Լրահոս
Օրվա լրահոսը

13-Ն ԷԼ ԵՆ ՆՇՈՒՄ

Մայիս 28,2004 00:00

«Սերենադ» կամերային նվագախումբը մայիսի 30-ին Կամերային երաժշտության տանը կնշի իր հիմնադրման 13-ամյակը։

1991-ին դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երեւանի պետկոնսերվատորիայի եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի մի խումբ երաժիշտների համախմբելով, նորաստեղծ նվագախմբի հետ արդեն 1992-ից համերգներով պարբերաբար ելույթներ են ունենում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում եւ այլուր, մասնակցելով նաեւ միջազգային փառատոների։ Այս տարիներին նվագախմբի հետ հանդես են եկել Սթիվեն Իսերլիսը, Թիբոր Վարգան, Քիմ Քաշքաշյանը, Ռոլանդ Դայենսը եւ այլք։ Թողարկվել է 6 CD՝ Վիվալդիի, Շուբերտի, Մալերի, Շյոնբերգի, Միրզոյանի երկերի ձայնագրությամբ։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Ասում են 13-ը ձախողակ թիվ է, իսկ դուք շուքով եք նշում նվագախմբի այդ տարեդարձը», Է. Թոփչյանը հակադարձեց. «13-ի ձախողակ լինելը դարերից եկած է։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր տարիք իր հմայքն ունի, անսամբլի համար էլ՝ իր պատմությունը»։ Մեր այն փաստարկին, թե «13 տարիների ընթացքում «Սերենադը» ավելի շատ ելույթներ է ունեցել արտասահմանում, քան Հայաստանում», Է. Թոփչյանը համաձայնեց. «Այո, եղել է տարի, երբ դրսում մենք 80-100 համերգ ենք ունեցել, իսկ Հայաստանում՝ 2-3։ 13-րդ տարելիցից հետո «Սերենադը» կփոխի իր «քաղաքականությունը»՝ ավելի շատ հանդես կգանք Հայաստանում»։

Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել