Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ՏԱՐԻ՝ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվար 31,2007 00:00

\"\"Հայաստանի ծանրորդները, ովքեր մրցաշրջան 2006-ում նվաճեցին միջազգային ասպարեզներում հանրապետության մարզիկների նվաճած մեդալների կեսից ավելին, սկսել են նախապատրաստվել այս տարվա մեկնարկներին:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն Աբովյան քաղաքում անցկացված առաջին ուսումնամարզական հավաքին հրավիրել էր 19 ծանրորդների, որոնցից 7-ը երիտասարդներ էին, ովքեր արդեն բավականին լուրջ հաղթանակներ են տարել: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Ա. Մխիթարյանն ասաց. «2007 թվականը մեր մարզաձեւի համար վճռորոշ է, որովհետեւ այս տարի է որոշվելու, թե ամառային օլիմպիական խաղերի քանի ուղեգիր կունենանք: Ինչպես գիտեք, մեր հավաքականն աշխարհի վերջին առաջնությանը մասնակցեց ոչ լրիվ կազմով, սակայն վեց ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց: Հիմա կարգն այսպիսին է. թե որ երկիրը քանի՞ ներկայացուցիչ կունենա Պեկինում՝ որոշվելու է անցած ու այս տարի կայանալիք աշխարհի առաջնություններում վաստակած միավորների միջին թվաբանականով: Եվ քանի որ մենք մեր առջեւ շատ լուրջ խնդիրներ ենք դրել, ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ որոշել ենք 200-250 օր ուսումնամարզական հավաքներ կազմակերպել, որպեսզի մեր լավագույն ծանրորդները հնարավորինս երկար ժամանակ լինեն հավաքականի մարզիչների հսկողության ներքո ու մարզվեն մշակված ծրագրով: Սա է հաջողության հասնելու միակ ճիշտ ճանապարհը:

Առաջին հավաքը նվիրել էինք ընդհանուր ֆիզպատրաստվածության բարձրացմանը, ֆունկցիոնալ ունակությունների վերականգնմանը: Ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվեց, թեեւ մեր որոշ առաջատար մարզիկներ սկսնակի տպավորություն էին թողնում: Հստակ երեւում էր, որ տանը չէին մարզվել: Դա նրանց անձնական մարզիչների կոպիտ սխալն է: Երեւում էր, որ նրանք մատների արանքով են նայել իրենց պարտականությունների կատարմանը: Ծանրամարտում մարզումային ցիկլից կտրվել չի կարելի: Կան նախամրցումային, մրցումային եւ հետմրցումային շրջան հասկացություններ, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ու մարզումային մեթոդներն ունի: Մարզիկը պետք է հետմրցումային շրջանում որոշակի մարզավիճակ պահպանի, որպեսզի հետագայում կարողանա աստիճանաբար արդյունքները բարձրացնել, իր լավագույն ցուցանիշների աճ արձանագրել: Հակառակ դեպքում՝ հավաքականի մարզիչների համար տարվա ընթացքում այդպիսիներին իրենց նախկին լավագույն մարզավիճակին հասցնելու՝ այլեւս ժամանակ չի մնում:

Ինչեւէ, մեր առաջին պաշտոնական մրցումը գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին, ինչպես նաեւ աշխարհի երիտասարդական ու մեծահասակների առաջնությանը, պլանավորել ենք մասնակցել ամբողջական կազմերով: Եվրոպայի առաջնությունում մտադիր ենք ցույց տալ, թե Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում: Բայց նաեւ մեր իրական կարողությունները չենք բացահայտի: Մի բան էլ. հավաքականի թեկնածու բոլոր ծանրորդների առջեւ մի պայման ենք դրել՝ մասնակցել Հայաստանի առաջնությանը: Այլապես, անհարգելի պատճառով բացակայողները, հնարավոր է, չընդգրկվեն հավաքական՝ անկախ իրենց տիտղոսներից:

Ինչ վերաբերում է դոպինգին, դրա դեմ պայքարը շարունակվում է: Արգելված խթանիչների օգտագործումը պետք է բացառվի: Մարզիկներն ու նրանց մարզիչները դա լավ գիտեն: Պաշտոնական մրցման մեկնելուց 10-15 օր առաջ բոլորը պարտադիր համապատասխան դոպինգ-ստուգում են անցնում ու օդանավ մտնում են միայն «մաքուրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել