիկոլների միջնորդությունն այստեղ։

-Այսօր ո՞վ է ավելի շատ շահագրգռված հայ-ռուսական հարաբերությունների վերականգնմամբ՝ Հայաստանը, թե Ռուսաստանը։ Եվ եթե կողմերը ցանկանում են իսկապես նոր էջ բացել, ո՞ր հարցերի շուրջ պետք է առաջին հերթին գործնական համաձայնության գան։

-Շահագրգռվածությունը, թերեւս, երկուստեք է։ Ռուսաստանի համար միշտ էլ կարեւոր ստրատեգիական խնդիր է եղել իր հարավային սահմանի ամրացումը, ու այդ պատճառով իր հարավային ֆորպոստ Հայաստանում որոշիչ ներկայությունը։ Հիմա, գլոբալ բանակցություններից առաջ կամ ժամանակ, նա ունի նաեւ տակտիկական խնդիր․ բանակցությունների սեղանին դնել Հայաստանը, որպես իր ունեցած ակտիվ։

Հայաստանի շահի մասին խոսելը հիմա անիմաստ է, պետք է խոսենք Նիկոլի շահի մասին։ Իսկ Նիկոլի համար հասկանալի է, որ Մոսկվայի հետ հակադրության շարունակությունը կարող է սպառնալ իր իշխանությանը, եւ ուրեմն նա էլ է զգուշորեն, բայց հաստատուն գնալու  դեպի մայր Ռուսիա։

Իսկ առաջին գործնական պայմանավորվածությունները, կարծում եմ՝ կլինեն ԹՐԻՓՓ-ում Ռուսաստանի էական, եթե ոչ որոշիչ մասնակցության մասին։

– Արդյո՞ք հետագա զարգացումները պայմանավորված են Պուտին-Թրամփ գլոբալ համաձայնություններով։

-Այո, այն ունենալու է որոշիչ նշանակություն։ Եկեք ավելացնենք նաեւ Չինաստանին, հիշենք, որ սպասվում է Թրամփ-Պուտին-Սի հանդիպումը, որն առնվազն Ռուսաստանը փորձում է ներկայացնել որպես նոր Յալթա, այսինքն՝ գերտերությունների միջեւ աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու գործարք։

Ճիշտ է, որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ այս անգամ հանուն Ուկրաինայի Ռուսաստանը Մեղրիի միջանցքը ծախի ԱՄՆ-ին, ինչպես ժամանակին Արցախը ծախեց Թուրքիային, բայց կարծում եմ, դրա հավանականությունը շատ քիչ է։ Ի դեպ, այդ քիչ հավանական գործարքի դեպքում, բնականաբար, զեղչվում են վերը բերած իմ բոլոր դատողությունները։

-Վերջին տարիների զարգացումներից հետո հնարավո՞ր է վերականգնել նախկին մակարդակի վստահությունը, թե՞ հայ-ռուսական հարաբերություններն այլեւս վերադարձ չունեն դեպի նախկին ռազմավարական դաշնակցությունը եւ մտնում են «սառը, բայց կառավարելի» կամ պարզապես պրագմատիկ հարաբերությունների փուլ։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է լինելու այդ հարաբերությունների իրական բնույթը առաջիկա տարիներին։

-Եթե ազնիվ լինենք, ապա Ռուսաստանի կողմից այն միշտ էլ եղել է «սառը, բայց կառավարելի է», ու դրան էմոցիոնալ գունավորում տալը պահանջվել է Հայաստանից։ Հիմա տարածվող ընդհանուր տրամադրությունը Հայաստանում հակառուսական է, բայց հիշենք, որ ոչ մի տեղ չեն կորելու հորինովի լուրերի գործարանները, տարբեր սիվիքներն ու ՊՈԱԿ-ները, տարոնչախոյանները եւ մնացած ֆեյքերը։ Պարզապես նրանց պետք է տալ հակառակ կարգավորում, եւ հավատացած եղեք՝ երեք, կամ առավելագույնը վեց ամսից հայ ժողովուրդը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ավելի շատ կսիրի, քան հիմա սիրում է Էմանուել Մակրոնին, Ուրսուլա ֆոն դեր Լայենին ու Կայա Կալլասին միասին վերցրած։

-Արդյոք ձեր նշած շրջադարձից հետո Ռուսաստանը կհանդուրժի Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը, որն այս բոլոր տարիներին առաջ էր գնում հենց հակառուսական խոսույթներով։

-Նախ, եկեք չմոռանանք, որ հակառուսականությունից բացի, Նիկոլի ավելի հզոր զենքն են դատարանները, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որոնց միջոցով կարում է ընտրակաշառքների, փողերի լվացման ու խուլիգանության հոդվածները․ բայց սա մի կողմ։ Նիկոլին փոխելու համար Ռուսաստանը պետք է գտնի մեկ այլ թեկնածու, ով նույնքան ճկվող է, նույնքան իշխանատենչ է, եւ բարոյական արժեքները նույնքան հեշտությամբ փոխող է։ Այս պահին նման թեկնածու չի երեւում, ով կարող է փոխարինել Նիկոլին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել