ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանում՝ «ժողովրդի կողմից ընտրված» իշխանությունները, արդեն տևական ժամանակ է միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, և որպես հետևանք՝ դատարանի առաջ են կանգնեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Զուգահեռաբար՝ երեկ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Իսլամական 20 երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, Անկարան կդիտարկի որպես թուրք ժողովրդի արժեքների դեմ ուղղված քայլ։
Ֆիդանի խոսքով՝ այդ պատմական հանդիպմանը մասնակից իսլամական աշխարհի ներկայացուցիչները քննարկել են բացառապես Ալ-Աքսա մզկիթի շուրջ վերջին զարգացումները և Իսրայելի գործողություններին ի պատասխան՝ հնարավոր համատեղ քայլերը։ Նրանք հայտարարել են, որ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը համարում են իրենց սրբավայրերից մեկը, և դրա նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկում են որպես ոտնձգություն իրենց ժողովրդի դեմ:
Կարդացեք նաև
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ամանի հավաքում Թուրքիան ավելի է սրել Իսրայելի հետ լարվածության աստիճանը՝ փորձ անելով նրանց միավորել Սիրիայում, Լիբանանում և Գազայում գործողությունների դեմ:
Թեկուզև միշտ չէ, որ այդ հարցերում իսլամական պետությունների շահերը համընկնում են:
Հատկանշականը կրոնական արժեքային համակարգի շուրջ միավորման գործոնն է՝ ինչն անշուշտ հոգևոր տեսանկյունից հարգանքի արժանի է:
Իսկ մեզ, հայերիս, որ 35 տարվա պետականություն ունենք, կհարգե՞ն արդյոք այն բանի համար, որ մեր իսկ պետական համակարգն է ոտնահարում մեր ազգային Եկեղեցու ներքին կարգը:
Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն աշխարհում ավելի մեծ կլինի, եթե Փաշինյանի կառավարությունը, օրինակ վերցնի իր սիրելի Թուրքիայից, ու ոչ միայն չխաթարի Հայ Եկեղեցու ինքնավարությունը, այլ նաև տեր կանգնի Արցախում անարգվող հայկական քրիստոնեական ահռելի ժառանությանը:


















































