Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նոմենկլատուրան հնից դույզն իսկ առավել չէ

Սեպտեմբեր 30,1995 17:41

Ինչպե՞ս էին դատական պատասխանատվության ենթարկում հանցագործություն կատարած մարդկանց նախկին խորհրդային հասարակության մեջ: Եթե խոսքը շարքային քաղաքացու մասին է, որը կուսապարատի ոչ մի նոմենկլատուրայի մեջ չէր մտնում, ապա այդ գործողությունը շատ հասարակ ընթացք էր ունենում, քրեական գործ էր հարուցվում, հետաքննություն վարվում եւ եթե պետք էր լինում (իսկ մեծամասամբ հենց այդպես էլ լինում էր), մարդուն ձերբակալում էին, դատի տալիս եւ պատժում։ Իսկ դատի տալ որեւէ նախարարի կամ իշխանության վերին օղակների մեկ այլ անձի, շատուշատ բարդ գործ էր։

Ամեն ինչ պայմանավորված էր նոմենկլատուրայով՝ մի բացառիկ երեւույթ, որը ստալինյան տիպի խորհրդային համակարգի ծնունդ է (ի դեպ, այդ բառը հայերեն համարժեքը չունի): Նոմենկլատուրայի մեջ մտնող անձինք անձեռնմխելի արտոնյալ դաս էին ներկայացնում, որոնց նկատմամբ, օրենքի եւ դատարանի առջեւ բոլոր քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունքը, ոչ մի դեպքում կիրառել չէր կարելի։ Անձեռնմխելիության եւ օրենքի առջեւ անհավասարության օրինակները կյանքում բազմաթիվ ու բազմաքանակ էին, որոնք սակայն բոլորն էլ նույն ավարտն էին ունենում, անվանարկված նոմենկլատուրային բոնզին սպասում էր թեկուզ անփառունակ հրաժարական, սակայն լիովին հանգիստ կյանք սեփական հարմարավետ տանը, հնարավոր է նույնիսկ՝ փոքրիկ պարտեզով։

Անպատժելիության սկզբունքը ճշմարիտ ուղուց կարող է շեղել ում ասես, նույնիսկ քրիստոնեական բոլոր պատվիրաններով դաստիարակված ամենաբարոյական մարդուն։ Այդպես եղել է միշտ, այդպես էր խորհրդային ժամանակներում, այդպես է, ցավոք, նաեւ այսօր։ Այդ պատճառով, ցավես-չցավես, բայց այս դեպքում երկերեսանություն կլինի պնդել, թե Ազգային ժողովի բառացիորեն բոլոր պատգամավորները անխտիր բարձր բարոյական անձինք են։ Ուրեմն, հետեւելով սովորական տրամաբանությանը եւ ողջամտությանը, կարելի է համարձակ ենթադրել, թե ինչ-որ ժամանակ եւ ինչ-որ առիթով ժողովրդական ընտրյալներից որեւէ մեկը կգայթակղվի սահմանադրական իր անձեռնմխելիությունից եւ մի արարք կկատարի, որը կհակասի քրեական օրենսդրությանը։

Սույն միտքը ապացուցելու համար միայն հիշեցնեմ, որ Հայոց խորհրդարանի բազմաթիվ հարգելի անդամներ գրավում են տնտեսական ղեկավարման այս կամ այն բազկաթոռը: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։

Բայց հավանաբար ավելորդ չէ խորհրդածել, թե ինչու ՀՀ նոր Սահմանադրության երկու հոդված, ըստ էության, հակասում են միմյանց։ 16-րդ հոդվածը հաստատում է, թե «բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության պաշտպանվում են օրենքով», իսկ 66-րդ հոդվածը՝ որ «առանց Ազգային ժողովի համաձայնության, պատգամավորը չի կարող ձերբակալվել եւ դատական կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել»։

Հակասությունը նախ եւ առաջ այն է, որ եթե պատգամավորին դատական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ, ապա մնացյալ քաղաքացիների հանդեպ խտրականությունը ակնհայտ է: Ավելին, հենց այդ լրացուցիչ պայմաններն են մեր անկախ դատարանը դարձնում խոցելի եւ բոլորովին էլ ոչ անկախ, ինչպես եւ նախկինում։ Այսինքն, ինչպես եւ նախկինում, ոչ թե մշտապես դատարանին է արտոնված արդարադատությունը որոշելը, այլ, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովին։

Զարգացած, քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն դատարանի անկախությունը ապահովելու խնդիր չկա: Այնտեղ դատարանը շատ հարցեր է վճռում անաչառ։ Փարիզում քննարկվում է թոշակառուի հայցը նախկին նախագահ Ժիսկար դը Էստենի նկատմամբ։ Բոննում տուգանք է գանձում կանցլեր Քոլից՝ արագությունը գերազանցելու համար։ Հայաստանում փորձեք կանգնեցնել որեւէ պատգամավոր–պետի սեւ «Վոլգան» (եթե ոչ «Մերսեդեսը») կամ պահանջեք նրանից եկամուտների մասին փաստաթուղթ: Լավ բան դուրս չի գա:

Ահա եւ պատկերացրեք այն իրավիճակը, երբ պատգամավոր-հանցագործին իր իսկական տեղը դատարանը կարող է ցույց տալ միայն լրացուցիչ պայմանների իրագործումից՝ Ազգային ժողովի համաձայնություն տալուց հետո։ Իսկ թե ինչպե՞ս պետք է իրագործվեն այդ լրացուցիչ պայմանները, նույնիսկ հարց չէ, այլ մեե՜ծ խնդիր։

Կարեն  ԶԱԽԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930