Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Բալաժ Բորբելին խոսել է «Առավոտի» հետ Սևիկյանի, թիմում մնալու նրա հնարավորության, Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի, և լիմիտի մասին

Օգոստոս 09,2026 22:20 Share

Իսպանական ֆուտբոլի հսկայի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից հետո «Առավոտ» օրաթերթի լուսանկարիչը զրուցել է հունգարական թիմի՝ «Ֆերենցվարոշի» նորանշանակ գլխավոր մարզիչ Բալաժ Բորբելիի հետ։ Սլովակ մասնագետը, ով թիմի ղեկը ստանձնել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նախորդ մրցաշրջանում «Դյորի» հետ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի տիտղոսը։ Բորբելին ծանոթ է նաև հայկական ֆուտբոլին. ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում նրա թիմը անցյալ տարի մրցել էր նաև երևանյան «Փյունիկի» դեմ։ Ընկերական խաղից հետո Բորբելին ճանաչեց «Առավոտի» լուսանկարչին, ինչի շնորհիվ հարցազրույցն անցավ շատ անկաշկանդ մթնոլորտում։ Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի՝ հունգարական թիմում խաղալու հեռանկարները, նրա մրցելույթը «Ռեալի» դեմ խաղում և մեկնարկած մրցաշրջանում հունգարական թիմում հայ ֆուտբոլիստի մնալու շանսերը։

-Բարի երեկո, մարզիչ։ Կուզենայի մի քանի հարց տալ Ձեր թիմի խաղացող Էդգար Սևիկյանի մասին՝ հասկանալու համար ակումբի և Ձեր՝ որպես թիմի նոր գլխավոր մարզչի դիրքորոշումը նրա վերաբերյալ։ Խոսքը Ձեր թիմի 70 համարի խաղաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստի մասին է։

– Իհարկե, ես գիտեմ՝ ով է Սևիկյանը։ Բայց ո՞րն է բուն հարցը։ Որո՞նք են մեր պլանները նրա հետ կապված։

-Կպահե՞ք նրան թիմում՝ հետագայում խաղալու համար։ Նախորդ մրցաշրջանը նա անցկացրեց Ռուսաստանում։ Ակումբը կպահի՞ նրան որպես թիմի անդամ արդեն իսկ մեկնարկած մրցաշրջանում։

-Ես նոր եմ ակումբում, ուստի չէի ճանաչում նրան․ այսինքն՝ թե կոնկրետ ինչ որակներ նա կարող է տալ թիմին կամ ցույց տալ խաղադաշտում։ Այնպես որ, հիմա մենք մի փուլում ենք, երբ փորձում ենք ճանաչել միմյանց։ Մի բան է խոսել մրցաշրջանի նախապատրաստության մասին, մեկ այլ բան, երբ խաղում ես պաշտոնական հանդիպումներում, այնպես որ հիմա աշխատում ենք այս ուղղությամբ։ Իրոք, ստեղծված իրավիճակում մենք տեղեկատվություն ենք հավաքում նրա մասին։ Եվ կտեսնենք՝ արդյոք նա կմնա ակումբում և կխաղա ապագայում այս թիմում։

– Թերևս վաղ է գնահատական խնդրելը, բայց նա այսօր նույնպես որոշ րոպեներ ստացավ։ Պլանավորվա՞ծ էր նրան այդ րոպեները տալը և տեսնելը, թե ինչպես է նա օգտագործում ընձեռնված շանսը։

– Այսօրվա խաղը հաճույքի, տոնելու մասին էր, խաղացողները Գալա-հանդիպում ունեին, ուստի ես պլանավորել էի բոլորին էլ որոշակի րոպեներ տալ, և ուրախ եմ, որ նա նույնպես ստացավ որոշ րոպեներ։ Կարծում եմ՝ նա ցույց տվեց իր որակները։

– Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է։ Սա նվե՞ր էր նրա ծննդյան օրվա առթիվ, թե՞ Դուք այդ րոպեները որպես նվեր չեք դիտարկել։

– Ո՛չ, սա ծննդյան օրվա կամ նվերի մասին չէր․ սա նրա մասին էր, որ բոլոր խաղացողներին էլ տրվի այս փորձառությունը, ինչը հաճելի էր։ Հաճելի զգացողություն է, երբ կարող ես մրցել աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։

– Այս պահին «Ֆերենցվարոշը» խաղում է Եվրոպայում և ամենշաբաթյա հանդիպումներ է անցկացնում նաև ազգային լիգայում։ Ի՞նչ շանսեր կան Սևիկյանին տեսնելու այդ հանդիպումներում։ Որպես նորանշանակ մարզիչ՝ ունե՞ք սահմանված նվազագույն նվաճումների շեմ Ձեր և ակումբի համար այս մրցաշրջանի համար։

-Մենք չունենք ակումբի կողմից սահմանված նվազագույն կամ առավելագույն նշաձող։ Մենք այդպես չենք խաղում։ Այնպես որ, շարժվում ենք քայլ առ քայլ՝ խաղից խաղ, հանդիպումից հանդիպում։ Բայց, իհարկե, ցանկանում ենք հասնել հնարավորինս մեծ հաջողության։ Իհարկե, հիմա մոտ ենք փլեյ-օֆֆ փուլի (ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգա) ուղեգիր նվաճելուն։ Այնուամենայնիվ, առջևում դեռ խաղ ունենք։ Եվ, իհարկե, ցանկանում ենք դառնալ Հունգարիայի չեմպիոն։

– Դա՞ է նվազագույն նպատակը։

– Դա մեր հիմնական նպատակն է։ Սա է այն, ինչ ցանկանում ենք ակումբում։ Բայց, այո, չեմպիոնության շանսերի մասին խոսելը դեռ շատ վաղ է, անկասկած։

– Ամենավերջին հարցը գիտեմ, որ Հունգարիայի լիգայում ունեք հունգարացի խաղացողների սահմանափակում (առաջնության խաղերին մասնակցող առնվազն հինգ ֆուտբոլիստ պետք է հունգարացի լինի, այդ թվում՝ խաղացողներից մեկը պետք է լինի 21 կամ ավելի ցածր տարիքի)։ Այս իրավիճակում որո՞նք են Սևիկյանի՝ ակումբում մնալու շանսերը։

– Դրա մասին խոսելը շատ վաղ է։ Ես չեմ ցանկանում պատասխանել այս հարցին։ Լավ, կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես Ձեզ ասացի, որ մենք մի փուլում ենք, երբ նոր ենք ճանաչում միմյանց, որովհետև մի բան է խաղալ ընկերական խաղերում, մեկ այլ բան՝ պաշտոնականում։ Այնպես որ, երբ պաշտոնական խաղերում ճնշումը կա, այն ոչ միայն շատ ավելի բարձր է, այլև տարբեր է իրավիճակը։ Բայց, կրկնում եմ, բոլորն էլ շանս ունեն։

– Բոլոր խաղացողնե՞րն ունեն շանս ցույց տալու, թե ինչ կարող են տալ այս թիմին։

– Այո, ես փորձում եմ բոլորին հնարավորություն տալ։ Նրանք կարող են ցույց տալ իրենց որակները այստեղ կամ վարձավճարով տեղափոխվել այլ թիմ և վերադառնալ մեզ մոտ որպես ավելի լավ ձևավորված խաղացող։ Այնպես որ, տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։ Մենք դեռ ժամանակ ունենք այդ փոփոխությունների համար, և կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա շաբաթներին։

Հարցազրույցը և լուսանկարները՝ Հարություն ԾԱՏՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31