Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում-բողոքների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտելու համակարգային խնդիրներ. հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թ. առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը

Սեպտեմբեր 08,2026 12:24 Share

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների վերաբերյալ 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը։

Այն ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված աշխատանքների արդյունքները, անձանց կողմից բարձրացված խնդիրները, դրանց լուծման նպատակով ձեռնարկված միջոցները և արձանագրված արդյունքները։

2026 թվականի առաջին կիսամյակում էական աճ է գրանցվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մի շարք ցուցանիշների առումով։

Զգալիորեն աճել է դրական լուծում ստացած դիմում-բողոքների թիվը։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1047։

Հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել և սպասարկել է 9754 հեռախոսազանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3389-ով ավելի է։

Միաժամանակ, եթե 2025 թվականի առաջին կիսամյակում Պաշտպանին հասցեագրվել էր 10279 գրավոր և բանավոր դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 13467-ի։

Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի կարծիքին է ներկայացվել 181 իրավական ակտի նախագիծ, որոնցից 121-ի վերաբերյալ ներկայացվել է 273 նկատառում։

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 127 այց՝ ներառյալ մշտադիտարկման և փաստահավաք աշխատանքները։

Զեկույցում ներկայացված են նաև Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների հիմնական ուղղությունները։ Դրանք վերաբերել են առողջության պահպանման, սոցիալական ապահովության, պատշաճ վարչարարության, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային և կրթության իրավունքներին, ինչպես նաև ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, քննչական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող և մի շարք այլ հարցերի։

2026 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 594 դիմում-բողոք՝ առողջության պահպանման իրավունքի, 445՝ սոցիալական ապահովության, 313՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, 876՝ երեխաների իրավունքների, իսկ 557 դիմում-բողոք՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վերաբերյալ և այլն։

Առանձին ուշադրության կենտրոնում են եղել նաև իրավապահ համակարգերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը։ Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության դեմ ստացվել է 606, քրեակատարողական հիմնարկներին վերաբերող՝ 417, իսկ քննչական մարմինների գործունեությանն առնչվող՝ 210 գրավոր և բանավոր դիմում-բողոք։

Ինչպես նշվեց, բողոքների մի մասը դրական լուծում է ստացել Պաշտպանի միջամտությամբ, ՄԻՊ մանդատին վերաբերելի բողոքների մյուս մասը գտնվում է ուսումնասիրության և քննարկման փուլում։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացված դիմումների և ահազանգերի շրջանակում ուսումնասիրել է ներկայացված խնդիրները, իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում իրականացրել արագ արձագանքման այցեր, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ և կազմակերպել քննարկումներ՝ խնդիրների լուծման նպատակով։

Բազմաթիվ այլ դեպքերում անձանց տրամադրվել է իրավական խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ ինչպես թեժ գծի, այնպես էլ աշխատակազմում իրականացված ընդունելությունների և հաղորդակցության այլ եղանակներով։

Զեկույցը փաստում է, որ անձանց դիմում-բողոքների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտելու ոչ միայն անհատական, այլև համակարգային խնդիրներ և դրանց լուծման նպատակով գործադրելու Մարդու իրավունքների պաշտպանի մանդատով նախատեսված գործիքակազմը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր պրոակտիվ գործունեությունը՝ ապահովելով անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնելով Պաշտպանի աշխատակազմի կարողությունների և կիրառվող կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը։

Զեկույցին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930