Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին վեճերին և հանդես գալ որպես դատավոր կրոնական առաջնորդների օրինականության հարցում. ՄԻԵԴ նախադեպը

Օգոստոս 07,2026 10:36 Share

Ըստ ՄԻԵԴ որոշման.«Պետությունը կոպտորեն խախտել է կրոնական կազմակերպության ինքնավարությունը։ Պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին վեճերին և հանդես գալ , որպես դատավոր կրոնական առաջնորդների օրինականության հարցում»

Օգոստոսի 7-ին, ժ. 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական դատական անդրանիկ նիստը։ Դատավորն է Հակոբ Մանուկյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ քրեական գործի քննությունն իրոք աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Հանրության կարծիքով, դատարանում քննվելու է ոչ միայն Կաթողիկոսի, հոգևոր բարձրագույն դասի հարցը, այլ այն սկզբունքային սահմանի, թե որտեղ է ավարտվում աշխարհիկ պետության իշխանությունը և որտեղ է սկսվում եկեղեցու սահմանադրական անկախությունը:

Քրեական գործը հարուցվել է այն բանի համար, երբ Կաթողիկոսն ու եպիսկոպոսաց դասը հրաժարվել են կատարել աշխարհիկ դատարանի որոշումը:

Մայր Աթոռը պաշտոնից հեռացրել ու կարգալույծ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանին, որը բացահայտ աջակցում է ՔՊ-ական իշխանություններին: Սարոյանը դիմել էր դատարան, և դատարանը որոշել էր ժամանակավորապես կասեցնել եկեղեցու այդ որոշումը՝ պարտադրելով Մայր Աթոռին վերականգնել իրեն: Եկեղեցին հրաժարվեց կատարել դատարանի պահանջը՝ հայտարարելով, որ «հոգևորականին կարգալույծ անելը կամ թեմից հետ կանչելը բացառապես կանոնական իրավունքի (եկեղեցական օրենքի) տիրույթում է»: Աշխարհիկ դատարանը չի կարող թելադրել, թե ով լինի եպիսկոպոս կամ քահանա:

Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական ազատությունների մոնիտորինգով զբաղվող հեղինակավոր «Forum 18»-ը, քննադատել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը՝ պնդելով, որ հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը։ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անկախ է պետությունից և օժտված է ինքնավարությամբ: Ուստի, այս դատավարությունը պետք է դիտարկվի հենց այդ սահմանի խախտման համատեքստում:

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը նույնպես դատապարտել է «այս անպատկերացնելի գործընթացը»՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ. «Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է»։

Իսկ Արամ Ա Վեհափառն արձագանքեց այսպես. «Մեր հոգեւոր եղբօր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառին դատարան կանչուիլը կը նկատենք անընդունելի եւ դատապարսելի։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»։

Ողջամիտ դիտորդի համար այս ամենը համարվում է պետության կողմից սրբազան տարածք կամ եկեղեցական ներքին կյանք մտնելու կոպիտ փորձ։

Հետևաբար, կարևորում ենք դատական նիստը սկսվելուն պես, պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարելը՝ քրգործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու համար։ Քրեական օրենսգրքի 488-րդ հոդվածի կիրառումը եկեղեցական ներքին կարգապահական որոշումների նկատմամբ հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին (Եկեղեցու անկախություն և ինքնավարություն)։ Ի դեպ, եթե այս գործը հետագայում հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա պետությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել…

Հետաքրքիր է, թե վերջին հիսուն տարիներին արդյոք այլ երկրների, մասնավորապես, եվրոպական, նախկին ԱՊՀ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվե՞լ են հոգևոր առաջնորդների կամ կրոնական կազմակերպությունների դեմ հարուցված գործեր։

Պարզվեց, այդպիսի գործերը բազմաթիվ են և դրանք հիմնականում վերաբերում են խոսքի, դավանանքի ազատությանն ու եկեղեցու ինքնավարության սահմաններին:

ՄԻԵԴ հասած և նախադեպային նշանակություն ունեցող ամենաաղմկահարույց գործերից է «Միտրոպոլիտ Տիխոնը և Իգոր Ստրելկովի աջակիցները գործով» (Բալթյան երկրներ, Ուկրաինա) ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Մերձբալթյան երկրները (Լատվիա, Էստոնիա) և Ուկրաինան քրեական գործեր հարուցեցին և արտաքսեցին Մոսկվայի պատրիարքարանի մի շարք բարձրաստիճան հոգևորականների (այդ թվում՝ եպիսկոպոսների)՝ նրանց մեղադրելով «ռուսական ագրեսիան արդարացնելու» և ատելություն հրահրելու մեջ:

Ըստ հոգևորականների պաշտպանների, կատարվածը քաղաքական հետապնդում էր:

«Սուրբ Սինոդն (Մետրոպոլիտ Ինոկենտի) ընդդեմ Բուլղարիայի» գործով (2009 թ.) պատկերը հետևյալն է. «Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցում տեղի էր ունեցել պառակտում, և առաջացել էր երկու Սինոդ, որոնցից մեկը գլխավորում էր Մետրոպոլիտ Ինոկենտին: Բուլղարիայի կառավարությունը օրենքով ճանաչեց միայն պաշտոնական Սինոդը, իսկ ոստիկանությունը ուժով դուրս հանեց Ինոկենտիի կողմնակից հոգևորականներին իրենց զբաղեցրած տասնյակ վանքերից ու եկեղեցիներից»: Ըստ ՄԻԵԴ որոշման.«պետությունը կոպտորեն խախտել է կրոնական կազմակերպության ինքնավարությունը։ Պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին վեճերին և հանդես գալ որպես դատավոր կրոնական առաջնորդների օրինականության հարցում»։

ՄԻԵԴ պրակտիկայում եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ինքնավարության սկզբունքը սուրբ է, և դրա խախտումը ՄԻԵԴ-ը գրեթե միշտ որակում է որպես պետության կողմից անթույլատրելի և անօրինական միջամտություն։

ՄԻԵԴ դիրքորոշումն է՝ պետությունը պետք է լինի չեզոք և անկողմնակալ երաշխավոր, այլ ոչ թե թելադրող կամ միջամտող։ Ըստ էության, ՄԻԵԴ-ը պաշտպանում է հոգևոր առաջնորդների ազատությունը պետական կամայական միջամտություններից, բացառությամբ այն գործերի, եթե հոգևորականը քարոզում է բռնություն, ատելություն, հանրային անվտանգության և կարգի սպառնալիք։

Նկատենք, որ «Մետրոպոլիտ Ինոկենտին ընդդեմ Բուլղարիայի» գործով կարմիր գծի պես անցել է այն միտքը, որ պետությունը չի կարող եկեղեցուն ստիպել փոխել իր ներքին կանոնները, եկեղեցական օրենքները (կանոնները) կամ կրոնական ծիսակարգերը։ Ոստիկանության ուժի կիրառումը հոգևորականներին իրենց զբաղեցրած հոգևոր տարածքներից հեռացնելը՝ հօգուտ պետության նախընտրած եկեղեցական թևի, ՄԻԵԴ-ը որակեց որպես կոպիտ և ոչ իրավաչափ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին ու կառավարմանը։ Այդ գործով, Բուլղարիայի կառավարությունը օրենքով ճանաչել է միայն պաշտոնական Սինոդը, իսկ ոստիկանությունը ուժով դուրս է հանել եկեղեցափոխ հոգևորականներին իրենց զբաղեցրած տասնյակ վանքերից ու եկեղեցիներից։

Այսինքն, պետությունը կարող է միջամտել միայն այն ժամանակ, երբ հոգևորականի արարքում գործող քրեական օրենսգրքի հատկանիշներով կա հանցակազմ, երբ նա կատարել է գողություն, կատարել է բռնություն, խարդախություն։

Իրավաբաններից շատերի կարծիքով, կարող ենք ազգովի «մաքրվել» աննախադեպ հանցակցությունից, եթե նախկին հոգևորական Արման Սարոյանը հետ վերցներ իր քաղաքացիական հայցն ընդդեմ Մայր Աթոռի կամ հրաժարվեր դատական ակտի հարկադիր կատարման պահանջից։ Այս պահին ողջամիտ քայլ կարող է դիտվեր, եթե դատախազությունը կարճեր գործի վարույթը: Հիմնավորումները բազմաթիվ են։

Պետք է վերջապես ընկալվի, որ ՀՀ քրեական օրենսգրքի 488-րդ հոդվածով՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը պայմանավորված է ոչ թե դատարանի նկատմամբ արհամարհանքով, անհարգալից դրսևորմամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցական կանոնների անխուսափելի կիրառմամբ։ Աշխարհիկ դատարանը չունի գործիքակազմ՝ չեղարկելու հոգևոր կարգալուծությունը, հետևաբար արարքում չկա քրեական հանցագործության տարր (հանցակազմ)։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31