«Չգիտենք, թե ինչպես պետք է լուծվի հայ-ադրբեջանական սահմանի հարցն այդ հատվածում, այն թունելի միջով է անցնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հայկական երկաթուղուն ու ԹՐԻՓՓ-ի կառուցմանը։
Բանն այնն է, որ Մեղրիում երկաթգծի որոշ մասեր անցնում են թունելային կամ կիսաթունելային հատվածներով։ Եվ հայ-ադրբեջանական սահմանն այդ հատվածում անցնում է ժայռերի վրայով, որոնց ներքևում հենց այն թունելն է, որտեղով ժամանակին անցել է Նախիջևան գնացող երկաթգիծը։
Հիմա, երբ այնտեղ պետք է մեկնարկի ԹՐԻՓՓ-ի կառուցումը և Ադրբեջանի հետ սահմանի զատումը, հարց է առաջանում, թե ինչպես սահմանազատել այդ հատվածը։ Հայկ Գևորգյանը նաև ասում է, թեև տարիներ առաջ քանդված երկաթգծերի ենթակառուցվածքները կան, դրանք բավարար չեն նորը կառուցելու համար՝ տեղ-տեղ պետք է ճանապարհը լայնացվի, ժայռերը պայթեցվեն։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ԹՐԻՓՓ-ի կառուցումից հետո կամ առհասարակ ում համակարգման ներքո պետք է լինեն հայկական երկաթուղիները՝ տնտեսական մեկնաբանն ասում է, պետք է այդ հարցը լուծենք՝ հենվելով ՀՀ շահերի վրա։ «Եթե մեր շահերը պահանջում են, որ ՌԴ-ի հետ պետք է դադարեցվի երկաթգծի կոնցեսիոն պայմանագիրը, ուրեմն պիտի դադարեցվի»,- կարճ պատասխանեց նա։
Կարդացեք նաև
Խոսելով էներգետիկ ոլորտի մասին՝ Հայկ Գևորգյանն ասում է, որ նոր ատոմակայանը չպետք է կառուցի Ռուսաստանը։ Իսկ եթե այդ երկիրը թանկացնի գազը, ապա «Գազպրոմ-Արմենիան» ժամերի ընթացքում պետք է զրկվի մեր երկրի գազամատակարարը լինելու հնարավորությունից, և ամբողջ տնտեսությունն անցնում է Հայաստանին։
Հայկ Գևորգյանը նաև հիշեցնում է, որ ՀՀ և ՌԴ էներգետիկ նպատակները 180 աստիճանով տարբերվում են․ «2017թ․ Պուտինի ստորագրությամբ ընդունվել է ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, որտեղ գրված է, որ աշխարհում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը սպառնալիք է ՌԴ տնտեսությաՆը։ Այսինքն եթե մենք այսօր արևային կայաններ ենք դնում, դա սպառնալիք է ՌԴ տնտեսությանը։ Եթե նայենք, թե որքան արևային կայաններ կային մինչև 2018թ․, և հետո մենք ինչպ արագ զարգացրեցինք, կտեսնենք, թե ինչու մինչև հիմա Հայաստանում արևային էներգետիկան չէր զարգանում»։

















































