Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարող է փոխել ոչ միայն Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի, այլեւ Հարավային Կովկասի ուժերի հարաբերակցությունը։ Հայաստանի համար խնդիրը հատկապես զգայուն է, քանի որ այս երեք երկրներից երկուսը՝ Թուրքիան եւ Պակիստանը, տարիներ շարունակ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ ընդգծված աջակցությամբ, իսկ Անկարան շարունակում է չհաստատել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ։
Պակիստանը երկար ժամանակ Հայաստանի նկատմամբ որդեգրել է առանձնապես ոչ բարենպաստ դիրքորոշում՝ այն մեծապես պայմանավորելով Ադրբեջանի հետ իր ռազմավարական հարաբերություններով։ Եթե Իսլամաբադի ռազմական համագործակցությունը Անկարայի եւ Ռիադի հետ վերածվի ավելի համակարգված տարածաշրջանային ձեւաչափի, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Ադրբեջանին աջակցող առանձին պետությունների շահերը սկսեն ավելի սերտորեն համադրվել։
Այս զարգացումը Հայաստանի համար վտանգավոր է ոչ այնքան այն պատճառով, որ ձեւավորվում է ուղղակիորեն հակահայկական դաշինք, որքան այն պատճառով, որ կարող է աստիճանաբար ստեղծվել քաղաքական միջավայր, որտեղ Ադրբեջանի դիրքորոշումը կստանա ավելի լայն իսլամական աջակցության քաղաքական շրջանակ։
Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի դերը։ Անկարան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է եւ Հարավային Կովկասում հետեւողականորեն առաջ է մղում Բաքվի շահերին համահունչ օրակարգ։ Եթե Թուրքիան միաժամանակ խորացնում է ռազմական եւ քաղաքական համագործակցությունը Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ, ապա Ադրբեջանի համար կարող են առաջանալ իր դիրքորոշումները միջազգային ավելի լայն շրջանակներում ներկայացնելու լրացուցիչ հնարավորություններ։
Կարդացեք նաև
Սակայն Սաուդյան Արաբիայի պարագայում Հայաստանի համար սխալ կլինի իրավիճակը դիտարկել զուտ «հակահայկական դաշինքի» տրամաբանությամբ։ Ռիադը սեփական տարածաշրջանային եւ գլոբալ շահերն ունեցող պետություն է, եւ նրա արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում Թուրքիայի կամ Ադրբեջանի օրակարգով։ Ավելին, Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առկա է զարգացման զգալի ներուժ։
Հետեւաբար Երեւանի ռազմավարությունը պետք է լինի ոչ թե ձեւավորվող համագործակցությանը հակադրվելը, ինչը Հայաստանի համար իրատեսական չէ, այլ այդ երկրների հետ սեփական հարաբերությունների խորացումը։
Առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ հենց Սաուդյան Արաբիայի ուղղությունը։ Եթե Հայաստանը կարողանա զարգացնել քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական կապերը Ռիադի հետ, ապա կկարողանա նվազեցնել այն հավանականությունը, որ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ աստիճանաբար վերածվեն Հայաստանի նկատմամբ միասնական քաղաքական դիրքորոշման։
Նույն տրամաբանությունը պետք է կիրառել նաեւ մյուս արաբական եւ մահմեդական պետությունների նկատմամբ։ Հայաստանի դիվանագիտությունը չպետք է այդ երկրներին ընկալի որպես միասնական «Թուրքիայի եւ Ադրբեջանի ճամբար»։
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































