Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Ալիևն այնպես է աղտոտում տարածաշրջանը, որ ոչ ոք դա չի կարող անել. Սիլվա Ադամյան

Հոկտեմբեր 04,2026 16:40 Share

«Այսօր Ադրբեջանը գտնվում է էկոլոգիական լուրջ խնդիրների առջև։ Կասպից ծովի ադրբեջանական ամբողջ առափնյա հատվածը լուրջ վնաս է կրել։ Կան հատվածներ, որոնք նավթով ու նավթամթերքով այնքան են աղտոտվել, որ մարդիկ անգամ չեն կարողանում մոտենալ դրանց։ Էլ չեմ խոսում այն մասին, որ վտանգված են նաև հարևան երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը։ Ապշերոնի թերակղզում ևս լուրջ էկոլոգիական խնդիրներ կան՝ կրկին նավթային մթերքների արտանետումների հետևանքով։ Ալիևն այնպես է աղտոտում տարածաշրջանը, որ ոչ ոք դա չի կարող անել»,- այս մասին Aravot.am-ին ասաց  բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական մեղադրանքներին՝ այս անգամ ՀՀ-ին վերաբերող բնապահպանական խնդիրների մասով։

Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանում հանքարդյունաբերության զարգացումը, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, չի հասել անհրաժեշտ մակարդակի։ Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային տարիներին հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրերը գտնվում էին օկուպացված շրջաններում, իսկ հայկական պետությունը շարունակում էր իր օկուպացիոն քաղաքականությունը, այդ թվում՝ ադրբեջանցի ժողովրդի և պետության բնական պաշարների թալանը»։

Ալիևը նաև հայտարարել է, թե իբր «Քելբաջարի, Լաչինի և Զանգելանի շրջաններում հայկական պետության կողմից ոչնչացվել, թալանվել, հատվել և վաճառվել է անտառային ֆոնդի 60 հազար հեկտար տարածք», իսկ արդեն Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո անտառները հրկիզվել են այն ժամանակահատվածում, երբ հայկական զինված ուժերը պետք է լքեին Քելբաջարի և Լաչինի շրջանները:

«Ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչ-որ խնդիրներ ենք առաջացրել Արցախում, ապա այդ խնդիրներն առաջացրել են հենց իրենք՝ իրենց ագրեսիվ գործողություններով։ Նախ՝ իրենք կիրառել են ֆոսֆորային զենք, որի կիրառումը միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է։ Այն կիրառվել է Արցախում և թողել իր հետևանքները։

Աննկարագրելի մեծ վնաս են հասցրել իրենց գործողություններով Արցախի անտառներին, այգիներին, ոչնչացրել են գյուղատնտեսությունը։ Մարդիկ այնտեղ այգիներ և լուրջ գյուղատնտեսական տարածքներ են ունեցել, պահել են ընտանի կենդանիներ, զբաղվել գյուղատնտեսությամբ։ Մշակութային ավերածությունների մասին չեմ էլ խոսում։

Այս հարցը պետք է բարձրաձայնվի։ Իր երկրում էլ նա շահագործում է հանքեր, որոնք լուրջ բացասական հետևանքներ են թողնում հենց Ադրբեջանի վրա։ Վերջերս մի հանքի շահագործման դեմ Ադրբեջանում լուրջ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, և իշխանությունները զենքով ու զորքով են կարողացել լռեցնել մարդկանց, որպեսզի շարունակեն հանքի շահագործումը։

Եթե ինքը խնդիրներ ունի, իսկ ինքը շատ մեծ խնդիրներ ունի՝ սոցիալական, հանրային, բնապահպանական, թող զբաղվի իր երկրի խնդիրներով։ Բացի նրանից, որ աղտոտում է իր երկիրը, նա աղտոտում է նաև հարևան երկրները։ Զարմանում եմ՝ ինչու են նրանք այսօր լռում։

Այդ մեղադրանքներին մենք հակադարձելու ենք, որովհետև այն, ինչ կատարվեց Արցախում, միայն պատերազմ չէր։ Դա մի ամբողջ էթնիկ ժողովրդի տարածքի ոչնչացում էր, որը նա իրականացրեց տարբեր հզոր երկրների լուռ ներկայությամբ»,- հավելեց Սիլվա Ադամյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել