Օրերս երեւանյան խաչմերուկներից մեկում տեղի ունեցավ խուլիգանություն՝ կապված ճանապարհ չզիջելու հետ։ Շատերն են թերեւս հասցրել դիտել տեսանյութը, թե ինչպես է վարորդներից մեկն իջնում ու քացով հարվածում իրեն ճանապարհ չտված մեքենային։ Հետո էլ ոստիկանությունն է տարածել տեսանյութ, թե ինչպես են «աչքի ընկած» քաղաքացուն տեղափոխում ոստիկանության բաժին։ Դե, արդեն «ավանդական դարձած» նվաստացման եղանակով, այնպես «խոնարհեցրած», կարծես տանում են սերիական մարդասպանի։
Գործնականում շատերը կհամարեն, թերեւս՝ արդարացիորեն, որ հանրայնորեն այդպիսի վարքով աչքի ընկնողների հետ պետք է վարվել այդպես։ Չեմ վիճի, այդ թվում այն պատճառով, որ խաչմերուկում տեղի ունեցածը մի դրվագ է ընդամենը, որն արտացոլում է մի ամբողջ «մշակույթ», որում մենք ապրում ենք։ Եվ այդ «մշակույթի» կրողների հանդեպ խիստ վարվելու պահանջը միանգամայն արդարացի է ու հիմնավոր։
Միեւնույն ժամանակ, եթե լինենք փոքր-ինչ ուշադիր, ապա դժվար է չհամաձայնել, որ մեր քաղաքային առօրյան ըստ էության «նախախուլիգանական» մի ռեժիմ է, երբ ամեն հաջորդ պահի հնարավոր է մի խուլիգանություն։ Սրա խորքային պատճառները շատ են՝ սկսած քրեական ենթամշակույթի լայնարձակությունից՝ մինչեւ հանրությանը սնուցող ագրեսիայի ամենատարբեր խողովակներ։
Այստեղ կասեմ մի բան, որը շատերը կհամարեն անհարկի քաղաքականացում, մինչդեռ սա հենց քաղաքական պատասխանատվության հարց է։ Բայց հարցը տապալվում է այն պարզ իրողությամբ, որ հենց ինքը՝ քաղաքական պատասխանատվություն կրող ուժը, հանրային ուղղակի թե անուղղակի ագրեսիայի սնուցող է։ Այն ուժը, այն միավորը, որը պետք է լինի ագրեսիվ համակեցությունը չեզոքացնողը, դրա ակունքները ցամաքեցնողը՝ բայց ոչ թե քարոզչական տեսանյութերով, այլ՝ քաղաքականությամբ, ըստ էության դարձել է հանրային ագրեսիայի սնուցման կամ ոռոգման մի ամբողջ ավազան։
Կարդացեք նաև
Սակայն, իհարկե, արդարացի չի լինի ասել, թե ամեն ինչ միայն այդտեղից է։ Կան հանրային մարտնչող ագրեսիվության աճի ամենատարբեր պատճառներ՝ ներքին ու արտաքին։ Բայց, երբ այդ պատճառների դեմ պայքարի համակարգային քաղաքականություն վարելու պատասխանատվություն եւ պարտավորություն ունեցող ուժն ինքն է դառնում դրանցից մեկը, ապա իրավիճակը ծանրանում է բազմակի։ Իսկ ագրեսիվությունը հիմա արդեն հասնում է ընդհուպ մանկապարտեզի տարիքի երեխաներին, տարրական դպրոց, եւ ավելորդ է խոսել անգամ միջին ու ավագ դպրոցի մասին։ Երեխաներն առավել խոցելի շերտն են, քանի որ գրեթե բացառապես միջավայրի կրկնօրինակողներ են, ու այդ իմաստով՝ մի կողմից ագրեսիվ միջավայրի զոհ, մյուս կողմից՝ առնվազն ակամա շարունակողը, ժառանգորդը։
Հունգարացի մի հրաշալի հրապարակախոս՝ Բելա Համվաշը, ունի այսպիսի միտք, որ ժողովուրդների համար ամենավտանգավորն անգամ գաղութացումը չէ, այլ՝ վայրենացումը։ Ամենեւին չեմ ուզում հնչել ապոկալիպտիկ, բայց չեմ ուզում նաեւ թաքցնել կարծիքս, որ մենք այդ ամենավտանգավորի ճանապարհին ենք՝ վերջից շատ հեռու՝ հուսամ, բայց ցավոք՝ սկզբից էլ արդեն բավականին հեռացած։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ


















































