Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու հայության համար այս կետը ողբերգություն է. Աղվան Վարդանյան

Օգոստոս 07,2026 14:51 Share

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի 2026թ. օգոստոսի 6-ի նիստում

Արամ Վարդևանյանի մասին

Ո՞ր հատկանիշներն են լավագույնս բնութագրում մարդուն։

Քաջություն, արդարություն, խոհեմություն, բարություն, սկզբունքներ, սեփական կարծիք, արժեքային համակարգ, ընկերություն, մեր դեպքում՝ հայկականություն։ Սրանք են մարդուն դարձնում հասարակության արժանավոր անդամ, ազնվական տեսակ։

Իսկ մասնագիտական առումով Արամը, միջազգային ամենաբարձր չափանիշներով, պատիվ կբերի ցանկացած երկրի ու կառույցի։ Այդպիսի մարդիկ Հայաստանում կա՞ն։ Անշուշտ։ Բայց Արամը նաև մշտապես պայքարի մեջ է՝ քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ։

Կլինի Արամը Ազգային ժողովի նախագահությունում, մեր քաղաքացիները, մեր զավակները իրենց աչքի առաջ օրինակելի հայի, մարդու, պետական-հանրային գործչի կերպար կունենան։

Ինձ համար պատիվ է Արամ Վարդևանյանի նման ընկեր ունենալ։

Հիմա՝ այս օրերի երկու հիմնական թեմաները։

Գլխավոր հարցի մասին.

Այս խորհրդարանի, ընդհանրապես մեր իրականության գլխավոր հարցն այն չէ, թե Հայաստանը որքանո՞վ կկարողանա Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Այդպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն։

Անկախության հռչակումից ի վեր, 90-ականներից սկսած, մեր քաղաքականությունը եղել է հնարավորինս ինքնուրույն, բալանսավորված, կոմպլիմենտար՝ Հայաստանի ազգային-պետական շահերից բխող։

2000-ականներին՝ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ մենք ունեցել ենք բնականոն հարաբերություններ՝ նույն տրամաբանությամբ։ Եվրախորհրդի անդամություն, Հազարամյակի, Լինսի հիմնադրամի ծրագրեր, Իրանի հետ գազամուղ, էներգետիկ ենթակառուցվածք, Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցություն։

Ազգային-պետական շահի վճռական պաշտպանության բազմաթիվ օրինակներ կան։ Հիշողության թարմացում՝ այդ շրջանում Հայաստանի ղեկավարը 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանը։

Տարբեր է եղել Ադրբեջանի և Թուրքիայի պարագան։ Նրանցը՝ թշնամական, մերը՝ անզիջում և՛ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, և՛ ցեղասպանության միջազգային ճանաչման առումով։ Եւ Հայաստանի այդ ինքնուրույն քաղաքականությունը ընկալում ու ընդունում էին բոլոր ուժային կենտրոնները։

Ի՞նչ է փոխվել այսօր, և ո՞րն է, իմ կարծիքով, մեր գլխավոր օրակարգը։

Միտումնավոր, թե՞ ապիկարության պատճառով մենք պարտվել ենք 2020 թվականի պատերազմում։ Անկարողությունը այս իշխանությանը հատուկ է, բայց ի՞նչ հիմք կա «միտումնավոր» բառի համար։

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2019-ին Ստեփանակերտում ինքը հայտարարել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, եւ դրա շնորհիվ մենք հասել ենք այս կետին, որը լավ կետ է, այլ բան չես կարող մտածել։

Ո՞րն է այս լավ կետը։ Արցախը չկա, արցախահայությունը էթնիկ զտման է ենթարկվել, Ադրբեջանի զորքը Հայաստանում է, Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, Թուրքիան հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի շահերով և, բնականաբար, իր աշխարհաքաղաքական նպատակադրումներով։

Ներքին խնդիրների, ժողովրդավարության հետընթացի, բռնաճնշումների, ընտրություն կեղծելու, քաղբանտարկյալների մասին չեմ խոսում։ Դրանք մեր լուծելիքն են։ Բայց Բաքվի բանտում երեք տարի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առկայությամբ խոսել ինքնիշխանության եւ խաղաղության մասին՝ ստորացվածի անբարոյականություն է։

Ի՞նչ է փոխվել, իմ համոզմամբ։

Իշխանության մնալու մտասևեռումով՝ այս իշխանությունը հանձնվել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին, պատրաստ է կատարել նրանց բոլոր պահանջները, միայն թե ժամանակ շահի։

Այն Ադրբեջանի, որը, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, 20 թվականին ագրեսոր, բռնապետություն, միջազգային ահաբեկչության օջախ էր, այն Թուրքիայի, որ 20 թվականին վերադառնում էր Կովկաս՝ ցեղասպանությունը շարունակելու, Եվրոպային էլ զգուշացնում էր, թե Թուրքիան վաղը լինելու է Վիեննայի պատերի տակ։

Հայաստանի ու հայության համար այս կետը ողբերգություն է։ Լավ կետ է միայն իր եւ իր խմբակի համար՝ իրենք իշխանություն են։ Այստեղ, իհարկե, օգնում է Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը, Իրանի շուրջ կատարվողը, ինչը մեզ դարձրել է ուժային կենտրոնների բախման կետ։ Սա ևս բացարձակ լավ կետ չէ։ Ավելին՝ նոր փորձությունների տանող կետ է։

Ուրեմն՝ մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է, այլ ստորացվածի, ենթարկվողի վիճակից դուրս գալը, ինքնուրույն քաղաքականություն վարելը, տարածաշրջանում գործոնի վերածվելը։ Իրոք ինքնիշխան լինելը։ Ինչպիսին եղել ենք։ Մե՞նք ենք որոշում մեր ճակատագիրը, թե՞ ուրիշները։ Ոչ թե որքանով անկախ քաղաքականություն Ռուսաստանից, այլ՝ ինքնիշխա՞ն, թե՞ լրիվ կախված Ադրբեջան-Թուրքիայից։

Վերջինը Ձեր օրակարգն է, ՔՊ-ի, բայց ոչ մեր ու հայ ժողովրդի։

Ինքնության մասին

ՔՊ-ի նոր թեզն է՝ ինքնությունը կայուն մի բան չէ, անընդհատ փոփոխվում է։

Նախ՝ ովքեր կամ ինչն է ձևավորում հավաքական ինքնությունը։ Իմ համոզմամբ՝ հայկական ինքնությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում մեր հոգևոր-մշակութային, քաղաքական, ռազմական, տնտեսական վերնախավի անհատական ու խմբային գործունեության արդյունքում։

Հայոց լեզու, Մեսրոպ Մաշտոց, պատմիչներ, Նարեկացի, Սասունցի Դավիթ էպոս, միջնադարում հայ ազնվականությանը փոխարինած հայ գյուղացու իմաստնություն, հայ ռազմիկի ոգի, ազգային պար, ժողովրդական երգեր, ճարտարապետություն, Էջմիածին, Գանձասար, Ցեղասպանություն, Սփյուռք, Կոմիտաս, Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Թումանյան, Չարենց, Մաթեւոսյան, Թորոս Ռոսլին, Մարտիրոս Սարյան, Արարատ։ Ար-ար-ատ։

Ընտրախավն է ինքնության ձևավորողն ու մարմնավորողը։

Այո, փոխվում է ժամանակի մեջ, բայց հարստանալով նոր գույներով ու կերպարներով։

Ո՞ր ազգերն են զարգանում, առաջադիմում անընդհատ արդիականանալով։ Նրանք, որոնք պահպանում են արմատը, պատմական հիշողությունը, ազգային առանձնահատկությունները և գործում են ժամանակին համաքայլ։

ՔՊ-ի բերած փոփոխությունը զիջելն է, հրաժարվելը տեսակից ու առաքելությունից։ Իբրև անհատ վայելել կյանքը՝ առանց հավաքական գիտակցության ու պատասխանատվության անցյալի, ներկայի, ապագայի հանդեպ։

Կործանարար հեղափոխականությունը նրանց բնույթի մեջ է։ Թավշյան արել են, տնտեսական, մշակութային, ռազմականն արել են։

Հիմա ինքնության հեղաշրջում են փորձում անել։ Բայց իրականում մի հեղափոխություն է ընթացքի մեջ՝ գլխարկների հեղափոխությունը։ Գլխարկների փոփոխությունը գլուխը չի փոխում։

Բայց, սիրելիներս, ինքնությունը Ձեր կարճ կյանքի ու իշխանության տևողությամբ արմատապես չի փոխվում։ Չի փոխվելու։

Մեր ինքնության մեջ բացառիկ դեր ունի քրիստոնեությունն ու Հայ առաքելական եկեղեցին, որի դեմ ծրագրային պատերազմ եք մղում։ Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին հայկական պետականոթյունը զորացնելու, ինքնիշխանություն երաշխավորելու ուժեղ կռվաններից է։

Մենք առաքելություն ունեցող ազգ ենք։ Պարզ է՝ փոքր մարդիկ մեծ երազանքներ չեն կարող ունենալ։ Բայց հիշեք՝ հայկականությունը, հայ ինքնությունը փոխելու ձեր ջանքը դատապարտված է։ Շարունակեք՝ կհամոզվեք։

Իմ խոսքի սկզբում ես խոսեցի մարդկային առաքինությունների մասին։ Բայց կան նաև մեղքերը՝ գոռոզություն, ագահություն, բարկություն, նախանձ, երախտամոռություն, մանկուրտություն, որկրամոլություն։

Հաջորդ անգամ կխոսեմ այս ժամանակավոր իշխանության բնույթի և Հայաստանի ապագա՝ արժանավորների իշխանության անհրաժեշտության և անխուսափելիության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31