Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճին սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկը այն սնուցող գետերն են

Օգոստոս 30,2026 19:37 Share

Այսօր՝ Սևանի օրը, հիշեցում է, թե որքան փխրուն է Հայաստանի ամենամեծ ջրային պաշարը։ Սակայն Սևանա լճին սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկը այն սնուցող գետերն են, որոնցում հայտնված աղբն ու աղտոտիչները գալիս են դեպի լիճ։ Հենց այս խնդրի արձագանքին ուղղված «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) կազմակերպության նոր՝ «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրը։

Ինչու է Սևանը կարևոր

Սևանա լիճն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ՝ բարձրլեռնային քաղցրահամ լճերի շարքում, ունի եզակի բուսական ու կենդանական աշխարհ և բնության անգնահատելի հուշարձաններ։ Այն Հայաստանի խմելու ջրի գլխավոր ռազմավարական պաշարն է։ Սևանի օրվա նպատակը հենց այս կարևորության շուրջ ուշադրություն սևեռելն է՝ իրազեկելով մարդկանց լճի և նրա էկոհամակարգի պահպանման անհրաժեշտության մասին։

Խնդիրը. գետերը, որոնք լիճ են տանում ոչ միայն ջուր

Հայաստանի լեռնային գետերը կենսական նշանակություն ունեն երկրի էկոհամակարգերի, գյուղատնտեսության, տեղական համայնքների և խմելու ջրի պաշարների համար։ Սակայն վերջին տարիներին դրանց աղտոտվածությունն աճում է կենցաղային թափոնների, անօրինական աղբավայրերի, կեղտաջրերի մաքրման համակարգերի բացակայության և թափոնների կառավարման սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով։

Խնդիրը հատկապես կարևոր է Սևանա լճի համար. նրա ջրհավաք ավազանի գետերը լիճ են տեղափոխում ոչ միայն ջուր, այլև դրանցում կուտակված թափոններ ու աղտոտիչներ, որոնք սեզոնային ջրհեղեղների և ձնհալի ընթացքում մեծացնում են լճի վրա էկոլոգիական ճնշումը։ Ամենալուրջ խնդիրներից են գետերի և գետափերի կենցաղային աղբով աղտոտումը, անօրինական աղբավայրերը և գյուղական բնակավայրերում թափոնների կառավարման բավարար ենթակառուցվածքների բացակայությունը։ Միաժամանակ շատ համայնքներում բնակիչները, հատկապես երիտասարդներն ու կանայք, դեռևս սահմանափակ հնարավորություններ ունեն մասնակցելու իրենց բնակավայրի բնապահպանական խնդիրների լուծմանը։

Արձագանքը խնդրին. նոր ծրագիր՝ ուղղված լեռնային գետերի պահպանմանը

Այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով FPAN-ը և GRÜNE LIGA Berlin e.V. կազմակերպությունը իրականացնում են «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի լեռնային գետերի և հատկապես Սևանը սնուցող գետերի շուրջ, ինչպիսիք են՝ Գավառագետը, Մասրիկը, Արգիճին, Հերհերը և Արփայի ջրհավաք ավազանները։ Այս գետերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության, այլև տարածաշրջանի գյուղատնտեսության, կենսաբազմազանության և Հայաստանի ջրային անվտանգության համար։

Իրականացվելիք միջոցառումները կներգրավեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքների բնակիչներին՝ խթանելով տեղական մասնակցությունը, բնապահպանական պատասխանատվությունը և համայնքների կարողությունների զարգացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների և կանանց ներգրավմանը, որպեսզի բնապահպանական նախաձեռնությունները դառնան երկարաժամկետ և համայնքների կողմից շարունակելի։ Ծրագրի գործողություններն ուղղված են ոչ միայն գետերի մաքրմանը, այլև համայնքներում բնապահպանական մշակույթի ձևավորմանը, տեղական համագործակցության զարգացմանը և բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ամրապնդմանը։

FPAN-ի մասին

«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը Հայաստանի տեղական հարթակն է, որն իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր՝ միավորելով բնության պահպանությունն ու համայնքների զարգացումը։ FPAN-ը շարունակում է Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից ավելի քան 15 տարի իրականացված բնապահպանական ծրագրերի փորձը՝ համագործակցելով տեղական համայնքների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը և Հայաստանում գործող ընկերությունների ներգրավումը բնապահպանական նախաձեռնություններում։

Ծրագիրն իրականացվում է FPAN-ի և GRÜNE LIGA Berlin e.V.-ի համատեղ ջանքերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել