Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրենին պահպանողները խրախուսվեցին

Փետրվար 28,2007 00:00

Նրանցից ոմանք փաստեցին, որ իրենց ուսանողները մեկ էջանոց գրավորում հայերենից 60-80 սխալ են թույլ տալիս:

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայոց լեզվի պահպանման, զարգացման եւ տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար՝ Մայրենիի օրվա առիթով ՀՀ գիտության եւ կրթության նախարարության պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ մտավորականների: Նրանց թվում էին նախարարի կուսակից, ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը, ԵՊՀ պրոֆեսորներ Հովհաննես Բարսեղյանը, Սերգեյ Գալստյանը, Լեւոն Եզեկյանը, «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը եւ ուրիշներ:

Նախարարը փաստեց, որ «հատկապես մտավորական շրջանակներում մեծ անհանգստություն կա մեր լեզվի որակից»: Նա նաեւ խոստացավ առաջիկայում ավելի լրջորեն զբաղվել լեզվաքաղաքականության հարցերով, իսկ այդ քաղաքականությունը քարոզողների, լեզվի անաղարտության համար ջանք ու եռանդ ներդրած մտավորականների նախաձեռնություններին պետական ուղղվածություն տալ:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը ոչ միայն քննադատեց եթերում մայրենին աղավաղող հաղորդավարներին, այլեւ անդրադարձավ բուհերում գրականության ժամերի ավելացմանը՝ հայոց լեզվի ժամաքանակի հաշվին: Պրն Եզեկյանը խոսեց նաեւ համալսարանի երկրաբանական եւ աշխարհագրական ֆակուլտետների ուսանողների խայտառակ հայերենի մասին. «Լավ կլիներ, որ դպրոցի շրջանավարտը բուհ գար ավելի գրագետ, թե չէ՝ ողբալի վիճակում են հատկապես նրանք, ովքեր հայերենի քննությունը հանձնում են դպրոցներում: Օրինակ՝ համալսարանի աշխարհագրական եւ երկրաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները 60-80 սխալ են թույլ տալիս մեկ էջի սահմաններում: Պատրաստ եմ այդ կարգի գրավորները ցույց տալ բոլորիդ»:

Անվանի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը մինչ իրեն շնորհված պատվոգիրը ստանալը՝ հարցրեց Լ. Մկրտչյանին. «Ես ամբողջ գիշեր մտածել եմ՝ իրավունք ունե՞մ այս պատվոգիրը ստանալ»: «Միանշանակ՝ այո՛»,- ասաց նախարարը: «Իսկ ես գտնում եմ, որ՝ ոչ: Որովհետեւ ես մի շարք պաշտոններ եմ զբաղեցնում, որոնց գործունեությունը ձախողված է, չկան կանոններ, օրենքներ, մայրենին ամեն քայլափոխի աղավաղվում է, բոլոր դասագրքերը հանել եք: Իսկ մի հարգարժան Բարսեղյան (նկատի ունի ՀՀ ԿԳ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանին- Գ. Հ) որոշել է հարցաշարերով հայերենի քննությունները անցկացնել: Այդ հարցաշարերը կամ հանելուկ են, որ անգամ ես չեմ կարողանում որոշել, կամ 3-րդ, 4-րդ դասարանի երեխայի հորինած են: Մինչ այստեղ գալս՝ տիկինս խորհուրդ էր տվել ավել-պակաս չխոսել, բայց ինչպե՞ս չխոսեմ, երբ տեսնում եմ, որ հաճախ հայերենի մասին բանավիճող մարդիկ գրական հայերեն խոսել չգիտեն»,- նեղսրտեց Հովհ. Բարսեղյանը:

Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, մտավախություն չունի՞, որ այս միջոցառումը՝ մտավորականներին պատվոգրեր շնորհելը, կընկալվի իբրեւ ակցիա՝ նախընտրական քարոզչության շրջանակներում: «Ուրեմն պիտի մինչեւ մայիս փակենք նախարարությունը, որովհետեւ իմ ցանկացած քայլ էլ կարելի է այդպես գնահատել: Մյուս կողմից էլ՝ արդարացի չէր լինի, եթե նախարարությունը մի քանի մտավորականների վաստակը գոնե այսկերպ չխրախուսեր»,- պատասխանեց ԿԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել