Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանի» կրթական մամլիչը

Սեպտեմբեր 19,2026 10:00 Share

Հայաստանի դպրոցներում չի կարող լինել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից դուրս որեւէ բան, հայտարարում է Նիկոլ Փաշինյանն ու շարունակում, թե լինելու դեպքում պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ։ Պետք է ենթադրել, որ աշակերտների շրջանում կխրախուսվի ուսուցիչների հանդեպ «մատնագրության» մշակույթը, որպես «Իրական Հայաստանի» հարատեւության առհավատչյա։ Եթե, օրինակ, ուսուցիչը որեւէ դասի ընթացքում իրեն թույլ տա որեւէ մի բան, որը դուրս կլինի Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» պատկերացումից, ապա աշակերտը երեկոյան դրա մասին կներկայացնի համապատասխան հաղորդագրությունը։ Իսկ գուցե չի էլ սպասի երեկոյին, այլ հենց դասի ընթացքում։

Կամ, դասարաններում կտեղադրվեն տեսաձայնագրող սարքեր՝ յուրօրինակ «ժուչոկներ», որոնք կֆիքսեն, թե ուսուցիչը քանի՞ սանտիմետրով կամ միլիմետրով դուրս եկավ 29 743 քառակուսի կիլոմետրից, կամ մինչեւ զանգը տալը քանի՞ անգամ ուրացավ Ալմա Աթայի հռչակագիրը։

Կհամարեք, որ այդ ամենը աներեւակայելի՞ է։ Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են վերահսկելու հանրակրթական միջավայրում «Իրական Հայաստանի», այսպես կոչված՝ գաղափարախոսության «անձեռնմխելիությունը»։ Եթե դրվում է վերահսկողության եւ պատասխանատվության, պատժի խնդիր՝ իսկ Նիկոլ Փաշինյանը փաստացի ձեւակերպում է այդ խնդիրը շատ հստակ, ապա դրա իրագործումն անհնարին է առանց վերը նշածս «մեխանիզմների» կիրառման։

Ընդ որում, այդ շարքում կարող են նաեւ ներդնել «Իրական Հայաստան» առարկան, որի դասագրքի հեղինակ կարող է լինել հենց Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի «ինադու»։ Ընդ որում, կարող է սահմանվել նաեւ, որ տարեվերջին «Իրական Հայաստանից» քննությունը գերազանց հանձնողները կարող են ազատվել որեւէ այլ առարկայի քննությունից։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել