Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչողությունը և ԱԲ-ն

Հոկտեմբեր 23,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ճանաչողության տեսությունը՝ էպիստեմոլոգիան իմաստասիրության բաժին է, որն ուսումնասիրում է մարդկային ճանաչողության բնույթը, սահմանները, աղբյուրները և ճշմարտության չափանիշները:

Ճանաչողությունն ընդհանրապես իրականության արտացոլման ու վերարտադրման գործընթաց է, որը սերտորեն կապված է գործնականի հետ ու հիմնական նպատակը օբյեկտիվ ճշմարտության ձեռքբերումն է:

Ասածից կհետևի, որ ճանաչել նշանակում է ինչ-որ բանի մասին ճշգրիտ գաղափար ունենալ, թափանցել բուն էության մեջ ու օբյեկտը դարձնել իր գիտակցության սեփականությունը, նրա մասին կազմել ճշգրիտ պատկերացում: Այսինքն՝ ճանաչելն իրականության արտացոլման գործընթաց է:

Ընդհանրապես մարդը շրջապատող աշխարհը ճանաչում է երկու փոխկապակցված աստիճաններով՝ ի դեմս զգայական ճանաչողության, որին հաճախ էմպիրիկ են անվանում և բանական ճանաչողության, որը հաճախ ռացիոնալ են անվանում:

Զգայական ճանաչողությունը հիմնված է զգայության, ընկալման և մտապատկերի վրա:

Զգայությունն առարկաների առանձին հատկությունների արտացոլումն է զգայարանների միջոցով՝ գույն, ձայն, հոտ և այլն:

Ընկալումն առարկայի հնարավորինս ամբողջական պատկերի ձևավորումն է զգայարանների համակցված աշխատանքով:

Մտապատկերը տվյալ առարկայի պատկերի վերարտադրումն է հիշողության մեջ, երբ այն տվյալ պահին չի ազդում զգայարանների վրա:

Բնական կամ ռացիոնալ ճանաչողությունը հիմնված է հասկացություն, դատողություն և մտահանգում եզրերի վրա:

Հասկացությունը առարկայի էական և ընդհանուր հատկանիշների ամրագրումն է մտքում (օրինակ՝ զանգված, մարդ, պետություն):

Դատողությունը մտքի ձև է, որտեղ հասկացությունների կապի միջոցով  ինչ-որ բան հաստատվում կամ ժխտվում է:

Մտահանգումը տրամաբանական մտածողության ձև է, երբ   մի քանի հայտնի դատողություններից բխեցվում է բոլորովին նոր դատողություն: Հենց սրա միջոցով է իմացածից անցում կատարվում դեպի չիմացածը:

Մտահանգումը բաղկացած է հետևյալ մասերից՝ նախադրյալներ, հիմնավորում, եզրակացություն:

Ճանաչողության վերջնական նպատակը ճշմարտության բացահայտումն է, որը կարող է լինել.

– օբյեկտիվ, երբ գիտելիքի բովանդակությունը կախված չէ մարդուց կամ մարդկությունից,

– բացարձակ, երբ ունենք աշխարհի մասին լիակատար, սպառիչ և անփոփոխ գիտելիք,

– հարաբերական, երբ ունենք ճշմարիտ, բայց ոչ ամբողջական գիտելիք, որը զարգացման ընթացքում փոփոխվում ու լրացվում է:

Պետք է նշել, որ ճանաչողության տեսության և ԱԲ-ի փոխհարաբերության հարցը ժամանակակից իմաստասիրության և տեխնոլոգիայի ամենաարդիական թեմաներից է: Այն հիմնված է մի պարզ հարցի վրա՝ կարող է մեքենան իրականում «ճանաչել» կամ «գիտենալ» որևէ բան, թե այն պարզապես վերարտադրում է տվյալներ:

Այստեղ կրկին պետք է հստակեցնել՝ ինչպես է ճանաչում մարդը և ինչպես է ճանաչում մեքենան:

Ինչպես գիտենք, մարդկային ճանաչողությունը հիմնված է սեփական փորձի, էմոցիաների, զգայարանների և սոցիալական շփման վրա: Նորից նշենք, որ մարդը, բանական էակը հասկանում է երևույթների իմաստն ու համատեքստը:

ԱԲ-ի ճանաչողությունը (մեքենայական ուսուցում) հիմնված է վիթխարի քանակությամբ տվյալների, ալգորիթմների և մաթեմատիկական հավանականությունների վրա: ԱԲ-ն չունի գիտակցություն կամ ինքնաճանաչում, այն մարդու նման չի զգում իր իմացածը, այլ պարզապես գտնում է օրինաչափություններ:

Ճանաչողության տեսության մեջ կարևոր է, որ գիտելիքը լինի հիմնավորված: Ժամանակակից ԱԲ մոդելների դեպքում առաջանում է խնդիր՝ ԱԲ-ն տալիս է ճիշտ պատասխան, բայց նույնիսկ ստեղծողները երբեմն չեն կարողանում տրամաբանորեն բացատրել, թե ինչպես հանգեց այդ եզրակացությանը: Ահա այստեղ է, որ առաջանում է իմաստասիրական հարց՝ կարող ենք «ճշմարիտ» համարել մի բան, որի ստացման տրամաբանական ճանապարհը մինչև վերջ թափանցիկ չէ:

Ի դեպ, կա մի տիպիկ ու հետաքրքիր օրինակ՝ կապված, այսպես կոչված, «Չինական սենյակի» հետ: Այն 1980-ին առաջարկել է ամերիկացի Ջոն Սիրլը: Այդ մտային փորձի էությունը հետևյալն է՝ պատկերացրեք սենյակ, որը փակ է ու այնտեղ նստած է մի մարդ, ով ոչ մի չինարեն բառ չգիտի:

Նրան տալիս են մի գիրք (ալգորիթմներ/հրահանգներ), որտեղ չինարեն նշանները համադրված են իրար հետ: Սենյակից դուրս գտնվող չինացիները պատուհանից նրան են փոխանցում չինարեն գրված հարցեր: Մարդը օգտվելով գրքի բովանդակությունից ու կանոններից, գտնում է համապատասխան նշանները և պատասխանը հետ է տալիս: Արդյունքում, դրսի մարդկանց թվում է, թե սենյակում գտնվող մարդը կատարյալ չինարեն գիտի: Բայց իրականում նա ոչ մի բառ չի հասկանում, այլ պարզապես հրահանգներ է կատարում…

Չնայած Սիրլի քննադատությանը, շատ մտածողներ և հետազոտողներ կարծում են, որ ԱԲ–ի զարգացումը փոխում է խաղի կանոնները: Եթե մեքենան կարողանում է կատարել ճանաչողական բոլոր ֆունկցիաները՝ լուծում է խնդիրներ, ստեղծագործում է, վերլուծություններ է կատարում, ապա կարևոր չէ՝ ներսում կա կենսաբանական գիտակցություն, թե ոչ: Ճանաչողությունը ի վերջո արդյունքն է, այլ ոչ թե գործընթացի բնույթը:

Կա նաև կարծիք, որ երբ ԱԲ մոդելները դառնան չափազանց բարդ, նրանց մեջ «ինքնըստինքյան» կարող է առաջանալ հասկացության և գիտակցության նոր մակարդակ, որը կտարբերվի մարդկայինից:

Հենց այսօր ԱԲ-ն այնպես է կատարյալ թվային նմանակում իրականացնում, որ ստիպում է վերանայել, թե ինչ է նշանակում «իրականում հասկանալ»:

Ի դեպ, 1950 թվականին Ալան Թյուրինգը առաջադրեց մի պարզ հարցադրում. «Կարող են մեքենաները մտածել»: Նա առաջարկեց, այսպես կոչված, «նմանակման խաղ», որի էությունը հետևյալն է՝ դատավորը տեքստային կապի միջոցով  զրուցում է երկու անհայտ  սուբյեկտների հետ, որոնցից  մեկը մարդ է, մյուսը՝ մեքենա: Եթե դատավորը չի կարողանում տարբերակել  մեքենային մարդուց, ուրեմն մեքենան անցել է թեստը:

Թյուրինգի թեստը հիմնված է վարքաբանության վրա: Այն ասում է, եթե մեքենան արտաքուստ իրեն պահում է բանական էակի պես, ապա մենք չպետք է անհանգստանանք, նրա «ներաշխարհի» կամ «գիտակցության» համար: Այսինքն՝ ճանաչողությունը գնահատվում է միայն  արդյունքով:

Ժամանակակից մեծ լեզվական մոդելները՝ LLMs, հեշտությամբ շրջանցում են Թյուրինգի ավանդական թեստը, որը փաստացի ապացուցում է Սիրլի թեզը՝ մեքենան կարող է նմանակել  մարդկային բանականությանը՝ առանց այն ունենալու:

Փաստենք՝ գիտական ճանաչողության ավանդական, դասական մեթոդը հստակ է՝ մարդը դիտարկում է աշխարհը, կազմում է (ձևակերպում է) հիպոթեզ՝ վարկած, կատարում է փորձ ու ստեղծում է օրենք (օրինաչափություն, տեսություն)։

ԱԲ-ն փոփոխության է ենթարկում այս՝ մարդու էվոլյուցիայի երկար ընթացքում հաստատված շղթան,  փաստացի տալով  նույն վերջնարդյունքը…

Կամո ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել