Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՌԱՆԸ ԽԱԼԱԹ ՉԵՄ ՀԱԳՆՈՒՄ»

Սեպտեմբեր 30,2004 00:00

«ԱՄՌԱՆԸ ԽԱԼԱԹ ՉԵՄ ՀԱԳՆՈՒՄ» Շուրջ երկու ամիս առաջ թերթերից մեկը զետեղել էր ականատեսի պատմածը «Կոնգրես» հյուրանոցի լողավազանում տեղի ունեցածի մասին: Այնտեղ էին ներխուժել մի խումբ զինված երիտասարդներ, սկսել ստուգել լողավազանի անկյունները, նայել նստարանների տակ, որից հետո շարվել էին մուտքի մոտ եւ դիմավորել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդրին. «Վերջինս` խալաթը հագին, չստերով մոտենում է լողավազանին: Թիկնապահներից երկուսը մոտենում եւ նրա վրայից հանում են խալաթը: Որից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը նետվում է լողավազան»: Նրա լողին զուգահեռ՝ լողավազանի կողքով քայլել է մի թիկնապահ՝ ձեռքին Ալեքսանդր Սարգսյանի չստերը, որպեսզի «որ ծայրում էլ շեֆը դուրս գա, անմիջապես ոտքերի առջեւ դնի դրանք»: Ու հենց նա դուրս էր եկել լողավազանից՝ թիկնապահն անմիջապես, շատ զգույշ ոտքերի առջեւ էր դրել չստիկները: Ըստ հրապարակման՝ այս տեսարանին ականատես տասնյակ քաղաքացիների մեջ է եղել նաեւ 50-55 տարեկան մի իտալուհի, որը տեղացիներից իմանալով, որ սա ՊՆ նախարարի եղբայրն է, զարմացել է՝ նշելով, թե ինքը կարծել է, որ այդ պարոնը արաբական ինչ-որ շեյխ է: Իտալուհին նաեւ ասել է, թե անպայման բողոքելու է հյուրանոցի ղեկավարությանը, քանզի այդ պարոնը փչացրել է իր հանգիստը՝ զինված անձանց ներկայությունը մարդկանց ահաբեկելու ձեւ է: Եվ իրոք՝ բողոքել է «Կոնգրեսի» տնօրինությանը: Սակայն հյուրանոցի ղեկավարները իտալուհուն բավական քաղաքավարի պատասխանել են, թե ինքը Հայաստանից գնացող է, իսկ Սերժի եղբայրը՝ մնացող: Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից: «Շատ լկտի ձեւով ինձ վարկաբեկել են,- պատասխանեց նա:- Առաջինը՝ ես երբեւիցե ամառվա շոգին խալաթ չեմ հագնում: Երկրորդը՝ «Կոնգրես» հյուրանոցի լողավազանը սարքված է, որ բոլորը օգտվեն՝ ինչպես նաեւ ես, լինելով ԱԺ պատգամավոր»: Մեր հարցին՝ իրոք լողանո՞ւմ է թիկնապահներով, պրն Սարգսյանը պատասխանեց. «Թիկնապահներ չունեմ: Իմ աներձագն է միշտ ինձ հետ լինում: Բայց նա իրեն միշտ չեզոք է պահում, երբ ես լողավազանում եմ: Կյանքում երբեւիցե թույլ չեմ տվել նման տեսարան ու թույլ չեմ տա: Նման բան չի եղել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել