Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ կամավոր-պարտադի՞ր

Հուլիս 30,2005 00:00

Սեւանի հիվանդանոցի մի խումբ աշխատակիցներ «Առավոտին» հայտնել էին, որ իբրեւ հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին օգնություն, պահվել է իրենց մայիս ամսվա աշխատավարձը: Այս առիթով Սեւանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարուժան Մանուկյանը պարզաբանեց. «Սեւանի հիվանդանոցը ԱՄՆ տնտեսական փոխօգնության գրասենյակի հետ համատեղ անցկացնում է ջեռուցման ծրագիր, որի իրականացումը շահել է «Թերմոսերվիսը»:

Ծրագրում նախատեսված է կաթսայատան կառուցումը, ջեռուցման նոր գծերի անցկացումը, նոր մարտկոցների տեղադրումը, պատուհանների հերմետիկացումը եւ նորոգումը: Նախատեսված 87000 դոլարից 26 հազարը (30%-ը), ըստ ծրագրի, պետք է վճարի Սեւանի հիվանդանոցը: Ջեռուցման ապահովումը շատ կարեւոր է, քանի որ մեզ մոտ անտանելի ցուրտ է եւ ինչքան էլ տաքացվում է, միեւնույն է, հին լուսամուտներից ջերմությունը կորչում էր եւ հիվանդները միշտ դժգոհ էին: Բոլորը գիտեն, որ հիվանդանոցը կիսաքանդ վիճակում էր եւ այժմ փորձում ենք ինչ-որ բան անել: Քանի որ մենք գումար չունենք, եկանք շատ կարեւոր փոխհամաձայնության՝ կաթսայատան տարածքը եւ մարտկոցները մենք ենք տրամադրում, կատարում ենք նաեւ ապամոնտաժման աշխատանքները: Ընդհանուր գումարը կազմեց $6000, որը հաշվվեց որպես ներդրում հիվանդանոցի կողմից: Մնացած $20000-ը հայթայթելու համար, Սեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունիսի 27-28-ը կազմակերպվեց հեռուստամարաթոն, որի ընթացքում համայնքը առայժմ հավաքել է 353000 դրամ եւ մոտ 5 հազար դոլար: Մարաթոնը շարունակվում է եւ կան որոշակի խոստումներ: Մեր հիվանդանոցի կոլեկտիվը միացյալ որոշումով մարաթոնին տրամադրեց իր աշխատավարձը: Սա է ամբողջ պատմությունը: Ցավոք, մեր ժողովուրդը սիրում է խոսել: Նույնիսկ ասում էին, թե մարաթոնի գումարներով ենք գնացել Ֆրանսիա»: Եթե կամավոր են տրամադրել, այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում: Միգուցե նվիրատվությունը եղել է կամավոր-պարտադիր հիմունքներո՞վ:

Սեւանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը եւ Սեւանի քաղաքապետը փոխադարձ այցելությամբ մեկնել էին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաք: 2004-ին Գրենոբլից Գեղարքունիքի մարզ ժամանած պատվիրակությունը շատ հավանել էր Սեւան քաղաքը եւ այժմ նրանք համարվում են քույր-քաղաքներ: Որոշակի ծրագրեր իրականացնելու քայլեր են արվում: Այս տարի Սեւան է եկել Գրենոբլի հիվանդանոցի գլխավոր տնօրենը եւ տուրիզմի բաժնի պետը, նախատեսվում է համագործակցություն տուրիզմի, առողջապահության եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման ոլորտներում: Եթե իրականանան բոլոր խոստումները, ըստ Վարուժան Մանուկյանի, իրենք կստանան մոտ 200 հազար դոլարի արժեքավոր սարքավորումներ, կփոխանակեն մասնագետներ:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել