Օգոստոսի 8-ին Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը նշեց ծննդյան 25-ամյակը, իսկ իսպանական ֆուտբոլի հսկա «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում դուրս եկավ փոխարինման երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ ստանալով 10 րոպե խաղաժամանակ (հանդիպումն ավարտվեց մադրիդցիների՝ 2-1 հաշվով հաղթանակով)։ «Առավոտ» օրաթերթի լուսանկարիչը ներկա է եղել խաղին և զրուցել Էդգարի հետ նրա ակումբային ապագայի, «Ֆերենցվարոշում» ու հավաքականում ունեցած հնարավորությունների, ինչպես նաև «Ռեալի» աստղային ֆուտբոլիստների հետ մարզաշապիկով փոխանակվելու չստացված փորձի մասին։
– Ծնունդդ շնորհավոր, Էդգար ջան։ Արդեն ստացե՞լ ես շնորհավորանքներ թիմի մարզչական շտաբից կամ թիմակիցներիցդ։
– Շատ շնորհակալ եմ։ Ո՛չ։
– Ո՞չ։ Ոչ մի տոնակատարություն չի՞ եղել։ Չգիտեմ, գուցե մոմերով տորթ է՞ եղել։ Կամ չե՞ն եղել շնորհավորանքներ թիմակիցներից կողմից կամ, գուցե, Մադրիդի «Ռեալի» խաղացողներից են շնորհավորել։
Կարդացեք նաև
– Ո՛չ, ո՛չ։ Նման բան չի եղել։ Մենք պատրաստվում էինք հանդիպմանը, և, հասկանալի է, արտասովոր ոչինչ չի եղել։ Պարզապես թիմակիցներս և մարզչական շտաբը գիտեին (ծննդյան օրվա մասին), և վերջ։
– Հասկանալի է։ Իսկ ի՞նչ ապագա է սպասվում հունգարական ակումբում։ Խաղալո՞ւ ես «Ֆերենցվարոշում», թե՞ դեռ չգիտես, թե որտեղ ես շարունակելու մրցաշրջանը։
– Չգիտեմ։ Ես առայժմ այստեղ եմ․ պայմանագիր ունեմ։ Հետագայում պարզ կլինի։
– Իսկ ինչպե՞ս ես գնահատում այսօրվա խաղը։ Ստացար մոտ 10 րոպե, մի քանի պահեր ունեցար։
– Դե, եթե անձամբ իմ ցանկության մասին խոսեմ, իհարկե, կուզեի ավելի շատ խաղալ, բայց միևնույն է՝ գոլ խփելու պահ կար, գոլային փոխանցում կատարելու հնարավորություն կար։ Ընդհանուր առմամբ, նման թիմերի դեմ խաղալը միշտ մեծ հաճույք է, զգացողություններս շատ հաճելի են։
– Ուզում եմ նաև հավաքականի մասին հարցնել։ Հիմա Բարսեղյանն ու Սելարայանը չեն խաղում։ Մի գուցե սա շա՞նս է։ Այս տարի արդեն հիմնական խաղացո՞ղ կլինես եզրում։
– Դե, իհարկե, միշտ էլ ցանկություն կա խաղալու հավաքականում։ Ամեն դեպքում, սեփական երկիրը ներկայացնելը միշտ հպարտություն է, և, իհարկե, աջ թևում մենք շատ լավ, որակյալ խաղացողներ ունենք։ Իհարկե, միշտ պատրաստ եմ օգնել հավաքականին։ Եթե հնարավորություններն ավելի շատ լինեն այդ հարցում, ուրախ կլինեմ։
– Եվ վերջին հարցը․ ակումբում նոր գլխավոր մարզիչ ունեք։ Խոսե՞լ եք ապագայի մասին, կամ թե ինչպես է նա քեզ տեսնում թիմում։ Ի՞նչ դերում։ Գուցե խաղաս, րոպեներ ստանաս Հունգարիայի ազգային լիգայում կամ մասնակցես եվրոգավաթների՞ն (Բուդապեշտը ներկայացնող տիտղոսակիր թիմը խաղում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում, արդեն հաղթել է սերբական «Վոյվոդինային» և հոլանդական «Տվենտեին», առաջին խաղում ուժեղ է եղել լեհական «Գուրնիկից», իսկ Էդգարը րոպեներ է ստացել, սակայան ոչ բոլոր խաղերում)։
– Գիտեմ, որ Հունգարիայում կա կանոնակարգ՝ հունգարացիների սահմանափակում, այդ պատճառով․․․ իսկ մեր թիմում շատ (օտարերկրացի) խաղացողներ կան, և նրանց համար էլ հեշտ չէ։ Կարծում եմ՝ ուսումնասիրում են այս խաղացողներին, այդ պատճառով ինձ թվում է՝ այնտեղ այդ ամենն է որոշիչ դեր խաղում։ Դե, հետագայում պարզ կլինի։
– Եվս մեկ դրվագ այսօրվա խաղից․ նկատեցի, որ ցանկանում էիր մարզաշապիկներով փոխանակվել «Ռեալի» խաղացողների հետ (Արդա Գյուլերի և Բերնարդու Սիլվայի), ստացվե՞ց, թե՞ ոչ։
– Չստացվեց։ Չհաջողվեց։ Նրանք արդեն տվել էին կամ խոստացել էին փոխանակվել իմ մյուս թիմակիցների հետ։ Բայց փոխարենը Մոուրինյուի հետ լուսանկարվել ստացվեց։
Հարցազրույցը և լուսանկարները՝ Հարություն ԾԱՏՐՅԱՆԻ




















































