Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ «ՄԱՅՐ ԿԱՎԱՏԻՆ»

Սեպտեմբեր 29,2004 00:00

2003 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը Մարիետա Ղազախեթյանի դիմումի հիման վրա հարուցեց քրեական գործ:

Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ 2001թ. Արմենուհի Սիմոնյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) խաբեությամբ սեռական շահագործման է ենթարկել Մարիետա Ղազախեթյանին:

2002թ. գալով Հայաստան՝ Արմենուհին կեղծ ամուսնություն է ձեւակերպել իր բարեկամերից մեկի հետ եւ ազգանունը դարձրել Սիմոնյան-Սահրատյան:

Սեղադրական եզրակացության համաձայն՝ «1999-2003 թթ. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Արմենուհի Սիմոնյան-Սահրատյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում հավաքագրել է մի խումբ կանանց եւ կավատ Ամալյա Մնացականյանի (մականունը՝ Նանո) հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով նրանց տեղափոխել է Արաբական Միացյալ Էմիրություններ»: Ամալյա Մնացականյանը 2002թ. սեպտեմբերից հետախուզման մեջ է՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործով: 2003թ. այս երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ հավաքագրված կանայք սեռական շահագործման են ենթարկվել նույն անձի՝ Ամալյա Մնացականյանի կողմից:

2004թ. հունիսի 2-ից օգոստոսի 25-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ վերոհիշյալ գործի դատաքննությունը:

Դատական նիստերին 40 վկաներից մասնակցել են 11-ը: Դատախազ Արամ Ամիրզադյանի ասելով. «Հարցաքննվել են կեսից շատ վկաներ եւ հետազոտվել են գործում եղած ապացույցները»:

Գրեթե 2 տարի տեւած նախաքննությամբ պարզվել է, որ Ամալյա Մնացականյանին այս գործում օժանդակել են Արտակ Սիմոնյանը (Արմենուհի Սիմոնյանի եղբայրը), եղբայրներ Աշոտ ու Հրանտ Նաջարյանները եւ Արուսյակ Գեւորգյանը: Ամբաստանյալը նախկինում դատված Ամալյա Մնացականյանն է՝ Նանոն: Նրան իրավապահները համարում են «մայր կավատ»: 40-ամյա Ամալյա Մնացականյանը բնակվել է Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում:

2000թ. օգոստոսի 16-ին կավատությամբ զբաղվելու համար դատապարտվել է պայմանական ազատազրկման: Նշանակված 2 տարի տեւողությամբ փորձաշրջանի ընթացքում եւ դրանից հետո էլ շարունակել է զբաղվել կավատությամբ: Իրավապահները պարզել են նաեւ, որ այդ ընթացքում Նանոն «կեղծել եւ իրացրել է պաշտոնական փաստաթղթեր, անձանց դրդել եւ օժանդակել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն»:

2004թ. մարտի 10-ին ԱՄԷ իրավապահների հետ համատեղ իրականացրած գործողությամբ ձերբակալված Ամալյա Մնացականյանը տեղափոխվեց Հայաստան:

Նանոյի զոհերից մեկը՝ վկա Մարինե Վարդանյանը, պատմել է. «Ինձ ու իմ նմաններին անասելի ձեւով տանջում էին: Ինչ այլասերություն ասես, որ չէին ստիպում անել: Ու էդ ամենը գլխավորում էր Նանոն, նա էր մեր բոսը: Ոչ մեկին չէր խղճում, նույնիսկ հիվանդ ժամանակ ստիպում էր հաճախորդներ ընդունել, որ փողերը վերցնի: Նրա նմաններին ուղղակի պետք է ոչնչացնել»:

Վկա Մարիետա Ղազախեթյանը վստահ է, որ հանցագործներն անպատիժ կմնան. «Այս կանայք մարդ կոչվելու իրավունք չունեն: Նրանք ոչ մի սրբություն չունեն: Մեզ որպես ապրանք օգտագործեցին, վաճառեցին մուսուլմաններին ու հազարավոր դոլարներ աշխատեցին: Հիմա էլ, իբր թե, պատասխանատվությա՞ն են ենթարկվում: Նրանք, ինչպես միշտ, փող կտան ու կազատվեն»:

2000-2003թթ. մի քանի ամսվա ընթացքում Ա. Մնացականյանը հավաքագրել է 40-ից ավելի կանանց եւ ուղարկել Էմիրություններ: Ըստ գործի նյութերի՝ այդ ընթացքում նա աշխատել է 221.000 ԱՄՆ դոլար:

Ամբաստանյալներ Աշոտ եւ Հրանտ Նաջարյանները նույնպես մեղադրվում են կավատությանն օժանդակելու մեջ: Նրանք աջակցել են գլխավոր մեղադրյալ Նանոյին՝ հայ կանանց Էմիրություններ տեղափոխելու համար:

Մեկ այլ վկա՝ Մարինե Վարդանյանը, դատարանում չկարողացավ զսպել վրդովմունքը. «Տարան Էմիրություններ, անձնագիրս վերցրին ձեռքիցս ու ստիպեցին ինչ ասես անել: 21 օր եմ մնացել Դուբայում ու ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Իսկ ինչ էլ աշխատեի, պիտի տայի Նանոյին: Բայց ես չկարողացա հարմարվել: Ընկա ոստիկանություն, հետո էլ արտաքսվեցի: Եկա Հայաստան սարսափելի վիճակում: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամ եմ»:

Դատարանում վկայություն տվեց նաեւ Վանաձորի ոստիկանության աշխատակից, ջոկի հրամանատար Արայիկ Ոսկանյանը: Նա փաստեց, որ ավագ լեյտենանտ Գագիկ Գեւորգյանի ու Արտակ Սիմոնյանի խնդրանքով 3 կանանց տեղափոխել է Գյումրիի օդանավակայան: «Բայց ես ոչնչի մասին տեղյակ չեմ եղել: Միայն հարցաքննության ժամանակ եմ իմացել, որ այդ աղջիկներին ուղարկում էին Դուբայ՝ մարմնավաճառության»,- նշեց նա:

Դատարանում Ամալյա Մնացականյանը, Արուսյակ Գեւորգյանը, Արտակ Սիմոնյանը եւ Աշոտ Նաջարյանը հրաժարվեցին ցուցմունք տալ: Բայց նշեցին, որ իրենց մեղավոր ճանաչում են: Արուսյակը միայն զղջում էր, որ անուն է հանել, բայց չնչին գումար է աշխատել:

2004թ. օգոստոսի 25-ին դատաքննությունն ավարտվեց եւ կայացվեց դատավճիռը. Ամալյա Մնացականյանը դատապարտվեց երկու տարի, Աշոտ Նաջարյանը՝ մեկ տարի, Արտակ Սիմոնյանը՝ 10 ամիս ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալներ Արուսյակ Գեւորգյանի ու Հրանտ Նաջարյանի նկատմամբ կիրառվեց պայմանական ազատազրկումը: Ա. Գեւորգյանը կանցնի 2 տարվա, իսկ Հ. Նաջարյանը՝ 1 տարվա փորձաշրջան:

ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել