Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապաշտը, սիրո և կարոտի բանաստեղծը

Հոկտեմբեր 23,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բնապաշտ է Գրիգոր Ծատուրյանը և նրբորեն ներկայացնում է բնության ու մարդու կապը»,- անդրադառնալով բանաստեղծի պոեզիային՝ նշել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։

Արդարև, քանզի Գրիգոր Ծատուրյանի հրատարակած հինգ գրքերում էլ կարմիր թելի պես անցնում է կարևոր այն միտքը, որ մարդու գոյության հիմքը, մարդուն մարդ պահողը և նրան փրկողը ամենազոր բնությունն է, հողը։ Հողը ոչ միայն որպես հայրենի գյուղ, դաշտ ու այգի, արտ ու անդաստան, այլև Հայրենիք։ Մեր հերոս ու արժանավոր նախնիների արյան գնով պահված ու պահպանված, նրանց պատգամներով սրբագործված հողը Գրիգոր Ծատուրյանի պոեզիայում դառնում է Սրբության սրբոց, դառնում է սրբազան ու պաշտելի հավատամք․

Մասրենու թուփը մի բուռ հողի հետ

Կպել է ժայռին ամուր, անվարան,

Ես էլ եմ այդպես պինդ կպած երկրիս,

Մասրենու թփին շատ, շա՜տ եմ նման։

Գրիգոր Ծատուրյանի դավանանքը Սերն է, ամենազոր ու հաղթական Սերը՝ որպես կյանքի շարժիչ ուժ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանի գնահատմամբ, բանաստեղծի պայծառ կարոտը, կենսահաստատ աշխարհայացքը ակամա լավատեսությամբ են համակում ընթերցողին, նրան էլ հուշում և հորդորում սիրով ու ժպիտով ապրելու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ սկսվում է Սիրուց, և Սիրով էլ պետք է գոյատևի ու հավերժանա․

Շաղառատ ծառերն անուշ անտառի,

Ինչպես օրհնության լույս ավետաբեր,

Իրար փարվելով շշնջում էին

Աղոթքի շրշյուն սիրո շշուկներ․․․

Բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանի համոզմամբ, Գրիգոր Ծատուրյանի ստեղծած գրականությունը կարելի է անվանել «Կարոտի պոեզիա»՝ ինքնատիպ երևույթ ժամանակակից հայ քնարերգությունում։ Կարոտ սիրո, լույսի կարոտ, հայրենի եզերքի կարոտ, շրջապատող աշխարհում բարու ու լավի կարոտ։ Բանաստեղծն, իրոք, իր երգերում, հայաշխարհի ճակատագրի հանդեպ մտահոգության խոհերով հանդերձ, խնկարկում է սերը, կարոտը, լույսը․

Ճաքճքված հողիդ, քարաձորերիդ,

Քարե սիմֆոնիա քարահյուսերիդ,

Աղոթքից ծնված սուրբ խաչքարերիդ

Քարապաշտ սիրտս միշտ կարոտում է։

Միով բանիվ, ութսունամյա բարձունքի շեմը թևակոխող բանաստեղծի գրքերում ներառված բանաստեղծությունները, արձակ գործերն ու քառյակները, ըստ էության, քնարական պատկերախոս ուղերձ-խնկարկումներ են առ Հայրենիք ու Մայր ժողովուրդ, անսահման նվիրում հողին հայրենի, ազգային մնայուն արժեքների ձոներգում՝ հյուսված կարոտի, սիրո, ցավի և, ի վերջո, հուսո ու հավատի զգացումներով։

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել